Պարբերական հիվանդության ընթացքի առանձնահատկությունները տարածուն թարախային որովայնամզաբորբ վերապրած հիվանդների մոտ
Պարբերական հիվանդությունը (ՊՀ), լինելով ժառանգական հիվանդություն, շատ տարածված է հայերի մոտ, ախտահարելով Երևանի բնակչության մոտ 1-2%-ը [2,4]: ՊՀ որովայնային նոպաների կլինիկական պատկերը` այսպես կոչված սուր որովայնը, հաճախ պատճառ է դառնում, որպեսզի հիվանդները ենթարկվեն անհիմն վիրահատությանը [3]: Սակայն հանդիպում է նաև հակառակը, ՊՀ տառապողների մոտ սուր ապենդիցիտը կարող է սադրել ՊՀ հերթական նոպան, և այդ ֆոնի վրա հաճախ բժիշկները ժամանակին չեն ախտորոշում տարածուն թարախային որովայնամզաբորբը և վերջինս ախտորոշում են միայն այն ժամանակ, երբ սովորականից ավելի երկար է տևում ՊՀ նոպան և ի հայտ են գալիս թարախային թունավորման նշանները: Բարեբախտաբար, այդպիսի հիվանդների զգալի մասը ինտենսիվ ժամանակակից բուժման պայմաններում կարողանում են հաղթահարել այդ ահեղ իրավիճակը և ապաքինվում են:
Հետազոտության նյութը և մեթոդները
Ուսումնասիրվել է ՊՀ ընթացքը տարածուն թարախային որովայնամզաբորբ վերապրած հիվանդների մոտ: Մոտ 5.000 մեր կողմից ուսումնասիրված հիվանդներից դիտվել է 33 այդպիսի դեպք: Նրանցից 19-ը արական սեռի էին (57,6(8,60 vs ընդհանուր քանակակազմի 59,8 %, NS [1]), 14-ը՝ իգական (42,4(8,60 vs 40,3%, NS): Խառը ձևով տառապում էին 21 հոգի (63,6(8,37 vs 56,6%), որովայնային՝ 9-ը (27,3(7,75 vs 34,9 %, NS), կրծքային՝ 3-ը (9,1(5,00 vs 8,5 %, NS): Նրանցից մեկը (3,0(2,98 vs 2,3%, NS) ծնված էր մինչև 1920թ. ներառյալ, երեքը (9,1(5,00 vs 5,2%, NS) ծնված էին 1921-1930 թթ., մեկը (3,0(2,98 vs 11,0%, p<0.05)` 1931-1940, ոչ մեկը (0(2,98 vs 11,3%, p<0.01)` 1941-1950, 5-ը (15,1(6,24 vs 23,5%, NS)` 1951-1960, 10-ը (30,3(8,00 vs 23,7%, NS)` 1961-1970, 11-ը (33,3(8,21 vs 16,1%, p<0.05)` 1971-1980, 2-ը (6,1(4,15 vs 7,0%, NS)` 1981-1995 թթ.: Այսպիսով, ՊՀ տառապողների մեր կողմից ուսումնասիրվող և ընդհանուր քանակակազմերը հիմնականում իրարից չեն տարբերվում: Միայն հարկ է նշել, որ ուսումնասիրվող քանակակազմում քիչ էին 1930-1950թթ. ծնվածները, սակայն շատ էին 1961-1970թթ. ծնվածները:
Արդյունքները և դրանց քննարկումը
Ուսումնասիրված հիվանդների մոտ նոպաների հրովարտակման (մանիֆեստացիա) տարիքը կազմել է միջինը 13,1 տարի (մի քանի ամսեկանից մինչև 38 տարեկան): Տարածուն թարախային որովայնամզաբորբը և դրա կապակցությամբ կատարված վիրահատությունը նրանց մոտ եղել է միջինը 20,6 տարեկանում (2-ից մինչև 67 տարեկանում):
Նախ և առաջ մենք ուսւոմնասիրեցինք ՊՀ հիմնական` այսինքն շճաթաղանթաբորբային նոպաների հաճախականությունը կյանքի տարբեր տարիների ընթացքում:
Ինչպես երևում է աղյուսակում բերված տվյալներից, ՊՀ հաճախակի նոպաները կյանքի երկրորդ տասնամյակի ընթացքում հանդիպում են տարածուն թարախային որովայնամզաբորբ վերապրած համարյա բոլոր հիվանդների մոտ, ինչը հավաստելիորեն գերազանցում է ընդհանուր քանակակազմի հիվանդների մոտ դիտվող տոկոսը տվյալ տարիքային ժամանակահատվածում: Փոխարենը կյանքի չորրորդ և հինգերրորդ տասնամյակների ընթացքում ՊՀ հաճախակի նոպաները դիտվում են ավելի քիչ հիվանդների մոտ, քան ընդհանուր քանակակազմում, սակայն տարբերությունները հավաստելի չեն:
Ինչպես երևում է աղյուսակում բերված տվյալներից, ՊՀ ժամանակ դիտվող արտահայտված հոդաբորբը կյանքի երկրորդ և երրերդ տասնամյակների ընթացքում շատ ավելի հաճախ է հանդիպում տարածուն թարախային որովայնամզաբորբ վերապրած հիվանդների, քան ընդհանուր քանակակազմի հիվանդների մոտ: Կյանքի մյուս տասնամյակների ընթացքում էլ է դիտվում դա, սակայն ավելի քիչ և ոչ հավաստելի:
Ինչպես երևում է աղյուսակում բերված տվյալներից, ՊՀ ժամանակ հիվանդության ընթացքը բարդեցնող ծանր պաթոլոգիայի` ամիլոիդոզի հավանականությունը կյանքի որևէ տասնամյակի ընթացքում հավաստելի չի տարբերվում տարածուն թարախային որովայնամզաբորբ վերապրած և ընդհանուր քանակակազմի հիվանդների մոտ:
Այլ բարդությունների առումով ուսումնասիրվող հիվանդների թիվը սակավ է, որպեսզի հնարավոր լիներ կատարել ստույգ վիճակագրական համեմատություններ: Սակայն ուշագրավ է, որ այսպիսի քիչ քանակության պարագայում անգամ մենք դիտարկել ենք սուր աղիքային անանցանելիության (ileus) 4 դեպք (12,1(5,68%, համեմատ ընդհանուր քանակակազմի` 2,88(0,249; NS): Դիտարկած հիվանդներից կյանքի 7-րդ տասնամյակը վերապրած ընդամենը 2 հիվանդներից մեկի մոտ եղել էին սրտամկանի ինֆարկտի կլինիկորեն արտահայտված 2 դեպք: Մեկ հիվանդի մոտ եղել էր արտաքրտնուկային սրտակրանքաբորբ (էքսուդատիվ պերիկարդիտ):
Այսպիսով, տարածուն թարախային որովայնամզաբորբ վերապրած ՊՀ հիվանդների մոտ միայն երիտասարդ տարիքում են ՊՀ նոպաները դիտվում ավելի հաճախ, և ավելի հաճախ է դիտվում հոդային համախտանիշը քան ՊՀ հիվանդների ընդհանուր քանակակազմում: Հնարավոր է, որ վերապրած տարածուն թարախային որովայնամզաբորբը նպաստում է ինքնաիմուն բնույթի բարդությունների, ինչպես նաև կպումային հիվանդության ավելի բարձր հաճախականությանը, սակայն նշված իրավիճակը չի նպաստում ամիլոիդոզով բարդացմանը:
Գրականություն
- 1. Այվազյան Ալ.Ա. Պարբերական հիվանդության ախտորոշման և բուժման արդյունավետ մեթոդների մշակումը. բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման համար ատենախոսության սեղմագիր, Երևան, 2004, 36 էջ:
- 2. Նազարեթյան Է.Ե., Այվազյան Ալ.Ա., Ոսկանյան Ա.Գ., Եղյան Ա.Գ., Սևոյան Մ.Կ. Հայաստանում պարբերական հիվանդության տարածվածության մասին. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր, 2000; 1(3): 6-9:
- 3. Ананикян П.П., Григорян С.Х. К диагностике острого живота при периодической болезни. В кн.: Современные методы лечения гастроэнтерологических больных. Ужгород, 1975, с. 7-8.
- 4. Аствацатрян В.А., Торосян Е.Х., Оганян Н.А. Исследование популяционной частоты периодической болезни в условиях г. Еревана. В сб.: Материалы научно-практической конференции педиатров (14-15 окт. 1993 г.), Ереван, 1994, с. 31.
Հեղինակ : | Ալ.Ա. Այվազյան, Վ.Հ. Հովհաննիսյան*, Էրեբունի բժշկական կենտրոն, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, ներքին հիվանդությունների թ. 1 ամբիոն, վիրաբուժական հիվանդությունների թ. 1 ամբիոն* |
Աղբյուր : | Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 1. 2008 (33) 6-8 |
Ներկայացնող` | Doctors.am |