Հոգեբուժության ողջ պատմության ընթացքում դժվար է գտնել որևէ հիվանդություն, որն այնքան խնդիրներ է հարուցել և խճճել մեր պատկերացումները հոգեբուժական ախտահարման մասին, որքան պարանոյան։ Տերմինը ունի հունական ծագում և նշանակում է "խելագարություն"։


Պարանոյան «կապել են» շիզոֆրենիայի, աֆեկտիվ խանգարումների հետ, դիտել որպես առանձին հիվանդություն և այլն։

Ժամանակակից մոտեցումները դիտարկում են պարանոյան, հիմնականում, հետևյալ տեսակետներից`


1) որպես ինքնուրույն նոզոլոգիական միավոր


2) որպես տարածին փսիխոզների խումբ


3) որպես նոզոլոգիական առումով չբացահայտված քրոնիկական հիվանդություն։


Պարանոյան, սովորաբար, սկսվում է հասուն տարիքում` 30-ից հետո։ Հիվանդության հիմքում ընկած է, իրականում, գոյություն ունեցող իրադարձությունների, իրավիճակների և կոնֆլիկտների ախտաբանական վերամշակումը։ Սկզբնական շրջանի գերարժեք մտքերը հետագայում վերափոխվում են զառանցանքների։
Աստիճանաբար ձևավորվում է կանոնակարգված զառանցանքային համակարգ հետապնդման, խանդի (ամուսնական անհավատարմության), մեծամոլական և այլ մտքերով։


Առավել բնորոշ է պարանոյայի համար հետապնդման և մեծամոլական զառանցանքները` հիվանդները համոզված են, որ ենթարկվում են հետապնդման, քանի որ արժանի են մեծարման իրենց նվաճումների համար, որոնք փորձում են յուրացնել և սեփականաշնորհել ուրիշները։


Հիվանդների դատողություններում դժվար է հակասություններ գտնել, դրանք բավականին տրամաբանական են, բայց՝ ոչ միշտ։ Զառանցանքը սերտ շաղկապված է ընկալումների հետ, որոնք հաճախ սխալ են մեկնաբանվում։


Հիվանդները շատ սթենիկ են։ Սրանք հոգեկան ակտիվությունը լիովին ենթարկվում է զառանցանքներին։ Համառորեն փորձում են համոզել բոլորին իրենց «գաղափարները», պայքար են մղում «հանուն արդարության» և «ի վնաս թշնամիների»։ Ձգտում են ստանալ կառավարական և հասարակական մարմինների աջակցությունը, պահանջում են «ակտիվ» գործողությունների դիմել։ Զառանցանքային համակարգից դուրս հիվանդները պահպանված են։

 
Տարբերում են նաև սիրո (էրոտիկ), զրպարտող, հիպոխոնդրիկ և այլ պարանոյաներ։ Զառանցանքը, սովորաբար, պարանոյայի բոլոր ենթաձևերում անհեթեթ է և միամիտ։


Պարանոյան հաճախ հանդիպող հիվանդություններից չէ` հոգեբուժական հիվանդանոցի հիվանդների 1%-ից էլ պակաս։ Հիվանդանոցից դուրս այն ավելի տարածված է, քանի որ դեպքերի մեծ մասը մնում է չհայտնաբերված։ Երբեմն այն ախտորոշվում է, երբ հիվանդը կատարել է որևէ հանցագործություն կամ զանցանք։


Պարանոյան զարգանում է սոցիալական միջավայրի անբարենպաստ տևական ազդեցությունների ներքո (կոնֆլիկտներ, անհաջողություններ, դժբախտություններ, չբավարարված ձգտումներ և հավակնություններ, օտար միջավայր և այլն) փսիխոպաթիկ անձանց մոտ, այսինքն՝ անձնային որևէ առանձնահատկություն (խանգարում) ունեցող մարդկանց շրջանում։ Նշվում է սրանց պրեմորբիդ անձի գերզգայուն և հակասոցիալական բնույթը` գոռոզ են, կասկածամիտ, ոչ ճկուն մտածողությամբ, սոցիալապես չհարմարվող։