Ի՞նչ հույզեր կարող է առաջացնել սեպտեմբերի մեկը երեխայի և մեծահասակի մոտ: Ինչպես գիտենք, երեխայի և մեծահասակի հույզերը տարբեր իրադարձությունների հետ կապված տարբեր կարող են լինել: Վերջին շրջանում հաճախ ենք հանդիպում հուզական ինտելեկտի մասին տեղեկատվության, որը մասնագետների ուշադրության կենտրոնում է: Հարց է առաջանում ՝ իսկ ի՞նչ է հուզական ինտելեկտը(EQ), արդյո՞ք ի ծնե է մարդուն տրվում այն, թե ձեռքբերովի է, ինչպե՞ս են հույզերն անդրադառնում առողջության վրա:

Ըստ ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանի, ում գիրքը թարգմանվել է շուրջ քառասուն լեզուներով, հուզական ինտելեկտը մարդու ունակությունն է գիտակցելու իր հույզերն ու կառավարելու դրանք:Հուզական ինտելեկտ եզրույթը ներմուծեցին ամերիկացի գիտնականներ Պիտեր Ստայերը և Ջեկ Մեյերը 1990 թ., իսկ այն լայն տարածում գտավ Դենիել Գոուլմանի գրքի հրատարակումից հետո 2013թ.: Հուզական ինտելեկտը մեր և շրջապատողների հույզերը գիտակցելու և կառավարելու ունակությունն է ,  մասնագիտական հաջողությունների և երջանիկ կյանքի հիմքը:

  Մեր օրերում ժամանակի պահանջն է հուզական ինտելեկտի զարգացումը ՝սկսած վաղ տարիքից, որովհետև երեխայի հուզական աշխարհը ձևավորվում է հենց այս տարիքում, երեխան սկսում է ճանաչել իր և այլոց հույզերը, ձևավորվում է շրջապատի հետ փոխհարաբերությունները , հուզական կապերը: Ինչպե՞ս կպատասխանի նախադպրոցական տարիքի երեխան, եթե հարցնենք, թե ի՞նչն է նրան ամենաշատը ուրախացնում, ինչպիսի՞ տրամադրություն ունի այսօր , ի՞նչն է նրան երջանիկ դարձնում, ի՞նչ է զգում հիմա: Եթե երեխան հաճախում է նախադպրոցական հաստատություն , ինչպես կպատասխանի, եթե հարցնենք՝ ընկերներից ո՞վ այսօր բարձր տրամադրություն ուներ, ո՞վ էր տխուր և այլն:Ինչպե՞ս օգնել երեխային,որպեսզի իրեն երջանիկ զգա: Մեր օրերում մեծ ուշադրություն է դարձվում երեխաների ինչպես ինտելեկտւալ, այնպես էլ հուզական զարգացմանը : Կան երեխաների վաղ զարգացման համար նախատեսված բազմաթիվ նորարարական ծրագրեր:Այս առումով հուզական ոլորտի զարգացումն առավել քան դժվար է և կարևոր է երեխայի ներդաշնակ զարգացման համար:

  Երեխաներն աշխարհն ընկալում են հույզերի պրիզմայի միջոցով:Հուզականորեն կայուն երեխաներն աչքի են ընկնում ընկերասիրությամբ, իրենց ուժերի նկատմամբ վստահությամբ և հանգստությամբ, նպատակաուղղվածությամբ: Այնքան կարևոր չէ՝ ինչ ենք ուսուցանում երեխային, այլ կարևոր է, թե ինչպիսի օրինակ ենք ցույց տալիս, իսկ լավագույն օրինակը երջանիկ կյանքի ձգտել սովորեցնելն է:

  1.Վարքի կառավարում:Հարց է առաջանում՝ ինչքանով է կարևոր երեխայի հուզական ինտելեկտի զարգացումը: Ինչպե՞ս կառավարել երեխայի վարքը դժվար իրավիճակներում: Պատկերացնենք երեխայի ձեռքից վերցրել են իր սիրելի խաղալիքը: Ի պատասխան՝ երեխան կսկսի ճչալ, լացել, որովհետև վիրավորանք, տխրություն, զայրույթ է զգում: Երեխային, ինչպես և մեծահասակին ուղղորդելու փոխարեն կարևոր է հասկանալ վերաբերմունքը տեղի ունեցածին: Երբ երեխան ճանաչում է ինքն իրեն, իր ռեակցիան տարբեր իրադարձություններին, երբ հասկանում է իր տրամադրությունը և վերաբերմունքը տեղի ունեցածին, ավելի հեշտությամբ է կարողանում կառավարել իր վարքը:

2.      Այլոց հույզերի հասկացումը: Իր հուզական ապրումների փորձի հիման վրա, հետևելով իր ռեակցիաներին, երեխան սկսում է ճանաչել այլոց հույզերը: Ինչու՞ է դա կարևոր: Առաջին հերթին այլոց հասկանալը նպաստում է շփման ընթացքում ընդհանուր շփման եզրեր գտնելուն և հաղորդակցման հմտությունների զարգացմանը: Այլոց հույզերի ընդունումը, ապրումակցումը նպաստում է հարազատների և ընկերների հետ հուզական կապերի ձևավորմանը: Ինչպե՞ ս զարգացնել երեխայի հուզական ինտելեկտը Գործնականում բոլոր երեխաները ծնվում են հուզականորեն բաց և տարիքի հետ հուզական ինտելկտի աստիճանը զարգանում է և կատարելագործվում խոշոր և մանր շարժունակության, խոսքի, հիշողության և իմացական այլ գործընթացների զարգացման արդյունքում: Ծնողները և երեխայի հետ անմիջական շփման մեջ գտնվող անձինք, մասնագետները անմիջական մասնակցություն են ունենում երեխայի հուզական ինտելեկտի զարգացման հարցում:

3.    Առաջին հույզերը: Փորձենք հիշել մեր  առաջին խաղերը երեխայի հետ: Հուզական ինտելեկտի հիմնական հմտությունն իր հույզերի հասկացումն է: Որպեսզի օգնենք երեխային իրեն հասկացված զգա , կարևոր է բարձրաձայն արտաբերել այն հույզերը,  որոնք նա զգում է: Չէ՞որ երեխան երբ ուրախանում է,  բարկանում կամ վախենում է, նա դեռ չգիտի, որ դրանք առանձին անվանումներ ունեն:Աստիճանաբար գիտակցելով դրանք՝ երեխան հասկանում է,որ հույզերը տարբեր են լինում:  Օրինակ՝ Ես տեսնում եմ, որ հիմա շատ ուրախ ես: Դու հիմա այնքան երջանիկ ես, ես երբևէ քեզ այսքան երջանիկ չէի տեսել: Քո խաղալիքը ջարդվել է, ու դու հիմա շատ բարկացած ես։ Ես տեսնում եմ, որ դու հիմա շատ զայրացած ես: Հավանաբար դու հիմա բարկացել ես: Հույզերը կարելի է համեմատել հեքիաթի հերոսների, կենդանիների, բնության երևույթների հետ, ծեփել կամ նկարել դրանք, ինչը կարող է պատմել հույզերի, հուզական ապրումների մասին :   Ծնողը , ինչպես նաև երեխայի հետ անմիջական շփման մեջ գտնվող մեծահասակները տանը և դրսում երեխայի համար առաջին օրինակն են: Նրան անհրաժեշտ է տեսնել ծնողին ոչ միայն ուրախ և երջանիկ, այլև հոգնած, հուզված, երբեմն զայրացած, այլ կերպ ասած՝ բնական:Դրա համար մեծահասակի համար կարևոր է առաջին հերթին չվախենալ բնական լինել, որպեսզի երեխան կարողանա ընդունել նրան իր բոլոր առանձնահատկություններով:  Օրինակ՝  ես ուրախանում եմ, երբ դու ուրախ ես: Հիմա ես շատ զայրացած եմ գորգի վրա թափված ներկի համար: Ես բարկանում եմ, երբ ինձ չեն լսում:  Երբ զարգանում է երեխայի խոսքը և հնարավորություն է առաջանում երկխոսություն վարելու, կարելի է հույզերն արտահայտել այլընտրանքային հարցերով, օրինակ ՝ դու ուրա՞խ ես, թե՞ տխուր: Հետաքրքի՞ր է, թե՞ ձանձրալի: Հեշտությամբ կողմնորոշվելու համար կարելի է քննարկել՝ տարբերակելով մոտ տարբերակները՝ ճշտելով ՝երեխան նեղացե՞լ է, թե՞ զայրացել, ուրախությու՞ն է զգում,թե՞ հիացմունք, տխրությու՞ն, թե՞ հիասթափություն: Կամ օրինակ կարող ենք հարցնել երեխային.  <<Պատկերացրու, որ Աննան վիճել է իր լավագույն ընկերուհու հետ, ի՞նչ ես կարծում, ի՞նչ է հիմա նա զգում, ինչպիսի՞ տրամադրություն ունի նա հիմա>>:

Ի վերջո, ծանոթացնելով երեխային տարբեր հույզերի հետ, սովորեցնելով գիտակցել դրանք՝ երեխան կարող է պատասխանել հարցին՝ ինչ է հիմա զգում:

Հուզական ինտելկտը նախադպրոցական տարիքում: Անկախ նրանից,որ տարիքից եք սկսում երեխայի հուզական ինտելեկտի զարգացումը, ալգորիթմը նույնն է, կարևոր է, որպեսզի աշխարհընկալումը ձևավորվի աստիճանաբար՝ պարզից բարդը: Կարևոր է՝

ա. պատմել երեխային հույզերի և զգացմունքների մասին, ցույց տալ հույզերի դրսևորումները տարբեր խաղերի և զրույցների միջոցով,

բ. սովորեցնել երեխային ճանաչել հույզերն ու զգացմունքները՝ առաջարկելով համեմատություն՝ իմաստով հակառակ ուրախություն-տխրություն,զայրույթ-ուրախություն,նախանձ-հրճվանք,ատելություն-սեր և իմաստով մոտ զգացմունքներ՝ ձանձրույթ-տխրություն, դժգոհություն-զայրույթ, սեր-քնքշանք, ուրախություն-հրճվանք և այլն,

գ. խրախուսել երեխային ինքնուրույն արտահայտել իր հույզերն ու զգացմունքները, հետաքրքրվել՝ ինչ է զգում երեխան կյանքի տարբեր իրավիճակներում: Որպեսզի օգնենք երեխային ճանաչել հույզերի բազմազանությունը, սովորեցնել գիտակցել և արտահայտել բառերով իր և այլոց զգացմունքները, կան բազմաթիվ խաղեր: Ինչպե՞ս կպատասխանի երեխան,եթե հարցնենք, թե որ կենդանին ինչ հույզ է առաջացնում տվյալ պահին իր մոտ,օրինակ շունը, երբ թափահարում է պոչը կամ առյուծը, երբ մռնչում է: Ինչպե՞ս կպատասխանի երեխան, եթե հարցնենք, թե ինչն է նրան ուրախացնում, օրինակ բերելով՝ երբ ուտում է պաղպաղակ, արևը շողում է, կենդանաբանական այգում զբոսնում է, մայրիկը ժպտում է և այլն: Ինչպես օգնել երեխային ազատվել բացասական հույզերից,լինել երջանիկ: Երեխայի հուզական ինտելեկտը կարելի է զարգացնել տարբեր միջոցներով: Խաղը հուզական ինտելեկտը զարգացնելու բանալին է: Մասնագետներն առաջարկում են միասին մտածել պատմություններ,հնարավորություն տալ ստեղծագործելու: Կարևոր է շփումը այլ երեխաների հետ, նրա համար հեքիաթներ ընթերցելը, կարևոր է լինել բաց և անկեղծ շփման մեջ: Հուզական ինտելկտի զարգացման առանցքային կողմերից է երեխային սովորեցնել, որ չկան լավ կամ վատ հույզեր, բոլոր հույզերն ու հուզական ապրումները մեր կյանքի անբաժանելի մասն են կազմում: Հուզական ինտելեկտի զարգացումը նպաստում է երեխաների հաղորդակցման հմտությունների զարգացմանը ,առաջադիմության բարձրացմանը, կայուն ինքնագնահատական ձևավորելուն, հուզական կայունությանը, միջանձնային շփումներին,վերլուծական ունակությունների,ստեղծագործ մտքի զարգացմանը,անկաշկանդ կարծիք հայտնելուն, ինքնաիրացմանը, որոշումներ կայացնելու հմտությունների ձևավորմանը, խմբում աշխատելու ունակությունների և հմտությունների զարգացմանը, ինքնադրսևորմանը:

 Հարցի մյուս կողմն այն է ՝ արդյո՞ք հույզերը կառուցողական , թե՞ ապակառուցողական նշանակություն ունեն մեր կյանքում: Ինքնին պարզ է դառնում, որ դրանք մեր առօրյայի անբաժանելի մասն են կազմում: Երբևէ եղե՞լ է, որ  որևէ հույզ ցույց տաք երեխային ,և երեխան փորձի գուշակել այն: Այնուհետև տեղերով փոխվել:

Իսկ ինչպես հասկանալ ՝ ինչքանով է զարգացած երեխայի հուզական ինտելեկտը: Հուզական ինտելեկտի զարգացման բարձր ցուցանիշ է, երբ երեխան կարողանում է ապրումակցել այլոց, հասկանալ և ճանաչել շրջապատողների և իր հույզերը, հեշտությամբ է հարմարվում նոր միջավայրում, հեշտությամբ է հաղորդակցվում նոր մարդկանց , հասակակիցների և մեծահասկաների հետ, կարողանում է կառավարել իր հույզերը, կարողանում է խոսել իր հույզերի, հուզական ապրումների մասին: Նախադպրոցական և դպրոցական տարիքում տեղի է ունենում հուզական ինտելեկտի առավել ինտենսիվ զարգացումը: Երեխան ձեռք է բերում իր և շրջապատողների հույզերը ճանաչելու և ընդունելու ունակություններ և հմտություններ, սովորում կառավարել դրանք: Երեխան սկսում է հասկանալ շրջապատողների հույզերը, ընդհանուր շփման եզրեր գտնել նրանց հետ, իրեն պատկերացնել դիմացին փոխարեն, ապրումակցել նրանց:

Վերջին շրջանում մասնագետների ուշադրության կենտրոնում է նաև VQ-ն, որը մասնագետները համարում են կյանքում և առօրյայում, աշխատանքում, ինչպես օրինակ  բանակցությունների ընթացքում հաջողությունների հիմքը:

Նյութի հեղինակ հոգեբան Ժենյա Վարդանյան