«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի պատմությունը սկիզբ է առնում 1995-ից: Այն ժամանակ հազարավոր կանայք կանգնած էին նույն խնդրի առաջ ու չգիտեին անգամ, թե ինչ ասել է մամոգրաֆիա: Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ Ռիտա Պալեանի և այդ շրջանում պատգամավոր Հրանուշ Հակոբյանի ջանքերով ստեղծվեց Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնը, որը 2002թ.-ին վերափոխվեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի (ՀԱԱԿ): Այն մասնաճյուղ ունի նաև Գավառ քաղաքում:
Կենտրոնի նպատակն է Հայաստանում և տարածաշրջանում պահպանել, բարելավել մարդկանց առողջությունը, զբաղվել կանխարգելիչ բժշկությամբ, իրականացնել կրծքագեղձի, արգանդի պարանոցի, շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման, ոսկրերի խտության ախտորոշմամբ կոտրվածքների կանխարգելման ծրագրեր և բուժումներ, նպաստել ընտանիքի առողջության պահպանմանը, առողջ ապրելակերպի քարոզչությանը, իրականացնել կրթական ծրագրեր:
Վիճակագրություն
ՀԱԱԿ-ը մամոգրաֆիայի կոմպլեքս հետազոտություն իրականացնող առաջին կենտրոնն է Հայաստանում: Կենտրոնի բժիշկների ջանքերով մինչև օրս փրկվել են մոտ 6 հազար հայուհիներ: Գործունեության 19 տարիների ընթացքում կատարվել է ավելի քան 429,354 հետազոտություն: Ամեն տարի հետազոտվում է 40,000 կին: Կենտրոնի բացման օրից մինչև օրս կատարվել է կրծքագեղձի 229,989 հետազոտություն: Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է 9,303 այցելուի մոտ: Ցավոք, կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ունեն երիդասարդացման միտում. մինչև 29 տարեկան 71 կնոջ մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: Մինչև օրս կենտրոնում հետազոտվել է 1,235 տղամարդ այցելու:
Միջազգային համագործակցություն
ՀԱԱ Կենտրոնը շարունակում է միջազգային հաամգործակցությունը ամերիկյան և Եվրոպական առաջատար կլինիկաների հետ: 2015թ-ի հունվար-փետրվար ամիսներին կենտրոնի ուռուցքաբան վիրաբույժ Արմեն Քոչարյանը մեկնեց և վերապատրաստվեց ԱՄՆ-ի Յուտայի նահանգի Բժշկական Կլինիկայում: Փոխադարձ այցով հունիսի 18-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան ժամանած վիրաբույժ-ուռուցքաբան Ջեյ Հարնեսը և ամերիկահայ պլաստիկ վիրաբույժ, պրոֆեսոր Արթուր Սալիբյանը վերապատրաստեցին Կենտրոնի ուռուցքաբան-վիրաբույժ Արմեն Քոչարյանին և պլաստիկ վիրաբույժ Հովհաննես Ստեփանյան իրականացնել յուրահատուկ վիրահատություն Հայաստանում՝ պտուկի պահպանմամբ կրծքագեղձի մաստէկտոմիա և միաժամանակյա վերականգնում իմպլանտով:
Առողջության Կենտրոնը, Գերմանիայում ՀՀ Դեսպանության և Երևանի Մ. Հերացու անվան Բժշկական Համալսարանի հետ համատեղ, 2015թ-ի հուլիսի 1- 4-ը իրականացրեց Գերմանիայի Զյուդշտատ Ռոստոկ Կլինիկայից պրոֆեսոր Բեռնդ Գերբերի և Վիավանտես Ամ Ուռբան կլինիկայից պրոֆեսոր Անդրե Ֆարիդիի այցը ՀՀ: Այցի շրջանակում երկու պրոֆեսորները Կենտրոնում իրականացրեցին անվճար խորհրդատվություն և կրծքագեղձի մի շարք վիրահատություններ:
ՀԱԱԿ-ը փորձում է առավելագույն աջակցություն ցույց տալ անապահով խավին: Կենտրոնի բժիշկները կատարում են արտագնա այցեր Հայաստանի տարբեր մարզեր, որտեղ իրականացնում են բնակչության անվճար ախտորոշում: 2015թ-ի ընթացքում ՀԱԱԿ-ի բժիշկներն իրականացրել են 20 արտագնա այցելություն, որոնց շրջանակներում զննվել է 1,343 այցելու, մատուցվել է 1,822 բժշկական ծառայություն:
Կենտրոնում մատուցվում են նաև ընտանեկան բժշկի, հոգեբանի ծառայություններ:
ՀԱԱ Կենտրոնը տարեցտարի ընդլայնում է մատուցվող ծառայությունները: 2015թ-ի ապրիլից, պլաստիկ վիրաբույժի հսկողությամբ, Կենտրոնում իրականացվում է դեմքի և մարմնի անոթների, մաշկի գունավորման (պիգմենտացիաների), անոթային ցանցիկի լազերային բուժում Vbeam Perfecta լազերով:
2015թ-ի հունիսից Կենտրոնում իրականացվում է նախա- և հետվիրահատական վերականգնողական թերապիա, բուժական մերսում և մանուալ լիմֆոդրենաժ: Վիրահատական միջամտությունից հետո հետվիրահատական վերականգնողական գոծողություններն ուղղված են վերադարձնել անհատին բնականոն կյանքին, վերականգնել նրան թ՛ե ֆիզիկական և թ՛ե հոգեբանական առումով: