Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի ուրոլոգիական բաժանմունքը հնարավորություն ստացավ իրականացնել ներմիզուկային մասնահատման վիրահատություններ՝ բիպոլյար եղանակով: Ինստիտուտի կողմից ձեռք են բերվել նմանատիպ վիրահատության համար անհրաժեշտ՝ գերմանական հայտնի  «Karl Storz» ընկերության արտադրության սարքավորումներ:

Doctors.am-ը ներկա է գտնվել ինստիտուտում այս եղանակով իրականացվող առաջին վիրահատությանը. ներկայացնում է ուրոլոգ, բ.գ. դոկտոր-պրոֆեսոր, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Ռուբեն Բորոյանը:

Պրոֆեսոր Բորոյան, ներկայացրե՛ք, խնդրեմ՝ ի՞նչ վիրահատություն է սպասվում:

Մենք այժմ կատարելու ենք շագանակագեղձի ներմիզուկային մասնահատում: Սա էնդոսկոպիկ վիրահատություն է, որը, կարելի է ասել, շագանակագեղձի գերաճի դեպքում վիրաբուժական բուժման ոսկե չափանիշ է համարվում:

Վիրահատությունը կարելի է իրականացնել էլեկտրոէներգիայի տարբեր աղբյուրներով՝ ավանդական մոնոպոլյար, լազերային եղանակներով և բիպոլյար՝ ինչպիսին այսօր ենք իրականացնելու:

Որքա՞ն է տևում վիրահատությունը: Այս սարքավորումով աշխատանքը ենթադրու՞մ է արդյոք ժամանակային սահմանափակում:

Այս վիրահատությունը սովորաբար տևում է շուրջ 1 ժամ: Բիպոլյար եղանակի առավելությունը՝ մոնոպոլյարի համեմատությամբ, վիրաբույժին ժամանակի մեջ չսահմանափակելն է: Կարելի է աշխատել ավելի երկար, հետևաբար՝ գերաճի ենթարկված շագանակագեղձի ավելի մեծ ծավալուն մասնահատում իրականացնել: 

       

Վիրահատությունը սկսում ենք, իհարկե, օպերացիոն դաշտի գնահատումից: Սրանք էնդոսկոպիկ գործիքներն են:

        

Նման պաթոլոգիան ունի՞ տարիքային սահման: Ո՞րն էընդհանուր առմամբդրա առաջացման պատճառը:

Սա տարեց տղամարդկանց բնորոշ հիվանդություն է: Շագանակագեղձի գերաճի առաջացման միակ ապացուցված ռիսկի գործոնը տարիքն է: Տարիքի հետ խախտվում է տղամարդու հորմոնային (տեստոստերոնի) համաչափությունը, և քանի որ շագանակագեղձի աճը կանոնարկվում է անդրոգեն հորմոնի և դրա տեսակների համաչափությամբ, այն համաչափության տարիքային փոփոխությունները հանգեցնում են շագանակագեղձի գերաճի: 

Որպես կանոն՝ հիվանդությունը հանդիպում է 50-ից բարձր տարիքային խմբի տղամարդկանց մոտ: Ցավոք, վերջին տարների նկատվում է հիվանդության երիտասարդացում: 

        

Որո՞նք են հիվանդության ախտանիշները: Ինչպե՞ս է այն դրսևորվում:

Հիմնական ախտանիշներից են  միզարձակման խանգարումները, արգելափակումը:
Այս հիվանդության վիրահատական բուժումը ենթադրում է շագանակագեղձի գերաճած բլթերի հեռացում՝ մասնահատման միջոցով և միզարձակման արգելափակման վերացում:
Սահուն կտրվածքներով և միաժամանակ այրելով՝ կատարում ենք ավելորդ հյուսվածքների հեռացում:
 

   

Վիրահատական սարքավորումները գերմանակայն հայտնի «Karl Storz» ընկերության արտադրանք են: Այն՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կողմից ձեռք է բերվել բոլորովին վերջերս: 

Չնայած ամբողջ աշխարհում տեխնոլոգիական նորարարություններին, այս հիվանդության բուժումն իրականացվում է արդեն իսկ ոսկե չափանիշ դարձած ներմիզուկային մասնահատման եղանակով:

   

Իսկ հնարավո՞ր է այդ հյուսվածքների վերականգնումը հետագայում: Բուժումը երաշխավորում է արդյո՞ք երկարատև արդյունք:

Տեսականորեն, իհարկե, հնարավոր է նման բան, սակայն գործնականում այս խնդիրը չենք ունենում:

Տեսնում ենքոր արյան կորուստը մեծ չէՍա կարող ենք համարել վիրահատության այս եղանակի առավելություններից:

Այո, իհարկե: Այս դեպքում արյան կորուստն անհամեմատ ավելի փոքր է:

Վիրահատությունից հետո ինչպե՞ս է կազմակերպվում հիվանդի հիվանդանոցային խնամքըԵ՞րբ կարելի է վերադառնալ առօրյային:

Հետվիրահատական ապաքինումը շատ արագ է ընթանում, քանի որ վիրահատական այս եղանակն ապահովում է էլեկտրովիրաբուժական վերքի շատ արագ լավացում: Սովորաբար հիվանդանոցային խնամքը տևում է 2-3 օր:

   

Վաղու՞ց է մեր երկրում իրականացվում ներմիզուկային մասնահատման վիրահատությունը՝ բիպոլյար եղանակով:

Բիպոլյար մասնահատման տեխնոլոգիան մեր երկրում ներդրվել է բոլորովին վերջերս և կիրառվում է 2-3 կլինիկայում: Աշխարհում ևս, այն նոր մեթոդ կարելի է համարել: Իսկ ահա ներմիզուկային մասնահատման մոնոպոլյար վիրահատություններ Հայաստանում իրականացվում է վաղուց՝ 1986 թվականից: Ընթացքում կատարելագործվել է և՛ կատարման տեխնիկան, և՛ մասնագիտական հմտությունները: Սա վստահորեն կարող եմ համարել փորձկախյալ վիրահատություն: 

Doctors.am-ը ևս մեկ անգամ շնորհավորում է՝ սարքի ձեռքբերման առիթով: Մաղթում ենք հաջող վիրահատություններ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

Շնորհակալ ենք: Միքայելյան վիրաբուժության իսնստիտուտի համար այս սարքի առկայությունը կարելի է համարել, իհարկե, մեծ ձեռքբերում: Սա մեծ և կարևոր քայլ է մեր ուրոլոգիական բաժանմուքի տեխնիկական վերազինման գործում: Ուրախալի է նշել, որ բիպոլյար եղանակով կատարվող այս վիրահատությունը, ընձեռելով բավական մեծ հնարավորություններ, ինքնարժեքով գրեթե չի տարբերվում մոնոպոլյար տարբերակից, հետևաբար՝ գնի զգալի տարբերություն չկա:

Հիշեցնենք նաև, որ ներմիզուկային մասնահատման  վիրահատությունը ցուցված է նաև միզապարկի նորագոյացությունների, ներառյալ՝ մակերեսային քաղցկեղի դեպքում:


Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի
Սկզբնաղբյուր՝ Doctors.am
16 Մարտի, 2015