Ցիգունը չինական առողջարարական մարմնամարզություն է, որը կենսական էներգիայի (ցի) և աշխատանքի (գուն) ճիշտ փոխազդեցության միջոցով վերականգնում է մարդու ներաշխարհի և շրջակա միջավայրի խաթարված ներդաշնակությունը: Եռամիասնության օրենքի շնորհիվ` մարմին, գիտակցություն, շնչառություն, մարդը կարողանում է լուծել օրգանիզմի մի շարք խնդիրներ` բարձրացնելով իմունիտետը, ապահովելով հոդերի, մկանների, ողնաշարի, ինչպես նաև ողջ նյարդային համակարգի կայուն աշխատանքը:

Ցիգունը` որպես չինական փիլիսոփայության ճյուղ, առաջացել է դեռևս յոթ հազար տարի առաջ: Ցիգուն մերսումն անվտանգ է, հակացուցումներ չունի` ի տարբերություն մերսման շատ ձևերի: Այս մերսման յուրահատկությունն այն է, որ պարզ, թեթև շարժումների միջոցով մարդը կարողանում է ղեկավարել սեփական էներգիան: Իհարկե,այստեղ կարևոր է մարմնի կենսական ակտիվ կետերի իմացությունը:

Չինական մերսման մասնագետ Ռոբերտ Վարդումյանը, որ 1997 թ. մեկնել է Չինաստան` սովորելու չինական մերսման «գաղտնիքները», 10 տարուց ավելի է` զբաղվում է նաև ցիգուն թերապիայով (ընդհանրապես ցիգունով զբաղվում է 20 տարուց ավելի): Նրա խոսքով, Արևելքում և Արևմուտքում մերսման մոտեցումները տարբեր են. «Արևմուտքում մերսումն ընկալում են իբրև մարմնամարզության մի ձև,- ասում է նա,- իսկ արևելքում դա լուրջ գիտություն է. ըստ չինացի բժիշկների` յուրաքանչյուր օրգան ունի իր էներգետիկ ուղին, և մարդ հիվանդանում է, երբ խախտվում է էներգետիկ դաշտը»:

Ցիգուն մերսումը կարելի է իրականացնել ինքնուրույն` առանց մասնագետի միջամտության: Այն կարելի է կատարել կանգնած կամ նստած վիճակում` աշխատավայրում, առանց հագուստը հանելու:

Ռոբերտ Վարդումյանը, սակայն, շեշտում է, որ ինքնուրույն ցիգուն թերապիա կատարելու համար նախ պետք է լավ սովորել` խորապես գիտակցելով դրա ողջ էությունը: Նրա խոսքով, եթե մարդ հոգեպես տրամադրված չէ ցիգունին, ապա լավագույն մասնագետն անգամ չի կարող դրական արդյունք տալ: Իսկ մասնագետի առաջին խնդիրը հաճախորդին ցիգունին նախապատրաստելն է:

Ընդհանրապես ցիգուն մերսման համար Ռոբերտ Վարդումյանին քիչ են դիմում: Պատճառը, ըստ նրա, անիրազեկությունն է: Շատ երկրներում ցիգունը համարվում է հոգեկան ու ֆիզիկական ներդաշնակության հասնելու լավագույն ձևերից մեկը, որն անվտանգ է, հաճելի ու հեշտ:

Ըստ Վարդումյանի` ցիգուն մերսման համար կանայք ավելի շատ են դիմում, քան տղամարդիկ: Այն սրահում, որտեղ աշխատում է նա, ցիգուն մերսումն արժե մոտ 25 հազար դրամ: Ողջ  գործողությունը տևում է 1 ժամ 40 րոպե: Մասնագետը վստահեցնում է, որ այդ ծախսը լիովին արդարացված է, քանի որ հաճախորդը լիարժեք հանգստանում է և զգում օրգանիզմում տեղի ունեցած փոփոխությունները:

Ռոբերտ Վարդումյանը շեշտում է, որ հայ հասարակության մեջ մերսումը նույնացվում է հաճույքի հետ. «Շատ հաճախ մարդիկ դիմում են ինձ ` ասելով, որ ուզում են պարզապես լիցքաթափվել ու հանգստանալ, սակայն պարզվում է, որ նրանք հոդային, մկանային, նյարդային համակարգի աշխատանքի հետ կապված խնդիրներ ունեն: Եվ եթե իմ առաջին գործը այցելուի պահանջն իմանալն է, ապա երկրորդը` այդ պահանջի անհրաժեշտության մասին խոսելն է և ըստ այդմ` մերսման տեսակի ընտրությունը: Խորհրդատվության ընթացքում հաճախորդը շատ բան է հասկանում և ի վերջո ընտրում է մերսման իմ առաջարկած տեսակը` առավել մեծ արդյունք ստանալով»:

Վարդումյանը նաև նշում է, որ իր հաճախորդների 80-90%-ը կանայք են: Դա միգուցե բացատրվի այն հանգամանքով, որ հայ տղամարդիկ նախընտրում են մերսող կին մասնագետներին: Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք նույնպես որոշակի բարդույթներ ունեն: Օրինակ` կին հաճախորդների մեծ մասը չի ուզում շրջապատին ասել, որ մերսման է հաճախում: Վարդումյանը չի բացառում, որ կանայք «ամաչում են» այն փաստից, որ մերսման մասնագետը տղամարդ է: «Եթե սրահի մյուս մասնագետներին հաճախորդներ են բերում հենց հաճախորդները (ընկերուհիներին, բարեկամներին, ծանոթներին), ապա իմ դեպքում դա չի գործում,- ծիծաղելով ասում է նա,- քանի որ իմ հաճախորդները երբեմն ընկերուհիներից էլ են թաքցնում մերսման հաճախելը»:

Ի տարբերություն ցիգունի` Հայաստանում առավել տարածված է չինական ավանդական մերսումը, որի մաս է կազմում անմոն: Այս մերսման ժամանակ կիրառվում են տարբեր գործիքներ` քարեր, մուրճեր և այլն: Անմո մերսման մի մաս էլ կազմում է գուաշան` չինական մերսման ամենահին տեսակներից մեկը: Ռոբերտ Վարդումյանը նշում է, որ այս մերսումը կատարվում է որոշակի յուղի և եղնիկի կամ խոյի եղջյուրի միջոցով: Այն դրական ազդեցություն է գործում հոդերի, ողնաշարի, արյան շրջանառության բարելավման վրա: «Մերսման այս տեսակի համար  նույնպես դիմողները քիչ են, քանի որ մարդիկ սովոր չեն դրան,- ասում է չինական մերսման մասնագետը,- բանն այն է, որ այս մերսման դեպքում մաշկը քերվում է, և որոշ ժամանակ հետքեր են մնում»:

Ի՞նչ խնդիրներ է լուծում մերսումը: «Մերսումը նպաստում է մարդու հենաշարժական և մկանային համակարգերի խնդիրների լուծմանը, նյարդային համակարգի բարելավմանը, մարսողական համակարգի, նյութափոխանակության, արյան շրջանառության կարգավորմանը և ընդհանրապես լուրջ դեր ունի մարմնի խնամքի և կերտման գործում»,- ասում է մասնագետը:

Նա նշում է, որ մեզ մոտ առավել տարածված են մերսման դասական, հակացելյուլիտային, նիհարեցնող տեսակները. «Դասական մերսումն ընդհանուր վերականգնողական պրոցեդուրա է, որը բարելավում է նյարդային համակարգի աշխատանքը, ամրացնում իմունային համակարգը, բարձրացնում աշխատունակությունը,- ասում է Վարդումյանը,- հակացելյուլիտային ու նիհարեցնող մերսումներն օգնում են ձգելու և բարելավելու մաշկը, ազատվելու ավելորդ քաշից, բարելավելու նյութափոխանակությունը»:

Գոյություն ունի նաև արոմամերսում, որն իրականացվում է բնական-բուսական յուղերի և եթերայուղերի միջոցով: Արոմամերսումն ազդում է երկու ձևով` անմիջապես յուղերի միջոցով մարմինը մերսելու և յուղերի բույրի միջոցով, որը նույնքան դրական ազդեցություն է գործում օրգանիզմի վրա:

Մերսում տաք քարերի միջոցով. այս դեպքում կիրառվում են հրաբխային ծագման քարեր, որոնք տաքացվում են ջրի մեջ և դրվում մարմնի տարբեր մասերի վրա: Տաք քարերով մերսումն առաջին հերթին հանում է հոգնածությունը, բարձրացնում իմունիտետը: Մեկ ժամ տևող այս պրոցեդուրան արժե մոտ տասնհինգ հազար դրամ:

Կրիոմերսում. սա էլ հակառակը` մերսումն իրականացվում է սառցե կտորների միջոցով` սառի և տաքի հակադրությամբ:

Կա նաև մերսում, որն իրականացվում է խխունջի պատյանների միջոցով, որոնք լցված են հատուկ նյութերով:

Մեղրով մերսում. սա, ըստ մասնագետի, կատարվում է մաշկի էսթետիկ խնդիրները լուծելու նպատակով (ցելյուլիտ, զոլեր, նիհարեցում և այլն):

Մերսման ժամանակ շատ կարևոր են նաև երաժշտությունը, սենյակի լուսավորությունն ու գույները: Կախված մերսման տեսակից ու ձևից` պետք է ընտրել նաև համապատասխան երաժշտություն և լուսային երանգներ: Մասնագետի խոսքով` յուրաքանչյուր գույն ունի իր ազդեցության ձևն ու աստիճանը, և գույնի սխալ ընտրության դեպքում մերսումը կարող է լիարժեք արդյունք չտալ:

Մի խոսքով, մարմնի մերսումը ոչ միայն հաճույքի, նյարդային համակարգի բարելավման, այլև օրգանիզմի մի շարք խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների մի հսկայական համակարգ է, որին տիրապետելու համար պահանջվում են լուրջ գիտելիքներ և երկար տարիների փորձ:

Ankakh.com