Սեռական ցանկությունը կամ լիբիդոն զգացողության է, որը անձին տրամադրում է սեռական ապրումների ե մղում նրան սեռական ակտիվության։
Սեռական ցանկության ակտիվացման ժամանակ անձը զգում է ներքին սեռական գրգռվածություն, առաջանում են անորոշ գենիտալ զգայություններ, հետաքրքրություն է ի հայտ գալիս սեռական կյանքի շուրջ, անձը «տրամադրվում է» դեպի սեռական կյանքը կամ, պատկերավոր ասած՝ կորցնում է իր ներքին հանգիստը։ Հիշյալ զգացողությունները դադարում են սեռական բավարարումից հետո, երբ անձր վերագտնում է իր հանգիստը։

Սեռական ցանկության առաջացումը կապված է ուղեղային կենտրոնների ակտիվացման հետ։ Եթե ուղեղային կենտրոնները ակտիվ չեն կամ գտնվում են արգելակող մեխանիզմների ազդեցության տակ, ապա անձը հետաքրքրված չէ էրոտիկ թեմաներով, նա կարծես կորցնում է իր «սեռական ախորժակը» կամ պարզապես դառնում է ասեքսուալ։

Ալբերտ Մոլլը, որ մենագրական հետազոտություն է նվիրել այս ֆենոմենին, լիբիդոյի կազմում տարբերում է երկու բաղադրիչ՝ հպվելու մղում, որը դրդում է այլ անձի հետ ֆիզիկական (գրկախառնություններ, համբույրներ) ու հոգևոր շփման և թուլանալու, հանգստանալու մղում, որի հետևանքով սեռական օրգաններում տեղի են ունենում վազոմոտոր և մկանային գործրնթացներ, որոնք հաջորդում են էյակուլյացիային՝ տղամարդկանց մոտ և հեշտանքին՝ երկու սեռերի մոտ։

Սեռական ցանկության անատոմիական հիմքը ուղեղային կենտրոններն են, որոնք բաժանվում են երկու խմբի՝ ցանկությունը ակտիվացնող և ցանկությունը արգելակող։ Դրանք տեղակայված են գլխուղեղի լիմբիկ համակարգում, տեսաթմբերում, պրեօպտիկ շրջանում։ Ինչպես հայտնի է, լիմբիկ համակարգը գլխուղեղի հնագույն բաժինն է, որի ֆունկցիան վարքի կազմակերպումն ու կառավարումն է։ Այն պատասխանատու է տեսակի գոյապահպանման, ներառյալ՝ վերարտադրման համար։ Այդ նպատակով նրանում տեղակայված են նյարդային կորիզներ, որոնք կառավարում են հույզերի առաջացումը և դրդապատճառների ձևավորումը։ Լիմբիկ համակարգը գրեթե նույնությամբ առկա է նաև պրիմիտիվ ողնաշարավորների մոտ։ Այն րնդգրկվել է մարդու բարդ ուղեղային կառույցի մեջ այնպես, որ միանգամայն անտեսանելի է դարձել, մինչդեռ հույզերի առաջացման և սեռական փորձառության մեջ շարունակում է խաղալ իր ծանրակշիռ դերը՝ հանդիսանալով դրանց կենսաբանական հենքը։

Այստեղ մի պահ կանգ առնենք սեռական ցանկության դրդապատճառային ասպեկտի վրա։ Կլինիկական աշխատանքի ժամանակ սեռական վարքի մոտիվացիոն ասպեկտների ուսումնասիրումը պայմանավորված է նրանով, որ սեռական վարքը չի սահմանափակվում միայն սերնդաշարունակմամբ, այլ ունի նաև բոլորովին այլ ֆունկցիաներ, որոնց նպատակը միանգամայն տարբեր է վերարտադրումից։ Ինչպես գիտեք, սեռական վարքի այս վերջին կողմը անվանում են ռեկրեացիոն ուղղություն, ի տարբերություն պրոկրեացիոնի, որը ենթադրում է զուտ վերարտադրում։

Սեռական վարքի դրդապատճառների ուսումնասիրման մյուս նպատակը, որ ունի կլինիկական մեծ նշանակություն, դրդապատճառների տարիքային փոփոխության մեջ է, որն անդրադառնում է ամուսնական զույգի սեռական ներդաշնակության վրա։ Այսպես, եթե սեռական կյանքի սկզբում սեռական մերձեցման հիմնական դրդապատճառը սեռական բավարարություն ստանալու և տալու անհաղթահարելի պահանջն է, ապա տարիքի հետ, նյարդահումորալ տոնուսի իջեցման հետևանքով, անձը կարող է պահպանել սեռական կյանքի ռիթմը՝ ելնելով ոչ թե ներքին պահանջմունքից, այլ սովորության համաձայն։

Վասիլչենկոն առանձնացնում է տղամարդու սեքսուալ մոտիվացիայի 4 հիմնական տիպ՝

1 . Հոմեոստաբիլիզացնալ տիպ, բնորոշվում է նրանով, որ յուրաքանչյուր հերթական մերձեցումից և դրան հաջորդող համեմատական հանգիստ վիճակից հետո տղամարդն ապրում է աստիճանաբար աճող սեռական լարվածության զգացողություն, որը խախտում է նրա նյարդային հավասարակշռությունը։ Ինչպես քաղցի զգացողությունն է կրում բացասական հուզական երանգավորում, այնպես էլ սեռական ձեռնպահությունը ուղեկցվում է ֆիզիոլոգիական դիսկոմֆորտի զգացողությամբ։ Ըստ այդմ սեռական կյանքի ռիթմը կազմակերպվում է այնպես, որպեսզի հնարավորինս պահպանվի ֆիզիոլոգիական կոմֆորտը։ Վարքի այս տեսակը ամենից հաճախ հանդիպում է ստեղծագործական հակվածությամբ մարդկանց մոտ, որոնց արժեքային համակարգում սեռական կյանքը ենթակա տեղ է գրավում։
Ստեղծագործական աշխատանքից ստացած բուռն ուրախությունը կարող է մթագնվել, եթե այդ պահին առաջանա քաղցի զգացողություն կամ սեռական ցանկություն, որոնք շեղիչ և հետևաբար ոչ ցանկալի գործոններ են նրա համար, թեե դրանց բավարարումը միանգամայն լի է հաճույքի զգացողությամբ։

2. Խաղային տիպ, բնորոշվում է սեռական վարքում ռոմանտիկ և սեքսուալ բաղադրիչների ներդաշնակ համադրությամբ։ Այսպիսի տղամարդիկ զերծ են կնոջը աստվածացնելու կամ հակառակը՝ նրան միայն որպես սեռական կիրքը բավարարող օբյեկտ դիտելու ծայրահեղություններից։ Այս տիպի սեքսուալ մոտիվացիա ունեցող տղամարդիկ դիտարկում են սեռական կապը իբրև եզակի հնարավորություն, որտեղ նրանք կարող են համատեղ դրսևորել իրենց հոգեհուզական և մարմնական ապրումները՝ իրականացնելով իրենց սեքսուալ երևակայությունները, հնարքները։ Ամեն անգամ նրանք նորովի են ապրում սեռական հաճույքը, իբրև նախադեպը չունեցող և անկրկնելի իրողություն։

3. Կաղապարային տիպ,բնորոշվում է նրանով, որ տղամարդը սեռական հարաբերությունը իրականացնում է իբրև որոշակի պարտականություն՝ խուսափելու համար հնարավոր կշտամբանքներից կամ ասեկոսեներից։ Այսպիսի տղամարդիկ ունեն սեռական վարքի որոշակի կարծրատիպ, որով առաջնորդվում են իրենց ողջ սեռական կյանքի ընթացքում։

4. Գենիտալ տիպ, այս տիպի տղամարդիկ աչքի չեն ընկնում բարձր ինտելեկտով, շատ հաճախ նույնիսկ չեն տարբերում էրեկցիան սեռական ցանկությունից։ Նրանց համար էրեկցիայի առաջացումը սեռական հարաբերություն ունենալու ազդանշան է։ Այսպիսով, նրանց սեռական կյանքի ռիթմը կարգավորվում է սոսկ գենիտալ շրջանի զգացողություններով՝ առանց էթիկական և էսթետիկական «ավելորդությունների»։ Եթե նախորդ դեպքերում սեռական վարքը կախված է անձի դիրքորոշումներից, ապա այստեղ այն պայմանավորված է արտաքին ազդեցություններով, ուստի շատ հեշտ է նմանատիպ անձանց ներգրավել սեռական կապի մեջ։

Սեքսուալ մոտիվացիաների նկարագրված տիպերը պայմանավորված են ժառանգական, կոնստիտուցիոնալ գործոններով, ինչպես նաև անհատական զարգացման ընթացքում ձեռք բերած հայացքների և համոզմունքների համակարգով։ Սեռական ցանկության նյարդային կենտրոնները սերտ կապեր ունեն ուղեղային այլ հատվածների հետ, որոնք մինչ օրս դեռ լիովին բացահայտված չեն։ Ամենայն հավանականությամբ նյարդային սերտ կապեր գոյություն ունեն մի կողմից սեռական կենտրոնների, մյուս կողմից՝ հաճույքի ու ցավային կենտրոնների միջև։ Սեռական մերձեցման ժամանակ գրգռվում են հաճույքի կենտրոնները, և դա պայմանավորում է սեռական կյանքի հաճույքաբեր կողմը։ Ցավային զգացողության ժամանակ սեռական ցանկությունը ճնշվում է, որովհետև ցավի կենտրոններն ակտիվանալիս արգելակում են սեռական կենտրոններին։ Ցավային կենտրոններն ակտիվանում են ֆիզիկական վնասման կամ նման հնարավորության կանխատեսման պարագայում, և երբ դրանք ակտիվ են, ապա դրանցից նյարդային արգելակող գրգիռներ են տարածվում ուղեղի բոլոր այն կենտրոնները, ներառյալ սեռական ցանկության կենտրոն, որոնք չեն ծառայում անհատի գոյության պահպանմանը։ էվոլյուցիայի ընթացքում մեր ուղեղի գործունեությունը կազմակերպվել է այնպես, որ ցավից խուսափումը առաջնահերթ կարևորություն է ձեռք բերել հաճույքի ստացումից, ինչը միանգամայն տրամաբանական է տեսակի պահպանման համար։

Անհատի ինքնապահպանման բնազդը նախորդում է նրա վերարտադրման բնազդին, ուստի բոլոր այն դեպքերում, երբ անհատի կյանքը վտանգի մեջ է, ցավային կենտրոններն ակտիվանում են այնպես, որ օրգանիզմի ողջ գործունեությունն ուղղորդվում է այդ իրավիճակից դուրս գալուն (փախուստ կամ պայքար)։ Այսպիսով հաղթահարվում են սեռական գրգիռները, որոնց ազդեցությանը նման պարագայում ենթարկվելը կարող է ճակատագրական ելք ունենալ։ Նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմների միջոցով սեռական ցանկությունը կարող է արգելակվել բոլոր այն դեպքերում, երբ անձի կողմից որոշվում է, որ սեռական ակտիվությունը վտանգ է պարունակում։

Վարքային հետազոտությունները ցույց են տալիս, որ սեռական ցանկության կենտրոնները սերտ կապեր ունեն հիշողության և անհատական փորձի վերլուծման համար պատասխանատու կենտրոնների հետ։ Այս է պատճառը, որ հոգեսեռական զարգացման ընթացքում տեղ գտած շեղումները, պահպանվելով ենթագիտակցականում՝ մի օր, որոշակի ուժերի ազդեցության տակ ակտիվանում են և ճնշում սեռական ցանկությունը։ Հիշողությունը կրում է ոչ միայն անցյալում տեղ գտած իրադարձությունները, այլ նաև կյանքի ընթացքում ձեռք բերված ինֆորմացիայի հիման վրա նախապես ծրագրավորված պատկերացումները։ Առաջին սեռական հարաբերությունը իրականացվում է հենց այս մոտավոր պատկերացումների հիման վրա։ Եվ հնարավոր է, որ բախվելով իրականության հետ, որը չի համապատասխանում այդ պատկերացումներին, անձի մոտ (հատկապես տագնապային խառնվածք ունեցող) առաջանա հոգեսեռական խանգարում։ Լիբիդոյի կենտրոնները սերտ կապի մեջ են նաև ողնուղեղում տեղակայված՝ սեռական գրգռման և հեշտանքի կենտրոնների հետ։ Կենտրոնախույս նյարդային գրգիռները կարող են փոփոխել վերջիններիս նյարդային գրգռման շեմը։ Այդ պատճառով, երբ սեռական ցանկությունը բարձր է, սեռական գրգռման և հեշտանքի գենիտալ ռեակցիաները հեշտությամբ են գործի դրվում։ Եվ հակառակը՝ սեռական ցանկության բացակայությունը դժվարացնում և երբեմն նույնիսկ անհնարին է դարձնում հիշյալ պրոցեսները։ Սրա փաստացի ապացույց կարող է հանդիսանալ այն հանգամանքը, որ սեռական գրգռման և նույնիսկ հեշտանքի կարելի է հասնել միայն սեքսուալ երևակայության օգնությամբ, առանց սեռական օրգանների անմիջական գրգռման։

Սեռական ցանկության ֆիզիոլոգիան, այսինքն այն մեխանիզմներր, որոնք պատասխանատու են սեռական ցանկության առաջացման համար՝ մինչ օրս լիովին բացահայտված չեն։ Կենդանիների վերարտադրության գործընթացներր կարգավորվում են էստրալ ցիկլով և ենթակա են կենսաբանական ռիթմերի ազդեցությանը։ Դրանից դուրս կենդանիները միանգամայն ասեքսուալ են և խուսափում են հակառակ սեռի հետ սեռական շփումներից։ Ապացուցված է, որ էստրալ ցիկլի առաջացման գործում մեծ դեր են խաղում էստրոգենները, որոնց ազդեցության տակ ակտիվանում են ուղեղային վերարտադրման կենտրոնները մի կողմից և արտադրվում են հեշտոցային ֆերոմոններ մյուս կողմից:

Մարդկանց մոտ էստրոգենները սեռական ցանկության նմանատիպ ցիկլային փոփոխություններ չեն առաջացնում։ Մարդկանց սեռական վարքը շատ քիչ է ենթարկվում կենսաբանական ռիթմերին։ Ապացուցված է, որ լիբիդոյի հորմոնը, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, արական սեռական հորմոնն է՝ տեստոստերոնը, որն էրոտիզացնող ազդեցություն ունի սեքսուալության բարձրագույն կեղևային կենտրոնների և դրանց ենթակա կառույցների վրա։ Առանց տեստոստերոնի բավարար մակարդակի սեռական ցանկությունը ճնշվում է, քանի որ խանգարվում է նյարդային կենտրոնների գործունեությունը:

Վերջերս հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սեռական ցանկության վրա խթանիչ ազդեցություն ունի հիպոթալամուսում արտադրվող լյուլիբերինը։ Փաստերը վկայում են, որ լյուլիբերինը ակտիվացնում է սեռական ցանկությունը անգամ տեստոստերոնի անբավարարության կամ դրա անարդյունավետ գործունեության դեպքում։ Հայտնի է, որ լյուլիբերինը խթանում է լյուտեինիզացնող հորմոնի արտադրությունր ադենոհիպոֆիզում, որն էլ իր հերթին ակտիվացնելով ամորձիներում Լեյդիգի բջիջները՝ բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը։ Կնոջ օրգանիզմում լյուփբերինի ազդեցությունն արտահայտվում է հիմնականում գեստագենների՝ մասնավորապես պրոգեստերոնի քանակության աճով։ Ներկայումս հետազոտությունները խնդիր ունեն պարզելու, թե ինչպե՞ս է իրականանում լյուփբերինի՝ սեռական ցանկությունը խթանող ազդեցությունը և արդյոք հնարավո՞ր է այն օգտագործել սեռական ցանկության խանգարումների բուժման նպատակով։ Լիբիդոյի ակտիվացման գործում կարևոր դեր են խաղում զգայարանները. հոտր, տեսքր, շոշափումր այն հզոր ազդակներն են, որոնք կարող են անմիջապես արզելակել կամ խթանել սեռական ցանկությունը։ Կլինիկական դիտարկումներր վկայում են, որ գոյություն ունի լիբիդոյի ուղեղային կենտրոնների սեռային տարբերություն։ Տղամարդկանց լիբիդոն առավելապես պայմանավորվում է տեսողական գրգիռներով, իսկ կանանց սեռական ցանկությունր «բորբոքվում է» լսողական գրգիռների ազդեցության տակ։

Լիբիդոն ակտիվանում է ցանկալի անձի ներկայությամբ։ Այսպես, ապացուցված է, որ արական սեռի ճագարների միայն ներկայությունը բավական է իգական սեռի ճագարների մոտ օվուլյացիայի և կոիտուսի նկատմամբ պատրաստակամության առաջացման համար։ Հիշողության, սեքսուալ երևակայական պատկերների ազդեցության տակ նույնպես հնարավոր է սեռական ցանկության ակտիվացում։ Այսպիսով, լիբիդոն կախված է կենսաբանական, հոգեբանական և սոցիալական գործոնների բարդ համադրումից, որոնց փոխազդեցությունից լիբիդոյի նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմներն արգելակվում են բոլոր այն դեպքերում, երբ ուղեղր «որոշում է», որ իրավիճակը չի համապատասխանում սեռական մերձեցմանը։

Աղբյուրը` sexology.am


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ