«Մանկական գինեկոլոգիան տարբերվում է մեծահասակների գինեկոլոգիայից ոչ միայն աղջիկների՝ տարիքով պայմանավորված օրգանիզմի առանձնահատկություններով, այլեւ հոգեբանական ֆակտորով, քանի որ փոքր տարիքի աղջիկների մոտ հաճախ առկա է սպիտակ խալաթի համախտանիշը՝ վախը բժիշկներից, ինչն ավելի է բարդացնում գինեկոլոգի աշխատանքը»,- Doctors.am-ի հետ զրույցում ասաց մանկաբարձ-գինեկոլոգ, մանկական գինեկոլոգ Նելլի Ալեյանը: 

Նրա հետ զրուցեցինք մանկական գինեկոլոգիայի առանձնահատկություններից, ինչպես նաեւ այն դեպքերից, երբ կարիք կա դիմելու մանկական գինեկոլոգին:

Հաճախ ծնողները չեն գիտակցում, որ բժշկի այցելելուց առաջ, անկախ նրանից, թե ինչ մասնագետի մոտ են տանում, երեխային պետք է տանը հոգեպես նախատրամադրել, որ վախենալու ոչինչ չկա, որ իրեն չեն ցավեցնելու, քանի որ ամենաառաջին վախը, որ կա բալիկների մոտ, ծակելու վախն է:

Մանկական գինեկոլոգներին դիմում են տարբեր խնդիրներով՝ զարգացման բնածին արատներից սկսած, վերջացրած՝ բորբոքային հիվանդություններով, իսկ դեռահասային տարիքում նաեւ ցիկլի խագարումներով:

Սեռահասունացման տարիքում հիմնական հանդիպող խնդիրը ցիկլի խանգարումն է, որն իրականում խանգարում  չէ, քանի որ, ինչպես օրգանիզմի յուրաքանչյուր համակարգ, ժամանակ է պետք, որպեսզի այդ համակարգը եւս ձեւավորվի եւ կանոնավորվի: Այդ ժամանակահատվածը տարբեր աղջիկների մոտ տարբեր է, բայց միջինում ունենք վիճակագրություն, որը մտնում է ապացուցողական բժշկության մեջ, որ պետք է սպասել մինչեւ երկու տարի, որից հետո ցիկլն  ինքն իրեն, առանց որեւէ միջամտության կանոնավորվում է:

Այդ երկու տարվա ընթացքում մենք ոչինչ չենք անում, անգամ եթե կա խախտում, որովհետեւ հիպոթալամուս-հիպոֆիզար ձվարանային առանցքը դեռ հասուն չի լինում, եւ հնարավոր չէ եւ սխալ է դեղորայքով հասունացնել այն:

Այս պարագայում կարեւոր է նաեւ մայրիկների գործոնը, որոնք աղջիկներին պետք է բացատրեն այս գործընթացը, քանի որ շատ դեռահասներ, երբ ունենում են դաշտանային ցիկլի խախտումներ, նյարդայնանում են, անհանգստանում: 

Պետք է երեխային բացատրել նաեւ, որ երբ սկսվում է սեռահասունացումը, հնարավոր է՝ ավելորդ մազածածկույթ առաջանա:

Ի դեպ, իրականում դա ավելորդ մազածածկույթ չէ, այլ պարզապես սեռահասունացման հետեւանք, որովհետեւ մինչ մենարխիան (դաշտանի սկիզբ) քանի դեռ ֆոլիկուլները զգայուն չեն անդրոգենների նկատմամբ, մազը հաստ չէ, աղվամազ է:

Երբ սկսվում է  սեռահասունացումը, ձվարաններն սկսում են ակտիվանալ, արտադրել հորմոններ, ֆոլիկուլներն սկսում են զգայուն լինել արտադրվող տեստոստերոնի նկատմամբ, ու մազերն ինչ-որ չափով գույնը փոխում են մգանում: Երեխաների մոտ տպավորություն է լինում, թե ավելորդ մազածածկույթ է առաջացել, եւ փորձում են պայքարել դրա դեմ: Մինչդեռ պետք է երեխաներին բացատրել, որ ժամանակ է պետք, պետք է սպասել՝ մինչ սեռահասունացումը, ցիկլը կկարգավորվի, հետո միայն ազատվել անցանկալի մազածածկույթից:

Սեռահասունացման տարիքը շատ բարդ հոգեբանական տարիք է, երբ կարող են կոնֆլիկտներ առաջանալ մայրերի ու դուստրերի միջեւ, եւ այս դեպքում հաճախ բժշկի ասած ամենաչնչին բառն անգամ ավելի ազդեցիկ է լինում, քան մայրիկի ամենօրյա աշխատանքը:

Կցանկանամ մայրիկների ուշադրությունը դարձնել այն թյուր կարծիքի վրա, թե աղջիկն անպայման պետք է արտադրություն ունենա սեռական ճեղքից:

Մինչեւ նախասեռահասունացումը՝ 8-9 տարեկանը, աղջկա սեռական ճեղքից արտադրություն չպետք է լինի, այսինքն՝ ներքնաշորը պետք է լինի մաքուր:

Դրանից հետո, երբ սկսվում է նախասեռահասունացում եւ հասունացում, իհարկե, հորոմնների ազդեցության տակ կատարվում է սեկրեցիա, եւ աննշան քանակի արտադրությունը համարվում է  նորմալ:


Աղբյուրը՝ Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը