Ընտանիքում շատ դեպքերում դաստիարակչական ազդեցությունները չեն տալիս ցանկալի արդյունք, և որոշ դեպքերում ծնողների՝ իրենց կարծիքով ճիշտ դաստիարակությունը բոլորովին այլ, անսպասելի արդյունքի է հանգեցնում: Սա, բնականաբար, ունի իր պատճառները: Ընտանիքում սխալ դաստիարակության պատճառները կարող են կապված լինել հետևյալ խնդիրների հետ.

Ծնողական զգացմունքների ոլորտի ընդարձակում: Սա կարող է կապված լինել ծնողներից մեկի բացակայության հետ, երբ այն բոլոր զգացմունքներն ու էմոցիաները, որոնք նախատեսված էին բացակայող ամուսնու համար, ուղղվում են երեխային: Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա դրական երևույթ է, երեխան այս պարագայում առավել սիրված ու գնահատված կարող է լինել, սակայն դա այդպես չէ, ուստի այս պարագայում ի հայտ է գալիս ամեն կերպ երեխային պաշտպանելու ձգտում, և երեխային զրկում են առավել ազատ, ինքնուրույն կյանք վարելու հնարավորությունից:

Դեռահասի մեջ մանկական որակների նախապատվությունը: Շատ դեպքերում, երբ ծնողները տեսնում են, որ իրենց երեխան մեծանում է, վախենում են նրանից հեռանալուց, որի արդյունքում նրանք ամեն կերպ երեխաների մեջ սերմանում են մանկական որակներ, որն էլ հատկապես դեռահասության տարիքում կարող է հանգեցնել ծնող-երեխա հարաբերությունների խաթարմանը, քանի որ դեռահասները ավելի շատ ձգտում են մեծահասակին բնորոշ որակներ ձեռք բերել ու համապատասխան գործունեություն ծավալել:

Ծնողների դաստիարակչական անվստահությունը: Շատ ծնողներ, հատկապես առաջին երեխայի ժամանակ, հիմնականում շատ անվստահ են լինում՝ վախենալով սխալ դաստիարակել իրենց երեխային, որի արդյունքում անվճռականություն են ցուցաբերում, և ի հայտ են գալիս մի շարք բացթողումներ, և երբ երեխան արդեն սկսում է զգալ ծնողի անվստահությունը դաստիարակության գործում, սկսում է մանիպուլյացիայի ենթարկել սեփական ծնողին, որն էլ, բնականաբար, հիմք է ստեղծում համապատասխան բացասական վարքագծի ձևավորմանը:

Երեխային կորցնելու ֆոբիա: Ծնողները հաճախ գտնվում են վախի, սարսափի մեջէ մտածելով, թե կկորցնեն իրենց երեխաներին, որը մեծ մասամբ կարող է պայմանավորված լինել երեխաների որոշ խրոնիկ հիվանդությունների, հաճախակի հիվանդանալու, սնոտիապաշտության (երազներ, աչք և այլն) հետ, որի արդյունքում երեխաներին թույլ են տալիս նույնիսկ անթույլատրելին, միայն թե երեխան իրեն լավ զգա, որը երեխայի մոտ հանգեցնում է եսասիրության, կամակորության և այլ բացասական որակների ձևավորմանը:

Սեփական ոչ ցանկալի որակների պրոյեկտումը երեխայի վրա: Այս դեպքում ծնողները երեխային շատ խիստ են վերաբերվում: Սրա պատճառն այն է, որ ծնողները երեխաների մեջ տեսնում են այնպիսի որակների առկայություն, որոնք կան իրենց մեջ, բայց դա իրենք ամեն կերպ քողարկում են ու վախենում են երեխայի մեջ դրանց առկայությունից:

Դաստիարակության ոլորտում ամուսինների միջև կոնֆլիկտների առկայություն: Այս դեպքում ծնողները երեխայի դաստիարակության հարցում չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, երեխայի դաստիարակությունը անընդհատ բախումների առիթ է հանդիսանում, որի արդյունքում էլ կարելի է ասել՝ երեխան չի դաստիարակվում, ուստի չի կողմնորոշվում, թե ծնողներից որն է ճիշտ, և մնում է բարձիթողի վիճակում: Սրանք սխալ դաստիարակության պատճառների մի մասն են միայն, և եթե յուրաքանչյուր ծնող ինքն անձամբ թեկուզ մեկ անգամ խորությամբ մտածի իր սեփական դաստիարակչական ներգործությունների մասին, վերլուծի, կշռադատի սեփական քայլերը, ապա անպայման կգտնի այն պատճառը, այն սկզբնաղբյուրը, որը հանգեցրել է սեփական երեխայի սխալ դաստիարակությանը և վարքի շեղումներին:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am