Սեռական ֆերոմոններ
 
Սեռական ֆերոմոնները (ՍՖ) սեքսուալ գրավչությանը, գայթակղությանը և մերձեցմանը նպաստող հոտավետ նյութեր են: Դրանցով է գլխավորապես պայմանավորված տղամարդու և կնոջ` միմյանց նկատմամբ սեքսուալ գրավչությունը: Ապացուցված է, որ ֆերոմոնների զգալի մասն արտադրվում է քիթ-շրթունքային ծալքերում, կրծքագեղձերի, անութափոսերի, ինչպես նաև շեքի օրգանների (հետանցքի և սեռական օրգանների) հատվածներում: Ֆերոմոնները գործնականորեն հոտ չունեն, օժտված են թույլ հոտով և ազդում են վոմերանազալ օրգանի հոտազգաց նյարդային վերջույթների վրա:

Վոմերանազալ օրգանը (ՎՆՕ) (“vomer” – խոփոսկր, “os nasalis” -  քթոսկր, որոնցով ձևավորվում է քթային միջնորմը՝ Յակոբսոնի օրգանը) հոտառական համակարգի ծայրամասային մեկուսացած մասն է: Այն գտնվում է յուրաքանչյուր քթաթևում՝ քթի ծայրին մոտ: Միջային միջնորմի վրա առկա է 1մմ տրամագծով փոսիկ, որից ձգվում է մեկ սանտիմետրանոց անցքը, որն էլ միանում է կոնաձև ՎՆՕ-ի խոռոչին: Այստեղ կան հոտառական ռեցեպտորներ,  որոնց նյարդաթելերով է ձևավորվում վոմերանազալ նյարդը: Վերջինս ապահովում է հոտառական այն գրգռիչների ընկալումը, որոնք չեն կարող ազդել հոտառական օրգանի ռեցեպտորների վրա: 

Վոմերանազալ նյարդը ՎՆՕ-ն անմիջականորեն կապում է հիպոթալամուսի հետ, որով վերահսկվում են այնպիսի կենսական ֆունկցիաներ, ինչպիսիք են սեռական ցանկությունը, սեռական պատրաստակամությունը, հույզերը, հորմոնների մակարդակը, պտղաբերությունը, ագրեսիվությունը կամ խոհեմությունը և այլն:

Տվյալներ կան այն մասին, որ քթի միջնորմի պլաստիկ վիրահատության ենթարկվածների սեռական ցանկությունը նվազում է, երբեմն նաև անհետանում:
Սեռական ֆերոմոններն օդում արագ քայքայվում են, դժվար են դուրս գալիս հագուստի միջով, նրանց ազդեցությունը կտրուկ նվազում է կոսմետիկ պարագաներ օգտագործելիս (օծանելիք, հոտավետ քսուքներ, շրթներկ և այլն): Մարդու մաքուր մարմինը ՍՖ-ի ընկալման լավագույն  միջոցն է:

Տղամարդու քրտինքի մեջ առկա անդրոստերոնն օժտված է սուր մշկահոտով (մուսկուսային, մշկընկուզային), որը գայթակղում է կանանց: Սակայն անդրոստերոնի օքսիդացման ժամանակ առաջանում է անդրոստենոն, որի հոտը, ընդհակառակը, վանում է կանանց (բացառությամբ նրանց, ովքեր ձվազատման շրջանում են): Անդրոստերոնն արտադրվում է տղամարդկանց և կանանց մակերիկամներում, ինչպես նաև վերջիններիս ձվարաններում: Ապացուցված է դրա առկայությունը սմեգմայում (թլպաճարպ` առնանդամի թլիպի և հեշտոցի փոքր ամոթաշրթերի ճարպագեղձերի կողմից արտադրվող նյութ): Սմեգմայում անդրոստերոնը կատարում է ազդանշանային դեր՝ գայթակղելով հակառակ սեռի ներկայացուցչին: Հաստատված է, որ այն տղամարդիկ, ում օրգանիզմում շատ անդրոստերոններ են արտադրվում, կանանց համար ավելի գայթակղիչ են:

Իգական ֆերոմոնը` կոպուլին կոչվող գրավիչ հոտավետ նյութը, հեշտոցահեղուկի բաղադրիչն է, որն առատորեն արտադրվում է ձվազատման ժամանակ: Կարծիք կա, որ այդ ֆերոմոնն ավելի ինտենսիվ է արտադրվում շիկահերների օրգանիզմում: Հետազոտությունները ցույց են տվել, որ կոպուլինի հոտն ընկալելով` տղամարդու համար  կինն ավելի գայթակղիչ է դառնում: Սրանով է պայմանավորվում այն փաստը, որ տղամարդիկ ավելի հաճույքով են ընկալում այն կանանց հոտը, ովքեր գտնվում են ձվազատման շրջանում: Դա տղամարդկանց արյան մեջ բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը:

Սեռական ֆերոմոնները լայնորեն կիրառվում են օծանելիքի և կոսմետիկայի արտադրության մեջ: Կոսմետիկ միջոցների մեջ ավելացնում են, այսպես կոչված, սեռական ատրակտանտներ: Սրանք բնական սեռական ֆերոմոններին նման, հոտավետ, սինթետիկ նյութեր են, որոնք ենթագիտակցորեն ուժեղացնում են հակառակ սեռի գայթակղության զգացումը:        


Հեղինակ` Վրեժ Շահրամանյան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն

"Առողջապահություն" գիտամեթոդական, տեսական, կազմակերպական, գործնական հանդես, Երևան, N (2), 2007թ.


Ներկայացնող` Doctors.am