Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը միջազգային նշաձող է սահմանում Հայաստանի մանկաբուժական ոլորտում
Նոյեմբերի 3, 2023
Մադերա (Կալիֆորնիա)
Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը և ԱՄՆ լավագույն մանկական բուժհաստատություններից մեկը՝ Valley Children’s Healthcare-ը հայտարարել են իրենց համագործակցության մասին․ շարունակական գործակցության համաձայնագրի նպատակն է միջազգային ստանդարտներ ներդնել Հայաստանի մանկաբուժական առողջապահության ոլորտում։
Հուշագիրը ենթադրում է հայ և ամերիկացի բժիշկների շարունակական երկուստեք փորձի փոխանակում, բուժքույրական կրթություն և վերապատրաստում, որակի և հիվանդների անվտանգության արձանագրությունների մշակում, ինչպես նաև օրդինատուրայի ծրագրերի և համատեղ հետազոտական ջանքերի շուրջ համագործակցություն:
«Ուիգմորի և ընդհանրապես Հայաստանի մանկաբուժական ոլորտի համար պատմական այս հուշագիրը նոր նշաձող է սահմանում բոլորիս համար», – նշում է Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի տնօրեն բժիշկ Զավեն Քոլոյանը։ Ըստ նրա խոսքերի՝ Ուիգմորն ու Valley Children’s-ը միավորում են միևնույն տեսլականն ու արժեքները, որոնց հիմքում է համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթը։
«Միացյալ Նահանգների առաջատար առողջապահական հաստատության հետ համագործակցության այս հուշագրի կնքումը վերահաստատում է Ուիգմորի առաքելությունը՝ վերափոխել մանկական առողջապահությունը, համակարգային փոփոխություններ բերել Հայաստանի առողջապահական ոլորտ՝ սահմանելով որակի և խնամքի միջազգային չափանիշներ:», - նշում է Զավեն Քոլոյանը։
Իր հերթին, Valley Children’s Healthcare-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոդ Սունտրապակը իր երախտագիտությունն է հայտնում Ուիգմորի թիմին համագործակցությունը հաստատելու համար։
«Համագործակցության հուշագրի ստորագրումը մեր հարգանքի տուրքն է երկու բուժ. հաստատության ընդհանուր արժեքների՝ գործնական դաշտում արտահայտմանը․ ԱՄՆ մանկական բուժօգնության փորձառությունը, Valley Children’s-ի 70-ամյա փորձն ու ժառանգությունը հայ մասնագետների հետ կիսելու հնարավորությունը, ինչպես նաև նման համագործակցության պրակտիկ չափելիությունը մեզ համար կարևոր ու անգնահատելի են», – նշել է Թոդ Սունտրապակը։
Ավելի վաղ, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բժիշկների արդեն երկրորդ խումբն էր մեկնել Valley Children's մասնագիտական փորձի փոխանակման մանկաբուժության, մանկական վիրաբուժության և ռադիոլոգիայի ոլորտներում: