k1.    Որ տարիքից կարելի է սկսել ապրել սեռական կյանքով:

Սեռական կյանքի սկիզբը ընկալվում է որպես հասունության որոշակի սահմանագիծ: Շատ երկրներում տղամարդկանց համար այն սկսվում է 17-18 տարեկանում, կանանց համար` 19: Հայ իրականության համար այս թվերը նույնպես ակտուալ են:Սեռական կյանքի սկզբի շարժառիթները տարբեր են և պայմանավորված չեն սիրով ու սեռական պահանջով: Ինտիմ, մտերմիկ շփման կարիքը, հետաքրքրությունը, զուգընկերոջ թախանձը, հասակակիցների օրինակը, ինտերնետը և էրոտիկ բնույթի զանազան հեռուստահաղորդումները` ահա դրանց ոչ լրիվ թվարկումը: Ընդ որում, որքան վաղ է սկսվել սեռական կյանքը, այնքան քիչ է այն սիրով պայմանավորված եղել: Ծնողները հասկանալի պատճառներով իրենց զավակների սեռական կյանքի սկսմանը նայում են բացասաբար այնքանով, որքանով այն վաղ է սկսվում: Միաժամանակ նրանք պետք է իմանան, որ դա կարող է տեղի ունենալ ավելի վաղ, եթե ընտանիքում այդ առումով թույլ է եղել դրվածքը, եթե դեռահասները ստացել են սեռական սխալ դաստիարակություն:

j2.    Ինչպիսին պետք է լինի ամուսնական առաջին գիշերը: Ամուսնական առաջին գիշերը ավանդական հասկացությամբ նորապսակների սեռական առաջին մեջձեցումն է, որը ուղեկցվում է հարցնացուի դեֆլորացիայով (կուսազրկմամբ):   


Այն պայմանները, որոնք ցանկալի է կատարել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, բայց դրանց մասին պետք է վաղօրոք մտածել: Մահճակալը չպետք է ճռռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի: Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին: Հարկ է հիշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղամարդկանց վերաբերմունքից: Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ: Նրանց դուր են գալիս գրկախառնությունները, համբույրները, գուրգուրանքները և քնքուշ խոսքերը, բայց առաջիկա սեռական հարաբերությունը ընկալվում է վախով: Երիտասարդների համառությունը, աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, իսկ երբեմն էլ` բռնությունը կարող են նրան հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով ընտանեկան հետագա կայունությունը: Պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ:      
  
j3.    Որքան է սեռական ակտի տևողությունը:

Որպես կանոն` սեռական ակտի տևողությունը անհատական բնույթ է կրում: Այնուամենայնիվ, հաստատված է, որ բնականոն պայմաններում առողջ երիտասարդների սեռական հարաբերության միջին տևողությունն առաջին մերձեցման ժամանակ 2-5 րոպեից մինչև 10 րոպե է: Կրկնելու դեպքում սեռական հարաբերությունը կարող է երկարաձգվել: Առհասարակ, բնականոն կարելի է համարել սեռական հարաբերության ցանկացած տևողություն, որը երկուստեք լիցքաթափվելու հնարավորություն է ընձեռում:

j4.    Ինչ է ինքնաբավարարումը: Ձերնաշարժությունը (հոմանիշ` ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա) էրոգեն գոտիների, հաճախ` սեփական սեռական օրգանների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու նպատակով:  

Ձերնաշարժությունը սովորաբար սկիզբ է առնում սեռական հասունացման շրջանում և դադարում սեռական կյանքի սկսվելու հետ: Այն կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով այն պահին, երբ անձը սոցիալական առումով դեռ չի հասունացել: Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների ու դեռահասների արագացված աճի և ֆիզիկական զարգացման գործընթացով: Այսպիսով` ձեռնաշարժությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս վերացնել կամ մեղմացնել ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որի պատճառը չբավարարվող կենսաբանական պահանջմունքն է:
Որպես վատ սովորություն կարող է առաջանալ վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները: Առաջացող հաճելի զգացումները երեխան հետագայում ձգտում է վերապրել` դիտավորյալ գրգռելով սեռական օրգանները: Հաճախ այդպիսի զգացումներ նրան առաջինը պատճառում են ծնողները` շոյելով կամ համբուրելով տարփածին գոտիները (աճուկի շրջանը, որովայնի ստորին մասը, նստատեղը, սեռական օրգանները): Նմանօրինակ երևույթները պետք է դիտարկել իբրև սեռական դաստիարակության կոպտագույն սխալներ:

h5.    Տղամարդու գրգռվածության ապացույցը էրեկցիան է: Իսկ ինչպես իմանալ` կինը գրգռված է, թե ոչ:

Կանանց գրգռվածությունը դրսևորվում է հեշտոցի բավականաչափ խոնավացմամբ: Բայց դա կախված է դաշտանային ցիկլից և օրինաչափ բնույթ չի կրում: Հեշտոցի չորությունը դեռևս չի նշանակում, որ կինը գրգռված չէ: Իրականում արտադրված հեղուկը նպաստում է առնանդամի մուտքի հեշտացմանը: Բացի դրանից, կան նաև այլ նշաններ` սեռական գրգռված ժամանակ կնոջ որովայնի ու ոտքերի մկանները ձգվում են, կրծքերը` ուռչում, պտուկները` պնդանում, արագանում են սրտի զարկերը:

 

 

g6. Ճի՞շտ է արդյոք, որ պզուկները առաջանում և շատանում են պատանեկան տարիքում ձեռնաշարժությամբ զբաղվելու հետևանքով:


Դա գիտական հիմնավորում չունեղող չափազանցություն է: Պատանեկան տարիքում տեղի է ունենում սեռական հորմոնների կտրուկ ավելացում, ինչը կարող է արտահայտվել այսպես կոչված պատանեկան պզուկների /կորյակների/ առաջացումով:
Պզուկները հանդիպում են դեռահասային տարիքից սկսած։ Բավականին տարածված երևույթ է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում: Որպես կանոն, պզուկներ առաջանում են հիմնականում մարմնի այն մասերին, որտեղ տեղակայված են շատ ճարպագեղձեր` դեմք, կուրծք, մեջք: Պզուկների առաջացումը հիմնականում կապված է արական սեռական հորմոնների հետ, քանի որ դրանք ազդում են ճարպագեղձերի աշխատանքի վրա: Իսկ բորբոքված մասերը, որոնք պզուկների պատճառ են դառնում, առաջանում են անձնական հիգիենային չհետևելուց, նաև բակտերիաներից, որոնք ապրում են մաշկի վրա: Ճարպագեղձերի ծորանների խցանումն ու բորբոքումն էլ բերում են մաշկի վնասմանը:
Երբեմն այդ երևույթը շարունակվում է մի քանի տարի, և պատանեկան պզուկները դառնում են պատանիների անլիարժեքության բարդույթի պատճառ:
Պզուկներից ազատվելու համար ցանկալի է օգտվել հատուկ օճառահեղուկներից (շամպուն), հաճախակի լվացվել, հետևել անձնական հիգիենային և հաճախակի փոխել սպիտակեղենը, սննդակարգից բացառել կծուն, թթուն, սուրճը: Բացի այդ, անհրաժեշտ է ճիշտ հասկանալ խնդրի էությունը և ճիշտ որոշում կայացնել բուժման համար:

 

f7. Ես համակարգչային ծրագրավորող եմ, երկար եմ նստում համակարգչի դիմաց: Լսել եմ, որ համակարգիչը բացասաբար է ազդում սեռական օրգանների վրա:
Խնդրում եմ՝ ասեք՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ:


Նստակյաց կենսակերպը սեռական առողջության թշնամին է, որը կարող է հանգեցնել կոնքի օրգանների կանգային երևույթների առաջացմանը, ինչ էլ ժամանակի ընթացքում նպաստում է շագանակագեղձի /պրոստատիտի/ բորբոքմանը:
Սակայն, եթե դուք պարբերաբար քայլային ընդմիջումներ կատարեք, ապա կարող եք խուսափել տհաճ հետևանքներից:

 

j8. Դա ճի՞շտ է որ, երկու պահպանակի միաժամանակյա օգտագործումն առավել անվտանգ է դարձնում սեռական հարաբերությունը:

Դրանից սեռական հարաբերությունն առավել անվտանգ չի դառնում: Ընդհակառակը՝ միաժամանակ երկու պահպանակ օգտագործելիս շփումն ավելանում է, և դրա հետևանքով երկուսն էլ կարող են պատռվել: Հուսալի պաշտպանության համար բավարար է մեկ պահպանակը, եթե, իհարկե, օգտագործվում է սեռական հարաբերության սկզբից, և պահպանավում են դրա օգտագործման կանոնները: Պետք է նշել, որ պահպանակը կարող է պատռվել նաև այն դեպքերում, եթե հին է (անհրաժեշտ է միշտ ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետին), եթե ջրային հիմքի վրա պատրաստված քսուքների փոխարեն օգտագործվում են ճարպային հիմքով կրեմներ կամ յուղեր:

 

 

 

j9. Ի՞նչ անել, եթե տեղի է ունեցել պատահական սեռական հարաբերություն


1. որքան հնարավոր է շուտ օճառով լվանալ սեռական օրգանները և գնալ զուգարան` միզելու.

 2. սեռական օրգանները մշակել հակասեպտիկ նյութով (օր.` միրամիստին, գեկսիկոն կամ բետադին).

 3.անցնել բժշկական սեքսոլոգիական հետազոտություն.

Սակայն ամենակարևորը` վարել պաշտպանված և կանոնավոր սեռական կենսակերպ:  

 

g10. Արդյո՞ք վնասակար է այն , երբ  չկա սեռական հարաբերություն  սակայն սեռական օրգաններով միշտ հպվում են իրար և այդպես բավարարվում՝ հասնելով օրգազմի: 


Երևույթը կոչվում է պետինգ: Պետինգը օրգազմով ավարտվող փոխադարձ սեքսուալ շոյանքներն են, որոնք ներառում են ինտիմ բնույթի ամենատարբեր գործողություններ` բացառելով սեռական օրգանների անմիջական շփումը:Այլ կերպ ասած` դա երկկողմանի կոնտակտի պայմաններում էրոգեն գոտիների, հաճախ' սեռական օրգանների գրգռումն է` ԲԱՑԱՌԵԼՈՎ ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՈՒՄԸ:

Այս տարբերակը ապահով է և անվնաս բոլոր առումներով, եթե, իհարկե, զուգընկերներից որևէ մեկը սեռավարակակիր չէ:

 

11.Դաշտանի ժամանակ կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ, թե՞ ոչ: Ցանկալի կլիներ իմանալ նաև դաշտանի հիգիենայի մասին:

Դաշտանի ժամանակ սեռական հարաբերությունները ցանկալի չեն, քանի որ այդ օրերին առավել մեծ է դեպի արգանդի խոռոչ վարակի ներթափանցման վտանգը:
Դաշտանի ժամանակ անհրաժեշտ է մաքուր պահել արտաքին սեռական օրգանները: Դրա համար անհրաժեշտ է օճառով լվացում կատարել` գոլ ձրի հոսող շիթի տակ` առջևից դեպի ետ: Լվացում պետք է կատարել օրվա ընթացքում երկու անգամից ոչ պակաս` մաքուր ձեռքերով: Դաշտանի ժամանակ խորհուրդ է տրվում ամեն օր գոլ ցնցուղ ընդունել: Դաշտանի օրերին չի կարելի լողանալ ջրավազաններում կամ ջրամբարներում: Դաշտանի ժամանակ պետք է օգտվել հատուկ հիգիենիկ միջադիրներից: Միջադիրները պետք է փոխել օրվա ընթացքում 2-3 անգամ, երբեմն` ավելի հաճախ:
Սուր համեմունքների (պղպեղ, մանանեխ) օգտագործումը նպաստում է դաշտանային արյունահոսությունների ուժեղացմանը:
Յուրաքանչյուր աղջիկ պետք է ունենա օրացույց, որտեղ նշի դաշտանի սկսվելու օրը, տևողությունը և կորցրած արյան մոտավոր քանակը (չափավոր, առատ, սակավ): Չափը որոշվում է հիգիենիկ միջադիրների ներծծման աստիճանի և միջադիրը փոխելու հաճախականությամբ:

 

 


12. Հնարավո՞ր է, որ սերմնաժայթումը ձգձգելով՝ ձեռնաշարժությունը դառնա պրոստատիտի առաջացման պատճառ:

Այո՛, հնարավոր է: Երևույթը կոչվում է սեքսուալ ֆրուստրացիա:
Առանց սերմնաժայթքման երկարատև գրգռման դեպքերը ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել կանգային բորբոքումների, այդ թվում՝ նաև պրոստատիտի:
Ինքնին ձեռնաշարժությունը անվնաս է, սակայն գրգռվելու դեպքում ավելի լավ է գործը հասցնել տրամաբանական ավարտին, այսինքն՝ ստանալ ամբողջական լիցքաթափում՝ ազատվելով սերմնահեղուկից:


13. Վերջերս նկատել եմ, որ առնանդամիս մաշկի տակ սպիտակ գոյացություններ են կուտակվում: Ինչպե՞ս ազատվել դրանցից:h


Կուտակված գոյացությունը կոչվում է սմեգմա /թլպաճարպ/, որը թլիպի ծայրամաշկի գեղձերի արտազատուկն է, կուտակվում է դրա ներքին թերթիկի տակ և առնանդամի պսակաձև ակոսում: Հիմնական բաղադրատարրերը ճարպեր են:
Սմեգմագոյացումն ավելանում է սեքսուալ ակտիվ շրջանում /18-25 տարեկանում/ և բացակայում ծերունական տարիքում: Երբ խախտվում են անձնական հիգիենայի կանոնները, և սմեգման երկար ժամանակ չի մաքրվում, ապա դա նպաստում է զանազան բորբոքային հիվանդությունների առաջացմանը:
Այդ առումով անհրաժեշտ է կանխել սմեգմայի կուտակումը՝ պահպանելով անձնական հիգիենայի կանոնները:

 

h14. Սեռական հարաբերության ժամանակ անցանկալի հղիությունից պաշտպանվում են ՝ հարաբերությունից առաջ ասպիրինի կոճակ ներհրելով դեպի ներս: Լսել եմ, որ դա վտանգավոր է: Դա ճի՞շտ է:


Ասպիրինը համապատասխան տեղում կարող է ստեղծել թթվային միջավայր, որտեղ սերմնաբջիջները չեն կարող գոյատևել, սակայն խորհուրդ չի տրվում այն պարբերաբար օգտագործել, քանի որ, իսկապես, այն կարող է քայքայիչ գործունեություն ծավալել և բավականին անախորժ ու անցանկալի երևույթներ առաջացնել:
Այնպես որ, լավ կլինի հրաժարվել այդ եղանակով պաշտպանվելուց և օգտվել ժամանակակից, հատուկ այդ նշանակության համար ստեղծված դեղամիջոցներից:

 

 

 

Հարցերին պատասխանեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղղել սեղմելով Այստեղ: