Ճապոնական ռեյքի տեխնիկան ճանաչված է ողջ աշխարհում սուշիից և այքիդոյից ոչ պակաս: Այն թույլ է տալիս բուժել ինքն իրեն և ուրիշներին առանց դեղահաբերի, միմիայն ձեռքերի օգնությամբ:

Դժվար է հավատալ, որ ձեռքի հպումով կարելի է նույնիսկ հետդաշտանային սինդրոմ բուժել: Բայց ճապոնացիները դա չեն էլ կասկածում: Չէ՞որ նրանք դիտարկում են մարդու մարմինը որպես շրջակա աշխարհի հետ կապված էներգետիկ համակարգ:

Այլ խոսքերով՝ ճապոնացու տեսանկյունից քո և աստիճաններով հևիհև ու շտապողաբար մագլցող անծանոթ քեռու միջև ոչ մի սահման գոյություն չունի: Եթե նա կամենա ազատել քեզ մեջքի ցավից, ապա կանգ կառնի, ձեռքերը կդնի մարմնիդ (քո համաձայնությամբ, իհարկե), և ցավը կնահանջի: Դու էլ քո հերթին կարող ես օգնել նրան հաղթահարել արյան բարձր ճնշումը ձեռքի ընդամենը մեկ հպումով:

Ռեյքիի մասնագետները վստահ են` միմյանց բուժելու համար մեզ բավական է հաղորդություն ստանալ և հիշել ձեռքերի օգտագործման սխեման (ինչը հաջողությամբ կիրառվում է Ճապոնիայում արդեն 90 տարի): Բացի այդ, պետք է որոշում կայացնենք, որ կամենում ենք օգնել միմյանց հենց այնպես, անշահախնդիր կերպով:

Բուն էությունը   

Ձեռքերի միջոցով բուժումը հորինել է բժիշկ Միքաո Ուսուին 1920-ականներին: Տարբեր աղբյուրներ տարբեր կերպ են ներկայացնում ռեյքիի ստեղծման պատմությունը: Առաջինները պնդում են, որ Ուսուին հայտնություն է ունեցել Քուրամա լեռան մոտ գտնվող մենաստանում: Այլ աղբյուրներ հաստատում են, որ ռեյքիի հիերոգլիֆները նա տեսել է Սութրայում՝ բուդդայական սուրբ տեքստում:

Ինչևէ, յոթ տարի անց այն օրվանից, երբ պրն. Ուսուին սկսեց բուժել պարզապես ձեռքերով դիպչելով իր  հիվանդներին, այդ մեթոդը ճանաչվեց ճապոնական կառավարության կողմից, իսկ ևս 10 տարի անց այն սկսեցին կիրառել ամերիկացիները:
Ներկայումս Ամերիկայի և Եվրոպայի հիվանդանոցներում այդ տեխնիկան ուսուցանում են բուժքույրերին: Շոյելու և թեթևակի թփթփացնելու միջոցով նրանք չեզոքացնում են ցավը և արագացնում հետվիրահատական վերականգնման գործընթացը: Սեանսը տևում է 30-60 րոպե. հիվանդը պառկում է, իսկ բուժակը ձեռքերը դնում է նրա վրա ըստ ավանդական սխեմայի կամ առաջնորդվելով սեփական ինտուիցիայով: Այդ ընթացքում հիվանդը զգում է սաստիկ թուլություն, ջերմություն, ծակծկոց, քնատություն կամ էլ աշխուժություն:

Ուժի դաշտերը

Ռեյքիի վարպետ Տատյանա Վոստրովանարդեն տասը տարի է, ինչ ապաքինում է ձեռքերի օգնությամբ: Նա հավատացած է, որ մոտ ապագայում «ՔԻ» էներգիան, որը բժշկողից փոխանցվում է բուժումը ստացողին, հնարավոր կլինի չափել:

«Մեկ տարի առաջ ես հանդիպել եմ իմ գերմանացի կենսաֆիզիկոս ընկերներին և քննարկել նրանց հետ այս բնական բուժման տեխնիկան: Նրանք փորձել են չափել «ՔԻ» հոսքերը սեանսների ընթացքում: Արդյունքները դեռ հայտնի չեն»։

Ռեյքիի բուժիչ ազդեցության ամենաճշգրիտ բացատրությունը Տատյանան, ինչպես և բժիշկ Ուսուիի արևմտյան հետևորդներից շատերը, կապում են տորսիոն կամ պտտման դաշտերի տեսության հետ (դրանք առկա են մշտապես, այլ ոչ թե գոյանում են իմպուլսի հետևանքով, ինչպես, օրինակ, էլեկտրամագնիսականները):

Սակայն չապացուցված է մնում ևս մի վարկած, համաձայն որի տորսիոն դաշտերը տեղեկատվական են: Դա կարող էր շատ բան պարզաբանել. չէ՞ որ ռեյքիի հետևորդները գտնում են, որ բուժման ընթացքում տեղի է ունենում ոչ միայն էներգիայի, այլև ինֆորմացիայի փոխանակում:

Իր ողջ կյանքի ընթացքում բժիշկ Միքաո Ուսուին ուսումնասիրել է պատճառահետևանքային կապը հիվանդության և էմոցիաների միջև: Ի վերջո, նա եկել է այն եզրակացության, որ բացասական ապրումները նյութականանում են հիվանդությունների տեսքով:

Հիվանդին օգնելու համար վարպետը գտնում է էներգիայի լճացումն օրգանիզմում և ձեռքերը դնում տվյալ հատվածի վրա: Այսինքն, նա ոչ թե փոխարինում է բացասականը դրականով և լրացնում պակասը, այլ գործի է դնում օրգանիզմի թաքնված պաշարները: Այնպես որ, ռեյքիի տեսանկյունից ապաքինումը ոչ թե բուժողի, այլ բուժվողի ջանքերի արդյունք է:

Բաց խողովակ

Ռեյքին պրակտիկայում կիրառողը կարողանում է օգնել մարդկանց՝ ընդամենը դիպչելով նրանց իր ձեռքերով, ոչ թե իր բացառիկ ունակությունների, այլ այն բանի շնորհիվ, որ նա կարողանում է հաղթահարել բացասական էմոցիաներն ավելի լավ, քան ուրիշները:

Այսպես, եթե դու կամ վերոհիշյալ շտապող քեռին որոշեիք միմյանց օգնել, դուք պետք է նախ սկսեիք հետևել 5 կանոնների` չզայրանալ, չհուզվել, լինել շնորհակալ, ինքնակատարելագործվել, բարություն ցուցաբերել շրջապատի նկատմամբ:

«Մարդը ջրով լի բաժակի է նման, ուր ինչ ասես, որ չկա` բացասական մտքերի քարակտորներ, տգիտության ավազ, - բացատրում է Տատյանա Վոստրովան, - զարգացնելով մարմինդ ու ոգիդ՝ դու զգում ես, թե ինչպես է ցեխը նստում հատակին: Վարպետի հիմնական նպատակն է դառնալ բաժակի մեջ լցված զուլալ աղբյուրի ջուր»։

Ռեյքիի սիստեմով ապրելը ենթադրում է ամենoրյա պարտադիր մեդիտացիա, շնչառական վարժություններ, ինչպես նաև բացարձակ անշահախնդրություն. չէ՞ որ ի սկզբանե Միքաո Ուսուին ստեղծել է իր մեթոդը նրանց համար, ովքեր ի վիճակի չեն վճարելու թանկ արժեցող բժիշկներին:

«Հիմա ես հաստատ գիտեմ, որ ցանկացած մարդ, անկախ իր կրթությունից և սոցիալական կարգավիճակից, կարող է բացահայտել սա իր մեջ և սովորել բուժել ձեռքերի օգնությամբ: Միակ պահանջը` ցանկանալ ապրել ոչ թե սեփական անձի, այլ ուրիշների համար»,- համոզված է Տատյանա Վոստրովան:

Ռեյքիի պրակտիկան ավանդաբար բաժանվում է մի քանի փուլերի.

1-ին աստիճան` մի քանի հաղորդություններից բաղկացած դասընթացներ, որոնք ծանոթացնում են ձեռքերն օգտագործելու սխեմային։
2-րդ աստիճան` վարպետը ծանոթացնում է ռեյքիի «ուժի 3 խորհրդանիշերին»։ Արդյունքում առաջանում է հեռավորությամբ բուժելու ունակություն։
3-րդ աստիճան` աշակերտը դառնում է վարպետ և սկսում սովորեցնել այլոց:

Հաղորդության ընթացքում գերբնական ոչինչ տեղի չի ունենում: Դու նստած ես խուփ աչքերով, իսկ վարպետը քո գլխավերևում ռեյքիի հիերոգլիֆներ է նկարում: Դա տևում է մոտ 10 րոպե: Սուբյեկտիվ զգացողությունները քննարկելն ընդունված չէ: Ռեյքիում համարվում է, որ ակնկալումները խոչընդոտում են լիակատար բացվելուն հաղորդակցվելու ընթացքում:

Cosmo.am