Առողջության և գեղեցկության առաջին նախապայմանը մաքրությունն է: Դժբախտաբար, երիտասարդներից շատերը մինչև սեռական հասունացումը մաքրությանը մեծ նշանակություն չեն տալիս:
Մինչդեռ դեռահասության և երիտասարդության տարիներին՝ ֆիզիկական բուռն աճի և մարդու ներքին օրգանների, համակարգերի հարաճուն զարգացման շրջանում անձնական հիգիենայի պահանջներն ավելի են կարևորվում:
Եթե տանը կան անձնական հիգիենայի համար նպաստավոր պայմաններ (ցնցուղ, լոգարան), ուրեմն ոչինչ չի կարող արդարացնել երիտասարդ մարդու փնթիությունը: Քնից առաջ ամեն օր լողանալն անհրաժեշտ է, որպեսզի մաքրվեն օրվա ընթացքում քրտնագեղձերի և ճարպագեղձերի արտադրած արտազատուկները, որոնց մեջ կան փոշի, կեղտ, ինչպես նաև մաշկի մանրէների կենսագործունեության հետևանքով առաջացած նյութեր, որոնք տհաճ հոտ ունեն:
Տաք ցնցուղը թուլացնում է օրվա ընթացքում կուտակված լարվածության զգալի մասը, նպաստում նյարդային համակարգի հանգստանալուն և խաղաղ քուն պարգևում:
Երբ սեռական գեղձերը սկսում են ակտիվ գործել, պետք է ամեն օր զբաղվել սեռական օրգանների մաքրությամբ: Դա վերաբերում է և աղջիկներին և տղաներին: Լավ կլինի, որ ամենօրյա լոգանք ընդունելն ու սեռական օրգանների լվացումը դառնան սովորություն:

Անձնական հիգիենայի հիմունքներին վաղ տարիքից վարժեցնելը, արտաքին սեռական օրգանների ամենօրյա լվացումները, այդ թվում նաև զուգարանից հետո, սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների կանխարգելման պայմաններից մեկն է:

Սեռական դաստիարակության կարևոր հանգամանքներից է իր սեռի հիգիենայի մասին ժամանակին տեղեկացումը և անհրաժեշտ հիգիենիկ հմտություններին վարժեցումը: Երբ խոսքն աղջիկների մասին է, ամենակարևորը դաշտանի վերաբերյալ տեղեկությունների լուսաբանումն է:

Յուրաքանչյուր մայր պետք է պատմի իր տարեկան աղջկան, թե ինչ է դաշտանը, ինչպես է ընթանում, ինչպիսի հիգիենիկ պահանջներ պետք է իմանալ ու պահպանել: Չնայած դաշտանը ֆիզիոլոգիական օրինաչափ երևույթ է, որ վաղ թե ուշ լինում է բոլոր աղջիկների մոտ, օրգանիզմի համար լուրջ փորձություն է: Այսպես դաշտանի օրերին չի կարելի լողանալ ջրավազաններում կամ ջրամբարներում, խորհուրդ է տրվում ամեն օր լողանալ ցնցուղի տակ: Դաշտանի ժամանակ սեռական հարաբերություններն այնքան էլ ցանկալի չեն, քանզի կա վարակի անցման վտանգ արգանդի խոռոչ, որը շատ զգայուն է տարբեր տեսակի ախտածին մանրէների նկատմամբ:

Պատանին նույնպես պետք է իմանա իր սեռական օրգանների խնամքին առնչվող մի քանի հիմնական պահանջներ: Մանրէների զարգացման համար բարենպաստ և սնուցիչ միջավայր են ստեղծում առնանդամի գլխիկի և թլիփի միջև կուտակվող լորձը, մեզի, ճարպի, ինչպես նաև երազախաբության ժամանակ արտադրված սպերմայի մնացուկները:

Բնականաբար, բոլորին էլ հաճելի է, որ այն մարդը, որի հետ ինքը շփվում է աչքի ընկնի առողջությամբ, հիգիենայով: Հմայիչ լինելը պայմանավորված է առաջին հերթին ժպիտով, որը ցուցադրում է առողջ, խնամված ատամները: Դրանք պարբերաբար պետք է մաքրել առավոտյան արթնանալուց հետո և երեկոյան քնելուց առաջ: Ներդաշնակ զարգացած առողջ մարմինը անձին տալիս է զգալի ինքնավստահություն և համարձակություն մարդկանց հետ շփվելիս: Դրա համար պետք է չափավոր սնվել և հնարավորության դեպքում զբաղվել սպորտով:

Աճող օրգանիզմը պետք է լիարժեք սնվի, պահպանելով չափը, հետևելով որոշակի համամասնությանը և ռեժիմին: Նորմալ կենսագործունեության համար օրգանիզմին անհրաժեշտ է շարժողական ակտիվություն:
Գաղտնիք չէ, որ ժամանակակից մարդու համար ամենալուրջ պրոբլեմներից է նստակյաց կյանքը: Դա նպաստում է ճարպակալմանը, հետագայում զանազան հիվանդությունների առաջացմանը՝ աթերոսկլերոզ, կաթվածներ և այլն: