Սեպտեմբերի 27-ին Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում տեղի ունեցավ Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) Օհաննես Ջոն Խաչիկյանի անվան Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը։ Կենտրոնում գործող վիրահատարանը եւ ակնային զննման բաժանմունքը հագեցած են նորագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա ակնային առողջության պահպանման համալիր ծառայություններ մատուցել մարզի բնակչությանը։

Կենտրոնում վիրահատություններն իրականացվելու են ՀԱՆ-ի և Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած փորձառու մասնագետների վերահսկողությամբ: Վիրահատարանում առկա տեսակապի միջոցով անհրաժեշտության դեպքում տեղի բուժանձնակազմը կարող է կապ հաստատել Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ եւ խորհրդակցել վիրահատությունների ընթացքում:

Հայկական ակնաբուժության նախագիծը ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2005թ.-ից ակնաբուժական ծառայություններ է մատուցում Շիրակի մարզի բնակիչներին: Այս ժամանակաշրջանում ՀԱՆ-ի բժշկական խմբերը եւ Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) յոթ անգամ այցելել են մարզ՝ ինչի արդյունքում ավելի քան 35,000 անձ ակնաբուժական հետազոտություն է անցել, ավելի քան 7,000 անձ՝ խորացված հետազոտություն ԱՇՀ-ում, իրականացվել է շուրջ 3600 վիրահատություն և լազերային բուժում, ավելի քան 8800 բնակիչ ակնոց է ստացել:

Մարզային ակնաբուժական կենտրոնների ստեղծումը ՀԱՆ-ի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի առանցքն է։ Ծրագրի նպատակն է խթանել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը ՀՀ մարզերում բնակչության բոլոր շերտերի համար՝ հիմնելով երկրորդական մակարդակի ակնաբուժական կենտրոններ Հայաստանի հինգ մարզում և ապահովելով դրանց շարունակական աշխատանքը:

Բացմանը ներկա էին ՀԱՆ-ի ղեկավարությունը, ՀՀ առողջապահության նախարարության, հանրապետության առողջապահական համակարգի եւ Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ, ԱՄՆ-իցժամանած անվանի ակնաբույժեր եւ ՀԱՆ-ի բարերարներ:

 

Հայկական ակնաբուժության նախագիծ ԲՀ