Գեղեցկությունը չունի չափորոշիչներ, սահմաններ: Պետք է ձգտել գեղեցկանալ՝ մեր իսկ անհատականությամբ: «Պլաստիկ վիրաբուժության շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում Doctors.am-ը ներկայացնում է Իզմիրլյան գիտաբժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Անդրանիկ Եղիազարյանի հոդվածը:
Հայ հասարակության մեջ շատ են հանդիպում այնպիսի անհատներ, ովքեր բարձրաձայնում են, որ այսօր քաղաքում բավական  մեծ է պլաստիկ վիրահատության ենթարկված, միանման արտաքինով երիտասարդ աղջիկների թիվը: Այս երևույթը տարածված է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Աղջիկների այս հոծ զանգվածը սոցիալական կայքերում իրենց նկարների տեղադրումով ու տարածումով հետևորդների զգալի զանգված ունեն:
Սոցիալ–մեդիա աշխարհում նրանք անվանվեցին «Ինստագրամային աղջիկներ»:
Մասնագիտական տեսանկյունից նկարագրեմ արտաքինի նման փոփոխությունը, որը պայմանավորված է հետևյալ գործոններով՝

1. պլաստիկ վիրահատություն,
2. կոսմետոլոգիական միջամտություններ:

Ցանկացած պլաստիկ վիրաբույժ այսօր կհաստատի, որ պլաստիկ միջամտության դիմողների զգալի մասը ցանկանում են կատարել քթի վիրահատություն, շուրթերի ծավալային մեծացումներ և ուրվագծային ընդգծումներ:
Գեղեցկության այս ստանդարտներն իրենց մեջ ընդգրկում են ՝
1. նեղ հիմքերով, մեջքի կորությամբ ու քթածայրի արտահայտվածությամբ քիթ,
2. ծավալային շուրթեր, այսպես ասած «ախորժելի, հյութեղ»,
3. Արտահայտված այտոսկրեր:

Այս բոլորը դեմքին հաղորդում է՝ հիմքով եռանկյունային երկրաչափական տեսք: Վերջինիս գումարված թուխ երանգով «make up»-ն արդեն իսկ ապահովում է այն, ինչ այսօր հանդիպում ենք ամենուր՝ քաղաքի փողոցներում, սոցիալական ցանցերում, տարբեր TV հեռարձակումներում:
Խորանալով այս համաշխարային երևույթի ծագումնաբանության մեջ հասկացա՝ այս տենդենցը գալիս է Միջին Արևելքից, որը տարածում գտավ արևմուտքում, առավելապես՝ ԱՄՆ-ում ու փոխանցվեց Արևելյան Եվրոպա:
Ասել, որ առաջին հայացքից  նայելը հաճելի չէ՝ սխալ կլինի, քանի որ երբեմն աչքի համար շոյող է: Ողջ խնդիրը նմանօրինակությունն է, անհատականաթյան բացակայությունը:
Առավել նախընտրելի է յուրաքանչյուրի հետ անհանատական աշխատանքը՝ արարել, ստեղծել այնպիսի հետվիրահատական արդյունք, որը կլինի բացառապես Իրենը: Նախկինում գրեթե չէին ընդունվում նախավիրահատական ֆոտոմոդելավորումները, և համապատասխան ծրագրային մոդելավորման աջակցություն չկար, ինչի հետ այդքան էլ համամիտ չեմ: Այսօր նոր տեխնոլոգիաները տալիս են բավականաչափ լուրջ հնարավորություններ՝ մինչ վիրահատությունը պացիենտի հետ երկար աշխատել՝ հասնելով այն արդյունքին, որը թույլ կտա վիրահատությամբ ստանալ այն վերջնական, նախընտրելի փոփոխությունը, որով և անշուշտ անհատը կձերբազատվի արտաքին տեսքի բարդույթներից, բայց կմնա, և կպահպանի եսը:
Կարևորն առանց շտապողականությամբ ու համբերատար աշխատելն է յուրաքանչյուր հետ: Հաճախ պացիենտներիս ասում եմ,որ այս հարցում իրենք ևս աշխատում են ինձ հետ, օգնում են բացահայտել յուրաքանչյուրիս գեղեցկության պահանջները:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
15Դեկտեմբերի, 2017