Աչքերի չորության համախտանիշը (Dry Eye Disease, DED) հանդիսանում է բազմագործոնային հիվանդություն, որը բնորոշվում է արցունքային շերտի որակական կամ քանակական խանգարումներով։ Այն ուղեկցվում է աչքերի գրգռվածությամբ, այրոցի կամ օտար մարմնի զգացմամբ, լուսավախությամբ և տեսողության տատանումներով։ Վերջին տարիներին նկատվում է հիվանդության տարածվածության աճ՝ պայմանավորված շրջակա միջավայրի գործոններով, գադջեթների հաճախակի օգտագործմամբ։
Արցունքային շերտի խախտման հիմնական գործոններից է մեբոմյան գեղձերի դիսֆունկցիան (Meibomian Gland Dysfunction, MGD)։ Այս վիճակում գեղձերի արտազատությունը խաթարված է, առաջացնում է արցունքային շերտի բարակում,անկայունություն և վաղ գոլորշիացում աչքի մակերեսից։ Դրա հետևանքով զարգանում է չոր աչքի համախտանիշ։
IPL (Intense Pulsed Light) թերապիան սկզբնապես կիրառվել է դերմատոլոգիայում, սակայն վերջին երկու տասնամյակներում այն լայնորեն ուսումնասիրվում և կիրառվում է նաև ակնաբուժության մեջ։ Թերապիան ներառում է բարձր ինտենսիվության լույսի իմպուլսների կիրառումը կոպերի շրջանի մաշկի վրա, որն ունի մի շարք ազդեցություններ․
• Լայնացած անոթների կոագուլյացիա, ինչի արդյունքում նվազում է բորբոքային միջնորդների արտազատությունը։
• Մեբոմյան գեղձերի արտազատության կարգավորում և արտահոսքի բարելավում։
• Անմիջական ջերմային ազդեցություն, որը նպաստում է ճարպերի հեղուկացմանը։
Թվով բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ IPL թերապիան․
• բարելավում է արցունքային թաղանթի կայունությունը (TBUT-ի երկարացում),
• նվազեցնում է բորբոքման նշանները և սիմպտոմները,
• բարելավում է մեբոմյան գեղձերի աշխատանքը։
Սովորաբար բուժման կուրսը ներառում է 3–4 սեանս՝ 2–4 շաբաթվա ընդմիջումով։
Աչքի չորության համախտանիշի բուժման մեջ IPL թերապիան առաջարկվում է որպես արդյունավետ և անվտանգ լրացուցիչ մոտեցում, հատկապես մեբոմյան գեղձերի դիսֆունկցիայի դեպքում։ Այն հնարավորություն է տալիս ոչ միայն մեղմել հիվանդության սիմպտոմները, այլև ազդել հիվանդության առաջացման պատճառների վրա։
ակնաբույժ



