Կարճատեսությունը ներկայումս շատ տարածված խնդիր է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների շրջանում, որի հաղթահարման ժամանակակից տարբերակներից մեկը գիշերային օրթոկերատոլոգիական ոսպնյակներ կիրառելն է։
Այս մասին մենք զրուցել ենք Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնի ակնաբույժ Նաիրա Խչեյանի հետ։
«Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնում գիշերային ոսպնյակների կիրառման արդեն ձևավորված փորձ կա»
- Բժշկուհի՛ Խչեյան, կպատմե՞ք մեզ, թե ինչ է գիշերային ոսպնյակը։
- Գիշերային ոսպնյակները գիշերվա ընթացքում վերականգնում են տեսողությունը՝ ապահովելով 100% տեսողություն ցերեկային ժամերին՝ առանց ակնոցի, կոնտակտային ոսպնյակների կամ վիրահատության։ Դրանք ունեն հատուկ կառուցվածք, ինչի շնորհիվ քնի ընթացքում փոխում են եղջերաթաղանթի վերին շերտերի ձևը։ Այս փոփոխության արդյունքում լույսը ճիշտ է կենտրոնանում ցանցաթաղանթի վրա, և տեսողությունը շտկվում է։ Ոսպնյակները պետք է կրել առնվազն 6-8 ժամ, իսկ արդյունքը կարող է պահպանվել մինչև 24-48 ժամ։
-Գիշերային ոսպնյակների կիրառման ի՞նչ փորձ կա Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնում։
-Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնում գիշերային ոսպնյակների կիրառման արդեն ձևավորված փորձ կա։ Մենք ավելի քան մեկ տարի է, ինչ օգտագործում ենք MoonLens օրթոկերատոլոգիական ոսպնյակները և համագործակցում ենք ռուսական Sky Optics լաբորատորիայի հետ։ Այս ընթացքում մեր կենտրոն դիմել են բազմաթիվ բուժառուներ, որոնց մոտ գիշերային ոսպնյակների կիրառումը տվել է ակնհայտ դրական արդյունքներ, քանի որ նրանց մոտ կարճատեսության աճ չի արձանագրվել։ Սա մեզ հնարավորություն է տալիս ասել, որ գիշերային ոսպնյակները կարող են դառնալ ակնոցների և սովորական կոնտակտային ոսպնյակների արդյունավետ ու անվտանգ այլընտրանք։
«Երեխաների մոտ կարճատեսության աճը դանդաղում է մինչև 60–80%»
-Այս մեթոդը հատկապես արդյունավետ է երեխաների դեպքում, այնպես չէ՞։
-Ճիշտ է, քանի որ կարճատեսությունը հաճախ սկսվում է դպրոցական տարիքում և արագ զարգանում։ Գիշերային ոսպնյակները թույլ են տալիս դանդաղեցնել այդ գործընթացը մինչև 60-80%-ով։
-Ո՞ր տարիքից սկսած երեխաները կարող են կրել գիշերային ոսպնյակներ։
-Սովորաբար՝ 6 տարեկանից։ Բայց կարևոր է, որ երեխան կամ ընտանիքը կարողանան ապահովել ճիշտ խնամք։ Ընդհանուր առմամբ մեթոդը կիրառելի է մինչև 60 տարեկան մարդկանց դեպքում։ Լավագույն արդյունքը ստացվում է մինչև –7 դիոպտրիա կարճատեսության և մինչև –4 դիոպտրիա աստիգմատիզմի դեպքում։
-Իսկ մեծահասակների համար ի՞նչ առավելություն ունեն այս ոսպնյակները։
-Մեծահասակները ստանում են ազատություն։ Կարող են զբաղվել սպորտով, ունենալ ակտիվ կենսակերպ՝ առանց ակնոցի կամ փափուկ ոսպնյակների։
- Իսկ այժմ առաջարկում եմ ունենալ արագ հարց ու պատասխան, որը, վստահ եմ, կհետաքրքրի մեր ընթերցողներին։ Կարելի՞ է գիշերային ոսպնյակներ կրելուց հետո կատարել լազերային վիրահատություն։
- Այո՛։ Եթե մարդը որոշ ժամանակ օգտագործել է գիշերային ոսպնյակներ, հետո կարող է դիմել լազերային միջամտության, եթե հակացուցումներ չկան։
-Վտանգավո՞ր չէ քնել գիշերային ոսպնյակներով։
- Եթե ոսպնյակը ընտրված է ճիշտ և պահպանվում են հիգիենայի բոլոր կանոնները, ապա այն անվտանգ է։ Ռիսկերը նույնն են, ինչ սովորական կոնտակտային ոսպնյակների դեպքում։
- Կարո՞ղ է տեսողությունը վատանալ։
-Ո՛չ։ Արդյունքը դարձելի է․ եթե դադարեք կրել գիշերային ոսպնյակները, եղջերաթաղանթը վերադառնում է իր նախկին վիճակին։
- Ինչպիսի՞ բարդություններ կարող են լինել։
- Ռիսկերը շատ փոքր են։ Հնարավոր է՝ լինզան սխալ տեղադրվի, այդ օրը տեսողությունը մի փոքր վատ լինի։ Վարակման վտանգը մինիմալ է, եթե պահպանվում են հիգիենայի կանոնները։
-Այս ոսպնյակների խնամքը դժվա՞ր է։
-Ո՛չ։ Խնամքը նույնն է ինչ սովորական ոսպնյակների դեպքում՝ հատուկ լուծույթով, առավոտյան և երեկոյան։
- Ցավո՞տ է գիշերային ոսպնյակներով քնելը։
- Ո՛չ։ Առաջին 2-3 գիշերվա ընթացքում կարող է լինել օտար մարմնի զգացողություն, որը հետո անցնում է։
- Ինչո՞ւ են այս ոսպնյակները ավելի թանկ, քան սովորականները։
-Այս ոսպնյակները պատրաստվում են անհատապես յուրաքանչյուր աչքի համար՝ հատուկ գազաթափանց նյութից։
-Որքա՞ն ժամանակ կարելի օգտագործել մեկ զույգ գիշերային ոսպնյակները։
- Սովորաբար ոսպնյակները օգտագործվում են 1 տարի՝ ճիշտ խնամքի դեպքում։
Այսպիսով, գիշերային օրթոկերատոլոգիական ոսպնյակները թույլ են տալիս ազատվել ակնոցից կամ փափուկ լինզաներից ցերեկային ժամերին՝ միաժամանակ դանդաղեցնելով կարճատեսության զարգացումը։ Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնում դուք կարող եք անցնել անհրաժեշտ հետազոտությունները, ստանալ հատուկ ձեզ համար ընտրված գիշերային ոսպնյակները, իսկ կենտրոնի փորձառու մասնագետները ամբողջ ընթացքում կլինեն ձեր կողքին։
Նաիրա Խչեյան
ակնաբույժ



