Հարգելի բարեկամներ,

Այսօր ուզում եմ անդրադառնալ մի հարցի, որն աշխարհում կարևորագույն առողջապահական և սոցիալական խնդիրներից է. դա վիրուսային խրոնիկ հեպատիտներն են: Ինչու՞ են դրանք այնքան կարևոր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ, նշում է հուլիսի 28 որպես հեպատիտների համաշխարհային օր:

Ամեն տարի մեկ միլիոն մարդ է մահանում խրոնիկ վիրուսային հեպատիտից. այն լյարդի ցիռոզի և քաղցկեղի ամենահաճախակի պատճառն է, որոնք էլ արդեն հանգեցնում են մահվան: Աշխարհում այսօր մոտ 500 միլիոն մարդ, կամ 12 հոգուց մեկը, ունեն խրոնիկ հեպատիտ  B կամ C վարակ: Նրանց մեծ մասը չգիտի, որ վարակված է:

Սրանք ԱՀԿ հաշվետվության տվյալներն են, և այս տարվա Հեպատիտների համաշխարհային օրվա կարգախոսն է՝

ՍԱ ՀԵՊԱՏԻՏՆ Է: ԱՅՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ Է, ՔԱՆ ԳԻՏԵՍ
ԻՄԱՑԻՐ: ԴԻՄԱԴՐԻՐ: ՍՏՈւԳՎԻՐ:

Չնայած B և C հեպատիտների վարակն ավելի տարածված է, քան ՄԻԱՎ կամ որևէ քաղցկեղը, համոզված եմ, որ այդքան շատ չեք լսել հեպատիտի մասին, ինչքան այս մյուս մահացու հիվանդությունների: Բայց մի րոպե…այդքա՞ն էլ մահացու: Եթե քաղցկեղը վաղ շրջանում ախտորոշվի, այն կարող է հաջողությամբ լիովին բուժվել: Իսկ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ն այսօր համարվում է վերահսկելի հիվանդություն. մահացությունն աշխարհում զգալիորեն նվազել է՝ շնորհիվ առկա բուժմանը, որը ճնշում է վիրուսը և թույլ է տալիս հիվանդներին ավելի երկար ապրել, ինչպես այլ խրոնիկ հիվանդությունների ժամանակ, ասենք օրինակ շաքարաին դիաբետի կամ հիպերտոնիայի:

Իսկ ինչու՞ պետք է հեպատիտ B կամ C մտահոգի հենց ՁԵԶ.

Ինչպե՞ս կարող եմ ես վարակվել

Այս վիրուսները կարող են անցնել երեք հիմնական ճանապարհով՝ արյան հետ շփում, սեռական, և վարակված մորից երեխային հղիության կամ ծննդաբերության ընթացքում: Ռիսկային գործողություններից են՝ արյան փոխներարկումը, դիալիզը, ստոմատոլոգիական միջամտությունները, վիրահատությունը, պիրսինգը, տատուն, ուրիշների հետ միևնույն ասեղների կամ ներարկիչների օգտագործումը, նույնիսկ մանիկյուրը, պեդիկյուրը,  սափրումը, եթե օգտագործվում են ոչ պատշաճ դեզինֆեկցված գործիքներ: Այսինքն, նույնիսկ եթե դուք ձեզ չեք համարում ռիսկի խմբում, քանի որ ներերակային թմրամոլ չեք և սեռական անպաշտպան պատահական կապեր չունեք, դուք չեք կարող երաշխավորված լինել հեպատիտ B կամ C վարակվելուց:

Ինչպե՞ս իմանալ, վարակվել եմ արդյոք ես հեպատիտ B կամ C

Սուր հեպատիտ B կամ C դեպքում կարող են ի հայտ գալ հիվանդության նշանները՝ թուլություն, տենդ, սրտխառնոց, փոխում, մաշկի և աչքերի դեղնություն, սակայն խրոնիկ հեպատիտ B և C դեպքում մեծամասամբ հիվանդությունը որևէ կերպով չի արտահայտվում երկար տարիների ընթացքում, մինչև որ զարգանում է լյարդի լուրջ ախտահարում: Ահա թե ինչու է հեպատիտ C կոչվել «լռակյաց մարդասպան»: Վարակը վաղ հայտնաբերելու հիմնական եղանակն է կատարել արյան քննություն (անալիզ) վիրուսների վերաբերյալ:

Ինչպե՞ս կարող եմ ես պաշտպանվել վարակվելուց

Հեպատիտ B կանխարգելելու լավագույն ձևը պատվաստվելն է: Ցավոք, հեպատիտ C դեմ պատվաստում չկա: Այս վարակներից խուսափելու ընդհանուր կանոններն են՝ պաշտպանված սեքսը, ասեղներ կամ ներարկիչներ կրկնակի չօգտագործելը, այլ մարդկանց հետ միևնույն անձնական խնամքի այնպիսի պարագաներից չօգտվելըը, որոնք կարող են արյան հետ շփվել:

Իսկ եթե ես վարակված եմ հեպատիտ B կամ C. կա՞ արդյոք բուժում


Խրոնիկ հեպատիտ C այսօր համարվում է բուժելի հիվանդություն. վիրուսը կարող է ամբողջովին մաքրվել օրգանիզմից պացիենտների որոշ տոկոսի մոտ՝ հիմնական դեղորայքային համակցության օգտագործումով՝ պեգինտերֆերոն և ռիբավիրին: Խրոնիկ հեպատիտ B դեպքում նախ պետք է որոշել, թե պացիենտին բուժում հարկավոր է արդյոք: Հեպատիտ B վիրուսի մաքրումը բուժման միջոցով շատ ավելի բարդ խնդիր է, սակայն հնարավոր է ճնշել վիրուսը, որպեսզի այն նվազագույն չափով վնասի լյարդը:
 
Եվ վերջապես, ամփոփելով.

Հեպատիտ B և C վարակները շատ տարածված են ամբողջ աշխարհում: Վարակվել հնարավոր չէ միայն խոսելով, դիպչելով վարակված մարդուն կամ նույն սպասքից օգտվելով: Այնուամենայնիվ, ոչ ոք երաշխավորված չէ վարակվելուց՝ չնախատեսված արյունային կամ սեռական շփման միջոցով: Խրոնիկ վիրուսային հեպատիտը կարող է որևէ կերպ չարտահայտվել երկար ժամանակ, մինչև որ արդեն ուշ լինի բուժում ստանալու համար: Սակայն եթե հիվանդությունն ախտորոշվի վաղ փուլում, կան բուժման էֆեկտիվ տարբերակներ: Ախտորոշվելու եղանակն է անցնել արյան քննություն հեպատիտ B և C վերաբերյալ:

Եթե Դուք ունեք հարցեր հեպատիտ B կամ C հետ կապված, ցանկանում եք ստուգվել, կամ ունեք արդեն նման խնդիր, ապա դիմեք համապատասխան մասնագետի՝ բժիշկ-լյարդաբանի, Ձեր առողջության հարցերին առավել կոմպետենտ մոտենալու համար:


Հեղինակ` Երևանի պետական բժշկական համալսարանի թերապիայի թ. 4 ամբիոնի ասիստենտ, "Արմենիա" ՀԲԿ գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքի գաստրոէնտերոլոգ, լյարդաբան  Մանիկ Բենիամինի Գեմիլյան