"INTUICIA" (լատիներենից intuitio-intueor, թարգմանաբար նշանակում է ուշադիր նայում եմ) բառը մեկնաբանվում է որպես բնական ճանապարհով որևէ բան ըմբռնելու կարողություն` առանց ապացույցների և հիմնավորումների, ընդ որում սուբյեկտիվ ունակությունը զերծ է տրամաբանական որևէ գործոնից։
Ժամանակակից կյանքի ռիթմերը չափազանց արագ են։ Քաղաքականության, տնտեսության, առօրյա կյանքում տեղի ունեցող երևույթները թույլ չեն տալիս ժամանակ հատկացնել ո՛չ մեծ քանակությամբ ինֆորմացիայի ամբողջական մշակմանը, ո՛չ էլ երկարատև մտորումներին։ Հանգամանքներն էլ ավելի հաճախ են մարդկանց ստիպում սեղմ ժամանակամիջոցում ընդունել լուրջ որոշումներ` "այստեղ և հիմա"։ Այս պարագայում առավելություն է համարվում մարդու ինտուիցիայի` այսպես կոչված ներքին ձայնի առկայությունը։ Ո՛չ փայլուն կրթությունը, ո՛չ համակողմանի գիտելիքները, այլ հենց ինտուիցիան։
Հասկանալի է, որ ոչ բոլորն են օժտված ինտուիցիայով։ Վաղուց ի վեր համարվել է, որ ինտուիցիան հատուկ է միայն ընտրյալներին, և մինչ օրս շատերը այդպես էլ կարծում են։ Մյուսներն, ընդհակառակը, համոզված են, որ ինտուիցիայով օժտված է ցանկացած մարդ, սակայն մարդիկ տարբեր ձևերով են դրանից օգտվում։
 
Հայտնի անծանոթուհին
 
Երկրագնդի ամենահարուստ մարդկանցից մեկը, հայտնի ֆինանսիստ և ներդրող Ջորջ Սորոսը իր ինքնակենսագրականում գրում է. "Երբ ես ակտիվորեն ղեկավարում էի Հիմնադրամի աշխատանքները, իմ մեջքը ցավում էր։ Սուր ցավը ես գնահատում էի որպես ազդանշան այն բանի, որ գործերումս ինչ-որ բան այն չէ։ Չնայած, խոստովանեմ, որ դա ներդրված կապիտալը ղեկավարելու ամենագիտական մեթոդը չէ"։
Իսկ բոլորի կողմից սիրված հեռուստաէկրանի աստղ Դեմի Մուրը հարցազրույցներից մեկում նշում է. "...Ինտուիցիան լոկ ներքին մեխանիզմ է, որն օգնում է որոշումներ կայացնելու։ Դա այն է, ինչ որոշ մարդիկ անվանում են ներքին զգացողություն, բնազդ, ձայն, որը մեզ ստիպում է շարժվել այս կամ այն ուղղությամբ"։
Շրջապատող աշխարհը յուրաքանչյուր ժամ փոփոխվում է, և կյանքից հետ չմնալու համար մենք պարտավոր ենք հաշվի առնել այդ փոփոխությունները։ Սակայն ակնհայտ է, որ դրա համար զգացողության "ստանդարտ" օրգանները բավարար չեն։ Ահա և ստիպված ենք օգտվել խորհրդավոր "ինչ-որ մի բանի ծառայություններից", որից մենք հաճախ փորձում ենք առանձնանալ։
Սակայն ֆիզիկական տեսանկյունից ինտուիցիան անշոշափելի է, և հաճախակի այն օգտագործվում է զուտ գործնական նպատակներով։ Օրինակ, ամերիկացի բժիշկ Լորա Դեյը պնդում է, որ ինտուիցիայի օգնությամբ գտել էր կորած մարդկանց, որոնց երբեք չէր էլ տեսել, գուշակում էր ոսկու գինը և Դոու-Ջոնսի ցուցանիշը (ցուցանիշ, որը վեց ամսվա կտրվածքով կանխավ "ցույց է տալիս" ամերիկյան խոշոր ընկերությունների ակցիաների կուրսը), կանխատեսում նոր դեղերի արդյունավետությունը, մշակում դատարանում հարիր պահվածքի ռազմավարություն, որի շնորհիվ կարելի էր կռահել հակառակ կողմի իրավաբանների հարցերը, և այլ բազմաթիվ "հրաշքներ" էր գործում։ Սակայն ամենահետաքրքրաշարժն այն է, որ որքան քիչ գիտենք մենք ինչ-որ մի բանի մասին, այնքան արդյունավետ է աշխատում մեր ինտուիցիան։
 
"Ներդաշնակությունը ստուգել հանրահաշվով"

Սխալ թույլ տալիս մենք հաճախ գլխի ենք ընկնում. "Չէ՞ որ ճիշտ լուծումը մեր գլխում էր պտտվում (հիշե՛ք բազմաթիվ օրինակներ "Հրաշքների դաշտ", "Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ", "Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր" հեռուստահաղորդումներից)"։ Առաջ եկած հարցի առաջին պատասխանը, որպես կանոն, ճիշտն է լինում։ Սակայն մեզ շփոթեցնում է արագությունն ու հեշտությունը, ինչպես նաև գլխում պտտվող ճիշտ պատասխանի ճշտության տրամաբանական ապացույցների բացակայությունը։ Այդ պատճառով մենք ամբողջ ուժով փորձում ենք կենտրոնանալ և սկսում ենք տենդորեն փնտրել հնարավոր ճիշտ պատասխանը։ Օգնության ենք կանչում տրամաբանությանը, հիշողության մեջ փնտրում դասական "սխեմաները", խորհուրդ հարցնում մասնագետներից։ Սակայն արդյունքում՝ խրվում ենք տեղեկատվության հոսքի մեջ և... սխալվում։ Իսկ հետո վրդովվում ենք, որ "երջանկությունն այդքան մոտ էր, սակայն..."։
 
Արդյո՞ք "վեցերորդ զգայարանը" արժանի է վստահության
 
Նույնիսկ եթե մեր բանականությունը չի ուզում (կամ չի կարող) համաձայնել այն պնդմանը, որ "ներքին հոտառությունը" օգնում է գտնելու գրեթե բոլոր հարցերի պատասխանները, կարևորը դրան հավատալն է։ Այնուամենայնիվ, մեզանից յուրաքանչյուրն, անշուշտ, մեկ անգամ չէ, որ հանդիպել է "Ձերդ պայծառափայլություն ինտուիցիային". պարզապես չի մտածել, թե ում հետ գործ ունի։ Հիշե՛ք, օրինակ, անծանոթ մարդկանց հանդեպ Ձեզ մոտ առաջացող արձագանքը։ "Հորիզոնում" նոր մարդու հայտնվելը միշտ առաջ է բերում որոշակի զգացողություններ` հաճելի կամ տհաճ։ Եթե Դուք Ձեզ հանգիստ եք զգում, ապա դա "Ձեր" մարդն է։ Եվ հակառակը, եթե Դուք ինչ-որ մեկի հետ անհամատեղելի եք, ապա Ձեր ինտուիցիան սկսում է ազդանշանել վտանգի մասին. առաջանում է ուժերի անկում, հոգնածություն, գրգռվածություն, նվազում է ուշադրությունը, գլխացավն է տանջում, առաջանում է ընկերախումբը լքելու անտանելի ցանկություն, չնայած որ մինչ այդ Ձեզ համար այնտեղ հաճելի էր:

Կամ` մեկ այլ օրինակ։ Հենց որ Դուք որևիցե ժամադրության համաձայնություն եք տալիս, իրավիճակի գնահատմանն իսկույն միանում է ինտուիցիան։ Եթե առաջիկա հանդիպումը ցանկալի չէ, "ներքին ձայնը" սկսում է Ձեզ "հակառակը համոզել", իսկ եթե Դուք նրան չեք լսում, ապա հանկարծակի սկսվում են այնպիսի իրադարձություններ տեղի ունենալ, որոնք կտրուկ փոխում են բոլոր ծրագրերը և այդպիսով խոչընդոտում այդ հանդիպմանը։ Անգամ առավոտից վատ տրամադրությունը նույնպես ինչ-որ կերպ հուշում է սպասվելիք որևէ տհաճ իրադարձության մասին։ Ահա և ստացվում է, որ Ձեր ամբողջ կյանքի ընթացքում Դուք ստիպված եք "լսել Ինքներդ Ձեզ", քանի որ դա բազմաթիվ սխալներից, խնդիրներից և անգամ փորձանքներից խուսափելու ամենաճիշտ միջոցն է։ Ի դեպ, ոչ միայն ներկայում, այլև ապագայում:


Ամսագիր ''Ֆարմացեվտ պրակտիկ''