Ամերիկյան Հոգեբուժության ամսագրում հրատարակված հետազոտության համաձայն` հիվանդությունը, որը գիտենք որպես շիզոֆրենիա, իրականում կարող է 8 տարբեր հիվանդություններ լինել: Գիտնականները հետազոտել են շիզոֆրենիայով հիվանդ 4000 մարդու ԴՆԹ: Նրանք համեմատում էին ԴՆԹ –ում հայտնաբերված փոփոխությունները հետազոտության մասնակիցների անհատական ախտանիշների հետ: Արդյունքում հայտնաբերեցին մի քանի գեն կլաստերներ, որոնք շիզոֆրենիայի 8 տարբեր դասերի պատճառ են հանդիսանում: Կոմպլեքս հիվանդությունները, ինչպիսին շիզոֆրենիան է, կարող են պայմանավորված լինել հազարավոր գենետիկ վարիացիաներով, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են: Գեները ինքնուրույն չեն գործում: Նրանք նման են նվագախմբի, և հասկանալու համար, թե ինչպես են նրանք աշխատում, պետք է իմանալ ոչ միայն՝ ովքեր են նվագախմբի անդամները, այլ նաև ինչպես են նրանք փոխազդում: Համաձայն Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի՝ շիզոֆրենիան ուղեղի քրոնիկ ախտահարում է, որը հանդիպում է պոպուլյացիայի 1%-ի մոտ: Ախտանիշները բազմազան են հալյուցինացիաներից մինչև խոսքի խանգարումներ, ուշադրության, որոշումներ կայացնելու դժվարություն: Հետազոտություններ կան, որոնք վկայում են, որ շիզոֆրենիայի զարգացման հավանականությունը 80 % դեպքերում ժառանգական է: 108 գեներ են կապված այս հիվանդության հետ: Սակայն գիտնականներին դեռ չի հաջողվել հայտնաբերել սպեցիֆիկ գենետիկ վարաիցիաները, որոնք վտանգում են մարդկանց առողջությունը:
''Նախկինում գիտնականները ասոցիացիաներ էին փնտրում ինդիվիդուալ գեների և շիզոֆրենիայի միջև, -ասում է հետազոտության հեղինակներից մեկը, -Մենք չգիտեինք, որ այս գեները միմյանցից անկախ չեն գործում: Նրանք համագործակցում են, վնասելով ուղեղի կառուցվածքն ու ֆունկցիան և հիվանդության պատճառ դառնում : Միտքը, որ շիզոֆրենիան մեկ առանձին հիվանդություն չէ, նորություն չէ: Սա նույնն է, երբ բժիշկները օգտագործում են ''կրծքի քաղցկեղ'' տերմինը մի շարք հիվանդություններ նկարագրելու համար, որոնք բոլորն արտահայտվում են կրծքագեղձում նորագոյացության ձևավորմամբ:
Այսպիսով, ինչու՞ են գիտնականները փորձում տարբերակել շիզոֆրենիայի տարբեր տեսակներ: Երկու պատճառով. հայտնաբերելու համար հիվանդանալու վտանգ ունեցող մարդկանց և իրականացնելու արդյունավետ բուժում:
Քննարկենք պլևրիտի օրինակով. պլևրիտը թոքամզի բորբոքումն է: Մի շարք հիվանդություններ կարող են պլևրիտի պատճառ հանդիսանալ ` վիրուսային ինֆեկցիաները, թոքաբորբը, քաղցկեղը: Այսպիսով, պլևրիտով բոլոր հիվանդներին թոքաբորբի դեմ հաբեր տալով կարելի է օգնել միայն հիվանդների մի մասին: Սակայն , եթե գիտեք, որ պացիենտի պլևրիտը քաղցկեղով է պայմանավորված, բուժման այլ ուղղություն կընտրեք: Նույնը շիզոֆրենիայի պարագայում է: Կան պարզապես ախտանիշների նկարագրեր, իսկ պատճառների մասին մեր պատկերացումները հստակ չեն:
Նյութի սկզբնաղբյուրը՝ Edition.cnn.com
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am