ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիրը 2016 թ. մարտի համարում անդրադարձել է ռազմական բժշկության կարևորությանն ու նշանակությանը բանակի համար: Հոդվածը ներկայացնում է Կարեն Գրիգորյանը:

 

Այսօր ՀՀ-ում ռազմական բժշկությունը, այդ թվում նաև վիրաբուժությունը, մեծ և վստահ քայլերով առաջ են ընթանում՝ գրանցելով նոր հաջողություններ ինչպես բուժական, այնպես էլ կանխարգելիչ միջոցառումերի պլանավորման և իրականացման գործում: Ինքս զինվորական եմ շուրջ 16 տարի և այժմ որպես հրամանատարի բուժգծով տեղակալ ծառայում եմ Զանգեզուրի կայազորային հոսպիտալում և առանց ավելորդ համեստության և մեծ ուրախությամբ պետք է փաստել, որ շատ զինվորական հոսպիտալներ,  այդ թվում նաև մեր հոսպիտալը զինծառայողներին զուգահեռ հասցնում է սպասարկել նաև դիմած յուրաքանչյուր քաղաքացու՝ Սիսիանից, Գորիսից, Կապանից և այլն՝ վայելելով նրանց վստահությունը:

Առօրյա գործունեության ընթացքում, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բուժօգնության ցուցաբերումը մեր` զինվորական բժիշկներիս հիմնական պարտականություններից մեկն է, ինչին մենք պատրաստվում ենք յուրաքանչյուր օր: Զինվորների դիմելիությունը՝ պայմանավորված առողջական խնդիրներով, մեծ չէ, ինչին հասնում ենք, ինչպես արդեն նշեցի, կանխարգելիչ միջոցառումների ճիշտ պլանավորման և պատեհաժամ, որակյալ բուժօգնության ցուցաբերման միջոցով: Ցավոք սրտի, երբեմն պատահում են դեպքեր, երբ զինծառայողը փորձում է հիվանդություն ձևացնել, ահա այստեղ է, որ առաջնային պլան է մղվում հոգեբանական օգնությունը:

Աշխատանք արտակարգ իրավիճակներում

Նման դեպքեր հաճախ են պատահում՝ հաշվի առնելով , որ սա զինվորական ծառայություն է, և առաջին բուժօգնություն ցուցաբերելու դեպքերը քիչ չեն: Մեր գլխավոր խնդրի լուծմանը մենք հասնում ենք թիմային աշխատանքի շնորհիվ: Նման իրավիճակներին մենք պատրաստվում ենք զորավարժությունների, պարապմունքների, ամենօրյա գործունեության ընթացքում՝ ձեռք բերելով նոր հմտություններ: Բարեբախտաբար, հոսպիտալում աշխատում է բժիշկների մեծ և բազմապրոֆիլ թիմ, և թիմի համալրումը կրում է շարունակական բնույթ:

Սահմաններում ամեն բան կազմակերպված է էլ ավելի մեծ զգոնությամբ: Յուրաքանչյուր ստորաբաժանում ունի հատուկ պատրաստվածությամբ զինծառայողներ, ովքեր տիրապետում են առաջին բուժօգնության կանոններին, իսկ առավել ռիսկային դիրքերում հերթապահում են բժիշկներ: Մեր բոլոր զինծառայողները զորամասերում անցնում են բժշկական դասընթացներ, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հատկապես առաջին բուժօգնության կանոններին տիրապետելուն:

Զորամասային բժիշկները մեզ հետ մշտապես համագործակցության մեջ են, բավական հաճախ մեկնում ենք զորամասեր՝ տեղում ցուցաբերելու անհրաժեշտ խորհրդատվությունը և բուժօգնությունը, միասին կազմակերպում և իրականացնում ենք անձնակազմի բուժզննություն: Կարող եմ ասել, որ նրանք ունեն բավական բարձր գիտելիքներ և լիարժեք պատրաստվածություն՝ հաղթահարելու իրենց առջև դրված խնդիրը:

Ռազմական բժշկությունը կարևորագույն դեր ունի ինչպես հիվանդների բուժման, այնպես էլ հիվանդությունների կանխարգելման հարցում: Կատարվում են ծավալուն աշխատանքներ, որպեսզի տարեցտարի նվազի հիվանդացությունը: Աշխատանքներ են իրականացվում նաև բուժման տևողությունը կրճատելու ուղղությամբ, իհարկե, ոչ որակի հաշվին: Մեր կարգավիճակում գտնվող պետության համար շատ մեծ է ամեն մի զինծառայողի դերն ու նշանակությունը, ուստի նրանցից յուրաքանչյուրին շարք վերադարձնելը մեր բոլորի առաքելությունն է:

Զինծառայողները, ովքեր զորակոչվել են այս կամ այն առողջական խնդրով, գտնվում են մշտական բժշկական հսկողության ներքո: Խնդիրը կարգավորվում է հատուկ հրամաններով: Նրանք մշտապես հսկողության տակ են գտնվում ինչպես բուժանձնակազմի, այնպես էլ հրամանատարության կողմից, պարբերաբար ենթարկվում են բուժհետազոտությունների՝ զորամասային և հոսպիտալային օղակներում: Նրանց համար նախատեսված են ծառայողական պարտականությունների որոշակի սահմանափակումներ՝ ելնելով ունեցած առողջական խնդիրներից:

Տարեցտարի ավելանում է զինծառայողների ընտանիքի անդամների դիմելիությունը մեր զինհոսպիտալ, ում համար օրենքով նախատեսված է անվճար սպասարկում՝ ամբողջ ծավալով, ինչն, իհարկե ունի նաև սոցիալական մեծ նշանակություն: Այժմ արդեն մեր վերադաս հրամանատարության ջանքերով ստեղծվել է հնարավորություն՝  զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին ուղեգրելու Հայաստանի Հանրապետության առաջատար կլինիկաներ՝ հետազոտությունների և բուժման նպատակով, կրկին անվճար հիմունքներով:

Մեծ ցանկությունս է, որ բանակում տիրի առողջ մթնոլորտ, ոչ միայն ֆիզիկական, այլ նաև բարոյահոգեբանական առողջության տեսանկյունից, և այս հարցում իհարկե իրենց տեղն ունեն նաև ռազմական բժիշկները, ովքեր ինչ որ տեղ նաև հոգեբաններ են: Զինվորներից յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք է տարվում՝ կարևորվելով ինչպես հայրենասիրական,  այնպես էլ զինվորի հոգեբանական դաստիարակությունը:

Բոլոր զինծառայողներին մաղթում եմ մշտապես առողջ դատելու կարողություն, սառնասրտություն և առողջություն: Եվ թող որ մեր բոլոր ջանքերն ուղղված խաղաղության պահպանմանը ունենան պրոֆիլակտիկ բնույթ, մեր հրանոթներն ու արկերը որոտան միայն զորավարժանքների ժամանակ, իսկ անհրաժեշտության դեպքում, իհարկե, պատրաստ ենք պաշտպանել մեր սահմանների անառիկությունը, ինչն ամեն օր ապացուցում ենք անորակ արկածախնդիրներին:

Եվ վերջում ուզում եմ վստահեցնել մեր զինվորներին և նրանց ծնողներին, որ իրենց թիկունքում կանգնած են բանիմաց ու աչալուրջ բուժաշխատողներ, ովքեր օրնիբուն աշխատում են մեր սահմաններում՝ միայն առողջ զինվորներ ունենալու նպատակով:


Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր
Կազմեց Ամալյա Գրիգորյանը