Ամռանը ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ ակտիվանում են օձերը: Հաշվի առնելով, որ այս սեզոնին մարդիկ հաճախ են գնում բնության գիրկ, օձերին հանդիպելու հավանականությունը մեծանում է:

Օձերի խայթոցից խուսափելու նպատակով զբոսնելիս պետք է խուսափել բարձր խոտերից, հագնել երկար, ազատ տաբատ, երկարաթև շապիկ և տաբատի փողքերը դնել գուլպայի կամ կոշիկների մեջ, հագնել երկարաճիտ եւ ամուր կոշիկներ, օձ պատահելիս չտրորել, չանհանգստացնել: Այնտեղ, որտեղ կա օձերի առկայության հավանականություն՝ վերցնել ծանր փայտ և հարվածել հողին:

Եթե օձը հասցրել է խայթել, ապա անհրաժեշտ է՝

  • սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ եւ տարածվել,
  • եթե օձը խայթել է վերջույթը, ապա անշարժացնել այն,
  • տուժածին խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ և այլն),
  • ահազանգել կամ կազմակերպել տուժածի պասիվ (պատգարակով կամ աթոռի վրա նստած) արագ տեղափոխումը մոտակա հիվան­դանոց, որտեղ նրան արդեն մասնագիտական օգնություն կցուցաբերեն և հակաթույն կներարկեն։ Ցանկալի է, որպեսզի հակաթույնի առաջին դեղաչափը հիվանդը ստանա խայթելուց հետո գոնե 6 ժամվա ընթացքում։

Օձի խայթոցի դեպքում արգելվում է.

  • խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան կամ ժգուտ դնել,
  • խայթոցի տեղում կտրվածք անել, սառույց դնել կամ այրել,
  • տուժածին ալկոհոլ առաջարկել, տալ ուժեղ ազդող դեղեր, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել նրա օբյեկտիվ վիճակը:

Օձի խայթոցից հետո աստիճանաբար ի հայտ են գալիս հետևյալ նշանները՝ խայթոցի տեղում ցավ և այրոց, կարմրություն, մաշկի գույնի փոփոխություն, այտուց, որը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով: Տուժածը զգում է սաստիկ թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, արյունահոսություն բերանից, քթից և հետանցքից, տեսողության և խոսքի խանգարումներ, վերջույթների մկանների թուլություն կամ զգայունության կորուստ, շնչառության խանգարումներ։

Օձերի խայթոցի դեպքում տուժածի վիճակի ծանրության աստիճանը կախված է տարբեր գործոններից՝ օձի տեսակից, չափից, անձի տարիքից, օձի թույնի քանակից, տարվա եղանակից, ինչպես նաև խայթոցի տեղակայումից։        

Ի դեպ, Հայաստանում հանդիպող թունավոր օձերից են տափաստանային  իժը, դարևսկու իժը, փոքրասիական իժը և անդրկովկասյան գյուրզան։


Աղբյուրը՝ Doctors.am