Մաշկը պետք է մաքրել օրական երկու անգամ: Առավոտյան միայն ջրով լվացվելը չի մաքրի այն. դրա համար պետք է օգտագործել համապատասխան նյութեր, ընդ որում՝ խորհուրդ է տվում կիրառել երկու միջոց՝ կաթ (կամ գել) և տոնիկ (կամ լոսյոն): Իսկ մաքրելուց հետո դեմքին պետք է քսուք քսել, իսկ թե ինչպիսի միջոցներ են համապատասխան քո մաշկին, լավ կլինի՝ ճշտես միանգամից մաշկի խնամքի մասնագետից. նշենք, որ նրանցից շատերի մոտ խորհրդատվությունն անվճար է:

Չի-կա-րե-լի

Նույնիսկ եթե դիմահարդարումդ շատ թեթև է, անպայման մաքրիր այն քնելուց առաջ: Թող, որ մաշկդ շնչի ու հանգստանա: Երեկոյան չմոռանաս մաշկը մաքրելուց հետո և քնելուց մի քանի ժամ առաջ դեմքիդ քսել այն քսուքները, որոնք նախատեսված են քո դեմքի համար: Ընդ որում՝ աչքերիդ շուրջ նույն քսուքը չօգտագործես. այն պետք է տարբեր լինի դեմքի համար նախատեսվածից:

Արևից պաշտպանվել է պետք ոչ միայն ամռանը

Առավոտյան, երբ արդեն մաքրել ես մաշկդ ու քսել համապատասխան քսուքը, տնից դուրս մի՛ արի առանց արևապաշտպան քսուքի. լինի դա ամառ, թե ձմեռ: Անկախ արևի առկայությունից՝ այս քսուքը պաշտպանում է բնական լույսի ազդեցությունից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Շատ քսուքներ պարունակում են արևապաշտպան բաղադրիչներ, սակայն դրանք բավարար չեն:

Որքա՞ն հաճախ գնալ կոսմետոլոգի մոտ մաշկի մաքրման համար

Կա տարածված սխալ կարծիք, որ մաշկը խորապես մաքրելու համար բավական է տարեկան միայն մեկ անգամ գնալ կոսմետոլոգի մոտ: Իրականում եթե նոր ես սկսում խնամել մաշկդ, առաջին ամսվա ընթացքում շաբաթական 1 անգամ մաքրիր այն, իսկ հետո ստացված արդյունքը պահպանելու համար՝ ամիսը մեկ անգամ: Կան մաշկի մաքրման մի քանի ձևեր՝ գոլորշու օգնությամբ, վակուումով, մակերեսային փիլինգ և այլն:

Որո՞նք են մաշկի խնամքի լավագույն միջոցները

Մաշկի խնամքի համար աշխատիր ընտրել այնպիսի ընկերությունների արտադրանքնեը, որոնք մասնագիտացված ու կենտրոնացած են միայն մաշկի խնամքի միջոցների վրա ու առաջարկում են շատ լայն տեսականի: Մաշկի բոլոր տիպերի համար չի կարելի օգտագործել միևնույն տոնային քսուքը. օրինակ՝ խոնավ մաշկի համար նախատեսված տոնայինը տարբերվում է չոր մաշկի միջոցից: