Օրական ընդամենը 1-2 կտոր միրգը բավարար է սրտի նոպայի կամ ինսուլտի ռիսկը մինչև 40% նվազեցնելու համար:  Այդ մասին են խոսում Օքսֆորդի համալսարանի գիտնականները, ովքեր յոթ տարվա ընթացքում հետազետել են մոտ 500000 մարդու: Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց սննդակարգում ներառել են մրգեր, ավելի քիչ են ունենում սրտային հիվանդություններ և ինսուլտի երկու տեսակներ: Մրգերի օգտագործումը բնութագրվել է հինգ կատեգորիաներով. «երբեք», «ամիսը մեկ», «շաբաթական 1-3 անգամ», «շաբաթական 4-6 անգամ» և «ամեն օր»: Այսպիսով՝ որքան հաճախ էին մարդիկ ուտում միրգ, այնքան ցածր էր բարդացման վտանգը: 
 
Ընդհանրապես միրգ չօգտագործող մարդկանց համեմատ՝ ամեն օր միրգ ուտողների մոտ սիրտ-անոթային հիվանդությունների ցուցանիշները ցածր էին 15%-ով:  Իշեմիկ ինսուլտի ցուցանիշները ցածր էր 25%-ով, իսկ հեմոռագիկ ինսուլտինը՝ 40%-ով:  Բացի այդ, մրգի սիրահարների մոտ զգալիորեն ցածր էր սիստոլիկ ճնշումը (սնդիկի սյան 3,4 մմ-ով) և դիաստոլիկ ճնշումը (4,1 մմ-ով), գրում է The Telegraph պարբերականը: 
 
Գիտնականները հաշվի չեն առել մրգի չափաբաժինները: Սակայն ամեն օր միրգ օգտագործողները կերել են մեկ ու կես չափաբաժին: Մեկ չափաբաժինը կազմում է, օրինակ՝ մեկ ոչ մեծ խնձոր կամ նարինջ: Հետազոտության մասնակցել են մարդիկ, ովքեր չեն ունեցել առողջական խնդիրներ հետազոտության սկզբում: Հետազոտության յոթ տարիների ընթացքում գրանցվել է սրտային հիվանդության 19300 և ինսուլտի՝ 19689 դեպք: 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ telegraph.co.uk