2022 թվականի փետրվարի 14-ից Չարենցավան քաղաքում իր գործունեությունը մեկնարկեց «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» բժշկական հիմնադրամի վերականգնողական կենտրոնի մասնաճյուղը, որը թվով երկրորդն է։  Առաջինը 2012 թվականից մինչ օրս հաջողությամբ գործում է Արագածոտնի մարզի Կոշ համայնքում։ Նորաբաց վերականգնողական կենտրոնի մասին մենք զրուցել ենք բժիշկ Կարեն Գրիգորյանի հետ, որը զբաղվում է նաև հիմնադրամի համակարգման աշխատանքներով։

Ինչու՞ որոշում կայացվեց բացել հենց վերականգնողական կենտրոն և ինչպե՞ս կատարվեց քաղաքի ընտրությունը։

Հաշվի առնելով նախկինում ունեցած փորձը և 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած և հենաշարժողական համակարգի հետ խնդիրներ ունեցող մարդկանց թվաքանակի աճը որոշում կայացվեց բացել վերականգնողական կենտրոն, որը ավելի մոտ կլինի շրջաններում բնակվող հիվանդներին, քանի որ ինչպես գիտենք վերջին շրջանում Երևանում բացվել են նման կենտրոններ, որոնք, սակայն, ոչ բոլոր հիվանդներին են հասանելի՝ սոցիալ-կենցաղային պայմանները հաշվի առնելով: Այսպիսով, մարզերում վերականգնողական կենտրոնների կարիք դեռևս կա։

Սկզբում որոշվել էր կենտրոնի հերթական մասնաճյուղը հիմնել ավելի հեռավոր մարզում՝ մասնավորապես Սյունիքում, սակայն քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքում, այդ թվում նաև առողջապահության նախարարության հետ, ընտրվեցին Կոտայքի մարզը և Չարենցավան քաղաքը։ Մենք կարողացանք բավականին կարճ ժամանակում վերանորոգել հիվանդանոցի նախկին պոլիկլինիկական մասնաշենքը, այն հարմարեցնել նոր բացվող կենտրոնի պահանջներին, հագեցնել անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով և ամսի 14-ից ընդունել մեր առաջին հիվանդներին և ուրախ եմ փաստել, որ այսօր արդեն ունենք դրական արդյունքներ։

Ովքե՞ր կարող են իրենց բուժումը ստանալ կենտրոնում։

Հաշվի առնելով, որ Կոշ համայնքում արդեն գործում է մանկական վերկանգնողական կենտրոն, Չարենցավանում բացված մասնաճյուղը ծառայություններ կմատուցի չափահաս անձանց։

Այստեղ կսպասարկվեն մասնավորպես պատերազմի հետևանքով վիրավորումներ ստացած, ուղեղի արյան շրջանառության խանգարման հետևանքով հենշարժողական, խոսքի և այլ խանգարումներ ձեռք բերած անձինք, ինչպես նաև մանկական ուղեղային կաթվածով չափահաս անձինք։

Ո՞ր վերականգնողական բուժումներն են առաջնահերթ ընդգրկվել կենտրոնի ծառայությունների թվում։

Այժմ կենտրոնում հնարավոր է իրականացնել էրգոթերապիա, ֆիզիոթերապիա, մանուալ թերապիա, օգտվել լոգեպեդի և հոգեբանի ծառայություններից։ Սրանք այս պահին հրատապ ենք համարել, սակայն կախված բուժառուների պահանջներից կընդգրվեն նոր ծառայություններ ու սարքավորումներ։ Կուզեի նշել, որ մեր հիմնադրամում գործող հոգեբանական ծառայության շնորհիվ բուժման ընթացքն ավելի ամբողջական և արդյունավետ է լինում, քանի որ ինչպես գիտենք վիրավորում ստացած կամ հենշարժողական սահմանափակումներ ունեցող անձը նաև հոգեբանական խնդիրներ կարող է ունենալ և հաղթահարելով դրանք՝ բուժման պլանը ավելի կարճ ժամանակահատվածում է իրագործվում։

Գիտեմ, որ կենտրոնը համագործակցում է նաև Երևանում գործող Ուիգմոր Քլինիքի հետ։ Կպատմե՞ք այդ համագործակցության մասին։

Մեզ այցելած հիվանդները հաճախ կարիք են ունենում նեղ մասնագիտական խորհրդատվությունների։ Այդ հարցում մեզ շատ օգնում է Ուիգմոր Քլինիքը, որի բժիշկների մասնագիտական որակները անհրաժեշտ են լինում հիվանդ և վիրավոր զինծառայողներին սպասարկելու համար, մասնավորապես վնասվածքաբան օրթոպեդները, անոթային վիրաբույժները, միկրովիրաբույժները, ճառագայթային ախտորոշման ծառայությունը, ինչպես նաև նշված կլինիկա հաճախ այցելող արտասահմանցի մասնագետները շատ մեծ օգնություն են ցուցաբերում մեր հիվանդների բուժման հարցում՝ ըստ անհրաժեշտության կազմակերպելով և իրականացնելով վիրահատություններ։ Այս ամենը արվում է հաշվի առնելով սոցիալական գործոնը։