Շատ մարդիկ նույնիսկ հասուն տարիքում սարսափում են ստոմատոլոգին այցելելու մտքից և շատ դեպքերում դա պայմանավորված է երեխա ժամանակ ատամնաբուժարանում ապրած վախերից: Բարեբախտաբար, այսօր արդեն կան հենց մանկական ստոմատոլոգներ, որոնք ամեն բան անում են, որպեսզի բուժման գործընթացը երեխայի համար հնարավորինս ոչ սթրեսային լինի, նույնիսկ՝ զվարճալի: 
Մանկական ստոմատոլոգ Գոհար Անտոնյանի հետ զրուցել ենք երեխաների ատամների խնամքի հետ կապված կարևոր հարցերի շուրջ, որոնք, վստահ ենք, օգտակար կլինեն ծնողներին:

Ո՞ր տարիքից սկսած  և ինչպե՞ս պետք է զբաղվել երեխայի ատամների խնամքով: 

Երեխայի ատամների հիգիենայով պետք է զբաղվել, երբ հայտվում է նրա առաջին ատամը: Երեխան այսպես թե այնպես սնվում է. կապ չունի, թե ինչով` կրծքի կաթով, թե արհեստական սննդով: Բերանի միկրոֆլորան այդ տարիքում արդեն գոյություն ունի, ինչի արդյունքում ատամներին նստվածք է առաջանում և անուշադրության մատնելու պարագայում, կարող է կարիեսի առաջացման պատճառ դառնալ: Իհարկե, ատամների առողջության համար մեծ նշանակություն ունի գենային գործոնը, բայց հավասարապես կարևոր է նաև ատամների ճիշտ խնամքը: Բացի այդ, երբ փոքր տարիքից ատամների հիգիենան երեխայի համար սովորույթ է դառնում, հետգայում ատամների խնդիրներից խուսափելն ավելի հեշտ է լինում: 

  • Ծնողները կարող են այդ գործընթացը վերածել խաղի: Ի դեպ, 2-3 տարեկանում շատ կարևոր է ունենալ 2 խոզանակ` առաջինը հենց ատամները լվանալու համար, որը ցանկալի է, որ անի մայրիկը, քանի որ երեխաները որպես այդպիսին չեն լվանում, Իսկ երկրորդը` հենց երեխայի համար, որպեսզի ինքն էլ ընդգրկվի գործընթացի մեջ: 
  • Շատ կարևոր է հետևել երեխայի սննդակարգին: Չի կարելի քնելուց առաջ շշով թեյ, կաթ, կոմպոտ և այլ քաղցր ըմպելիքներ տալ: Առհասարակ հորդորում եմ սննդակարգում ներառել միայն առղջ սնունդ: 
  • Եթե երեխան քաղցրավենիք է ուտում, ապա  խորհուրդ է տրվում դրանից հետո բերանը ջրով ողողել կամ լվանալ ատամները: Կան մի շարք վատ սովորույթներ, որ երեխաներն ունենում են դեռ փոքր հասակից` մատը բերանում քնել, շրթունքը կծել, գրիչ կամ մատիտ տանել բերանը և այլն: Քանի որ փոքրիկների օրգանիզմը ձևավորման փուլում է, այդ սովորույթները կարող են ազդել ծնոտի և քիմքի բնականոն ձևավորման վրա: Իսկ այս ամենի հետևանքը կարող են լինել խոսակցական, շնչառական և այլ բնույթի բազմաթիվ խնդիրներ: 

Ի՞նչ պետք է անի ծնողը, որպեսզի երեխան չվախենա ստոմատոլոգին այցելելուց, և առհասարակ, ի՞նչ մեթոդներ են կիրառվում մանկական ստոմատոլոգիայում, որպեսզի երեխաներն ավելորդ սթրեսի չենթարկվեն:

Առաջին և ամենակարևոր խորհուրդս ծնողներին՝ երեխային բժիշկով չվախեցնելն է, լինի դա ստոմատոլոգ, թե մեկ այլ բժիշկ: Երեխային պետք է բացատրել, որ բժիշկն իր ընկերն է և մարդ է, ով միշտ պատրաստ է օգնել և բուժել իրեն:


Չպետք է այցելել ստոմատոլոգի, երբ «դանակը ոսկորին է հասել», և երեխան արդեն սուր ցավեր ունի: Ասածս այն է, որ երեխայի առաջին այցը ստոմատոլոգին պետք է լինի պրոֆիլակտիկ, ճանաչողական բնույթի: Երեխային անհրաժեշտ է բացատրել, թե որտեղ է գնում և չի կարելի խաբել, ասելով, թե դա զվարճանքի վայր է, սակայն շատ մանրամասնելու կարիք նույնպես չկա:
Մանկական ստոմատոլոգները, այդ թվում նաև ես, յուրաքանչուր երեխայի անհատական մոտեցում ենք ցուցաբերում՝ կախված տարիքից, նախասիրությունից, բնավորությունից: Օրինակ, բացատրում ենք՝ ինչ սարքով ենք աշխատելու, իհարկե՝ ավելի հեքիաթային: Սպիտակ խալաթներով չենք աշխատում, քանի որ դա վախի մթնոլորտ է ստեղծում:

Իսկ ի՞նչ եք կարծում, արդյոք ճի՞շտ է, երբ ծնողները ներկա են գտնվում բուժման ընթացքին:

Միջազգային պրակտիկայում ծնողներին սովորապբար թույլ չեն տալիս ներս մտնել սենյակ, սակայն ես ծնողների մուտքը չեմ արգելում: Նախ, իրականացվում են մի շարք գործողություններ, որոնք պետք է բացատրել ծնողին, օրինակ՝ հենց հիգիենան: Մենք ունենք հատուկ ցուցիչներ՝ կոճակներ, որոնք տալիս ենք երեխային բերանում պահելու համար. եթե այն գույնը փոխում է, ապա դա նշանակում է, որ բերանի խոռոչը փառակալված է: Դրա միջոցով ծնողը տեսանելի կերպով պատկերացում է կազմում երեխայի բերանի խոռոչի հիգիենայի մասին: Բացի այդ, ցույց ենք տալիս, թե որ ատամն ինչ միջամտության կարիք ունի: Կարծում եմ, որ ծնողը պետք է տեսնի, թե առհասարակ ինչ միջամտության է ենթարկվում երեխան, և համոզվի, որ շատ հաճախ երեխայի լացի պատճառը պարզապես վախն է, այլ ոչ թե միջամտության ցավոտ լինելը: 

Ծնողներին բաժանում եմ մի քանի կատեգորիաների.

  • Ծնողներ, ովքեր ավելի սթափ են նայում իրավիճակին և հաճախ նույնիսկ օգնում են բժիշկներին:
  • Գերհոգատար ծնողներ, ովքեր ավելի շատ են հուզվում, քան երեխաները: Նրանք հաճախ խանգարում են բժշկին, այդ պատճառով երբեմն ստիպված ենք լինեում խնդրել նրանց դուրս գալ: Ի դեպ, երեխաների վախեցած տրամադրվածությունը ցրելու համար բժշկական սարքերին անուններ ենք տվել՝ պզիկ, մեղու, և այլն: Փորձը ցույց է տալիս, որ երեխաներին դա շատ է հանգստացնում, երբեմն նույնիսկ զվարճացնում է, իսկ գերհոգատար ծնողներն ամեն ինչ իրենց անուններով են կոչում, ու երեխաները դրանից ավելի են վախենում:

Կաթնատամների հետ կապված ամեն բան ծնողներին հետաքրքրում է, ի՞նչ կարևոր կետեր կնշեք դրանց վերաբերյալ:

Եթե կաթնատամը փչանում է 3-4 տարեկանում, պետք չէ անհօգ սպասել՝ մտածելով, թե միևնույնն է, մշտական ատամը դեռ չի եկել: Եթե երեխան ինչ-ինչ պատճառներով ժամանակից շուտ կորցնում է կաթնատամը,ապա կարող են առաջանալ մկանային անոմալիաներ: Դրանից խուսափելու համար ժամանակակից ստոմատոլոգիայում կիրառվում են մկանային տեղը պաշտպանելու սարքեր: Դրանց շնորհիվ մշտական ատամի տեղը պահպանվում է, և ծնոտը հետագայում որևէ ձևափոխում չի կրում: Երեխաների մոտ 5-6 տարեկանում, երբ ծնոտն արդեն բավական մեծ է, կաթնատամների հետևում դուրս են գալիս մշտական 6-րդ ատամները: Շատ ստոմատոլոգներ դրանք շփոթում են են կաթնատամների հետ և հաճախ են անուշադրության մատնում՝ չապահովելով պատշաճ բուժում:

Կաթնատամները մշտական արմատների կառուցվածքն ունեն՝ նույն նյարդով և նույն ցավով: 

Ծնողները հաճախ ինքնուրույն հեռացնում են երեխայի շարժվող ատամը. դա հետագայում կարո՞ղ է խնդիրներ առաջացնել:

Եթե շարժը շատ մեծ է, ապա  հնարավոր է, որ երեխան սնունդ ընդունելուց կորցնի ատամը և կա վտանգ, որ այն կուլ կտա: Բացի այդ, հաճախ ծնողները կարող են ատամը հեռացնել  ոչ այդքան ստերիլ պայմաններում կամ վնասվածքներով: Կաթնատամի տակ գտնվում է մշտական ատամը, որի զարգացման վրա կարող է ազդել կաթնատամի ոչ գրագետ հեռացումը, ուստի հորդորում ենք, որ այդ հարցով զբաղվի միայն մասնագետը:


Պատրաստեց Արմինե Սարգսյանը