Առաջին երեխան ունենալուց հետո, շատ ծնողների կարող է թվալ, թե երկրորդ հղիությունն էլ նույնքան հեշտ կստացվի:
«Սակայն ոչ միշտ է այդպես լինում», -ասում է գինեկոլոգ Սինտիա Օսթինը:
Եկեք հասկանանք՝ որոնք են այն պատճառները, որոնք կարող են խոչընդոտել Ձեր երկրորդ հղիությունը:

1. Ձեր տարիքը 35-ից բարձր է

Գաղտնիք չէ, որ կնոջ՝ հղիանալու հավանականությունը մեծապես կախված է նրա տարիքից: Բժիշկ Օսթինի խոսքով՝ 30-ն անց կանայք ավելի շատ են հակված երկրորդ անգամ հղիանալու հետ կապված դժվարություններ ունենալուն:

2. Ձեր տղամարդու սերմնահեղուկի որակը վատն է

Տղամարդու տարիքը, առողջական վիճակը, որոշ դեղամիջոցներ կարող են ազդեցություն ունենալ նրա սերմնահեղուկի որակի վրա: Օրինակ՝ տեստոստերոնի ընդունումը նույնպես կարող է ազդել:

Ամորձիների գերտաքացումը եւս կարող է նվազեցնել սպերմատոզոիդների քանակը:

3. Դուք Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ ունեք

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը հորմոնալ դիսբալանս է, որը կարող է խաթարել կնոջ օվուլյացիան: Եթե Ձեր դաշտանն անկանոն է կամ բացակայում է, դիմեք բժիշկի՝ պարզելու համար՝ արդյոք ունեք Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ:

4. Դուք ավելորդ քաշ ունեք

Թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դեպքում ավելորդ քաշը կարող է բեղմնավորման հետ կապված խնդիրներ առաջացնել: Կանանց մոտ ավելորդ քաշը կարող է առաջացնել ինսուլինի անբավարարություն, ինչպես նաեւ՝ տեստոստերոնի քանակի ավելացում, որը նույնպես կարող է խանգարել օվուլյացիային:

Տղամարդկանց դեպքում ավելորդ քաշը կարող է ավելացնել էստրոգենի քանակն օրգանիզմում, ինչն, իր հերթին, կարող է  նվազեցնել սպերմատոզոիդների քանակը:

5 Դուք ծխում եք եւ չափից շատ ոգելից խմիչք եք օգտագործում

Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց դեպքում չափից դուրս շատ ալկոհոլ օգտագործելը նույնպես չի խրախուսվում, եթե պատրաստվում եք ծնող դառնալ:
Օրական երկու բաժակից ավելի խմիչքը կանանց դեպքում երկարաձգում է բեղմնավորման գործընթացը եւ նվազեցնում առողջ երեխա ծննդաբերելու շանսերը:

Ծխելը վնասակար է ոչ միայն առողջության, այլեւ՝ պտղաբերության համար: Ծխող կանայք ավելի շատ են հակված չբերության, քան նրանք, ովքեր չեն ծխում: 
Ծխախոտը բացասական ազդեցություն ունի նաեւ տղամարդկանց սերմնահեղուկի որակի վրա:

Խորհուրդ. Երկրորդ անգամ հղիանալը կարող է մի փոքր երկար տեւել, քան առաջին անգամը: Գինեկոլոգ Սինտիա Օսթինը խորհուրդ է տալիս միանգամից չանհանգստանալ, այլ մի փոքր սպասել: Սակայն եթե Ձեր ջանքերը մեկ տարուց ավելի է՝ ապարդյուն են անցնում, ապա ճիշտ կլինի այցելել բժիշկի:
 


Աղբյուրը՝ Clevelandclinic.org