Սեռական վարքի ձևերը, ըստ էության, անձի գործունեության արդյունք են, որի վրա իրենց ազդեցությունն են ունենում բազմաթիվ ներքին և արտաքին գործոններ, օրինակ` բնավորության առանձնահատկությունները, ընտանեկան միջավայրը և այլն: Անհրաժեշտ է ընդգծել ընտանիքի դաստիարակչական ֆունկցիան, մասնավորապես սեռական դաստիարակությունը։ Մանկական հասակում ստացած սեռական դաստիարակության բացերը իրենց կնիքն են դնում հետագա սեռական կյանքի, հակառակ սեռի հետ փոխհարաբերությունների վրա։ Սեռական առողջ փոխհարաբերություններ հաստատելու համար մեծ նշանակություն ունի համապատասխան զուգընկերոջ ընտրությունը։ Հակառակ սեռի ծնողի կերպարը մեծ դեր է խաղում ամուսնական զուգընկեր ընտրելիս։ Եթե այդ ծնողի դերն ընտանիքում դրական է, ապա նրան նման զուգընկերոջ ընտրությունը բարենպաստ նախադրյալ է հետագա սեռական և ամուսնական ներդաշնակության ստեղծման համար։
Բացի վերը նշված գործոններից, անհրաժեշտ Է առանձնացնել սեռական փոխհարաբերությունները կազմավորող մեկ այլ կարևոր գործոն` տնտեսական գործոնը։ Տնտեսական գործոնի բացասական ազդեցության ներքո կարող են հատկապես տղամարդկանց մոտ առաջանալ մի շարք սեռական խնդիրներ։ Հաճախ նյութական միջոցների հայթայթմանը ուղղվում են մարդու ողջ կարողությունները և նպատակները՝ ժամանակ և ուժ չթողնելով լիարժեք սեռական կյանքի համար։ Նյութական միջոցների բացակայությունը տղամարդկանց մոտ կարող է առաջացնել թերարժեքության զգացում, դեպրեսիվ վիճակներ, ինչն իր դրսևորումն է գտնում սեռական անհաջողություններում։ Ընտանիքում այդ նույն հանգամանքը հանգեցնում է ընդհանուր նյարդայնացմանը, հուզական անկայուն վիճակին, որը արտահայտվում է ամուսինների սեռական փոխհարաբերություններում։ Կանանց մոտ տնտեսական գործոնը կարող է ազդել սեռական զուգընկերոջ ընտրության և նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի փոփոխման վրա։
Սեռական կյանքի վրա իրենց ազդեցությունն են թողնում նաև իրավիճակային գործոնները, որոնց ազդեցությանը առավել ենթակա են կանայք։ Կանանց համար մեծ նշանակություն ունի միջավայրը (ննջասենյակի ինտերիերը): Տղամարդիկ համեմատաբար ավելի քիչ են ենթակա իրավիճակային գործոնների ազդեցությանը։ Երկու սեռերի մոտ Էլ իրավիճակային բարենպաստ գործոնները կարող են խթանել սեռական հնարավորությունների դրսևորումները։
Այսպիսով՝ մարդու սեռական վարքը, հանդիսանալով մարդկային օրգանիզմի բնածին ֆունկցիա, կյանքի ընթացքում ենթարկվում է բազմաթիվ ներգործությունների, ձևավորվում, զարգանում և վերափոխվում դրանց ազդեցության տակ՝ դառնալով յուրաքանչյուր մարդու համար ուրույն և առավել ինտիմ զգացմունքների աղբյուր:


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ