Այսօր աշխարհը պայքարում է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման դեմ:
Ավելի քան 2 տասնամյակ է ` հունիսի 26-ին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են քարոզարշավներ , որոնք ուղղված են ապօրինի թմրամիջոցների պատճառած վնասների վերաբերյալ հանրային` հատկապես երիտասարդների իրազեկության բարձրացմանը և թմրամիջոցների սպառնացող հետևանքների մասին բարձրաձայնելուն :
Թմրամոլության տարածվածության առումով աշխարհում առաջնային դիրքում են  Չինաստանը, Միացյան նահանգները և Ռուսաստանը: Ըստ վիճակագրական տվյալների` վերջին 20 տարիների ընթացքում մոտ ութ անգամ աճել է թմրադեղեր և հոգեմետ միջոցներ օգտագործող կանանց թիվը : 
 
-Դեռևս հնագույն ժամանակներից մարդիկ թմրամիջոցներ են օգտագործել և մինչ օրս օգտագործման պատճառը նույնն է՝ հաճույք ստանալու ակնկալիքը: Սակայն շուտով հուսախաբվում և ընկնում են կախյալության մեջ: Տարիքային խումբ կարող եմ առանձնացնել՝ 30-45 տարեկան: Հայաստանում հաշվառված  թմրամոլ կանանց թիվը 57 է՝ բոլորն էլ երևանաբնակ: Կարող եմ ասել, որ թմրամոլությունը կապված չէ նաև անձի սոցիալական խավի և դիրքի հետ, - ասում է ՀՀ ԱՆ գլխավոր թմրաբան Պետրոս Սեմերջյանը:

 

 
Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության կոպիտ խանգարման և սոցիալական անկման (դեգրադացիա)։ Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է և առաջանում Է աստիճանաբար։ Պատճառը թմրանյութերի հարբեցնող հատկությունն է, որն ուղեկցվում Է հոգեկան ու ֆիզիկական լրիվ հարմարավետության և երջանկության զգացումով:
 
 
Այսօր մեր երկրում թմրամոլության մակարդակի վերաբերյալ վիճակագրություն է ներկայացնում ՀՀ ԱՆ գլխավոր թմրաբան Պետրոս Սեմերջյանը.
 
- 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է եղել 4428 թմրամոլ, այժմ նկատվում է որոշակի աճ: Առողջապահության համակարգ դիմածների թիվը սկսեց ավելանալ երկու պատճառով՝ առաջինը, որ մատուցվող բժշկական ծառայությունների որակը բարելավվեց և երկրորդ, որ թմրամիջոցների օգտագործումը ապաքրեականացվեց:
Այս պահին դիսպանսեր հսկողության մեջ կա 5022 հոգի: Սակայն այս փաստը չի նշանակում, որ մարդն ամեն օր պետք է լինի հիվանդանոցում: Այս պահին 6 հոգի բուժվում է ստացիոնար պայմաններում, 2 հոգի՝ ամբուլատոր պայմաններում և 226 հոգի բուժվում է ամբուլատոր պայմաններում՝ մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում:
 
 Ի վերջո, ավելացե՞լ է արդյոք թմրամիջոցներ օգտագործողների թիվը մեր երկրում:
 
 -Ցավոք պիտի ասեմ, որ այո: Ինչ վերաբերում է հետազոտությանը, որն ացկացվել է միջազգային և հայաստանյան փորձագետների կողմից, թմրամիջոցներ օգտագործողների թիվը  կազմում է մոտ 30000 մարդ, որոնցից 12700-ը ներերակային տարբերակով:
 
Արդյունավե՞տ է արդյոք նարկոկախվածության բուժումը: Մարդիկ որքան հաճախ են վերադառնում վատ սովորությանը:
 
 -Մեծամասնությունն ունի խրոնիկ բնույթի հիվանդություն: Բուժում ասելով հասկանում ենք թմրամոլին ազատել կախվածության համախտանիշից: Իրականացվում են նաև հավելյալ  ծառայություններ՝ հոգեբանական և սոցիալական: Թմրամիջոցների հետագա օգտագործումն առավել պայմանավորված է սոցիալական գործոնով: Ըստ վիճակագրության՝ բուժում ստացող  մարդկանց 80 տոկոսը առողջանում է : 
 
 Առավել հաճախ մարդը կամովի՞ է դիմում բուժում ստանալու համար, թե պարտադրաբար՝ ոստիկանության միջոցով:
 
-Հայաստանում բուժումն իրականացվում է մի քանի եղանակներով՝ կամովի, դատարանի որոշմամբ և երրորդ խմբում ոստիկանության կողմից բերման ենթարկված անձինքն են:
 
 
Առողջապահության նախարարությունը կոչ է անում հաստատուն կամք արտահայտել թմրամիջոցների օգտագործման, դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում, միաժամանակ վստահեցնում է , որ կշարունակի առավել հաստատակամությամբ զբաղվել թմրամոլության կանխարգելման, թմրամոլությամբ հիվանդ մարդկանց հասանելի և որակյալ բժշկական ծառայություններ տրամադրելու և թմրամոլության հասցրած վնասները նվազեցնելու գործում:
 
 
 Նյութը՝  Ամալյա Գրիգորյանի
 Աղբյուրը՝ Doctors.am