Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի և Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ, փետրվարի 11-ին Աշտարակ քաղաքում կայացավ «Վիրաբուժության արդի միտումները» խորագիրը կրող սեմինար-գիտաժողովը:
Գիտաժողովի առանցքային նպատակն է՝ ապահովել մշտական կապ և համագործակցություն Արագածոտնի մարզի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի բժիշկների միջև:
Առաջին գիտաժողովին ներկա էին ավելի քան 100 տարբեր մասնագիտացմամբ բժիշկներ:
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի մասնագետները ներկայացրին զեկույցներ:
 
Միջոցառման ողջույնի խոսքով և զեկույցով հանդես եկավ ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի Ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Իվան Գերասիմի Աղաջանյանը:

 

- Այսօր բժշկությունն ամբողջ աշխարհում զարգանում է խիստ արագ ռիթմով, և այս զարգացմանը զուգընթաց՝ ստեղծվում և մշակվում են աշխատանքային սկզբունքներ, որոնցից կառանձնացնեմ հատկապես բուժման ուղեցույցների մշակումը և կիրառումը: Դրանք օգնում են ընտրել բուժման և ախտորոշման համար հնարավորինս համապատասխան եղանակներ: Կարծում եմ` այս մշակույթը պետք է ներդնել նաև մեր երկրում և լրջորեն վերահսկել, որ բժիշկներն առաջնորդվեն բուժման ուղեցույցներով:

Նման միջոցառումները նոր տեղեկատվություն ստանալու, փորձի փոխանակման հրաշալի առիթ են: Իսկ բժիշկը՝ ավելի վստահ բուժելու համար պետք է ունենա հստակ և թարմ գիտելիքներ: Ես համոզված եմ, որ հայ մասնագետները մեծ ներուժ ունեն, միայն «ցավդ տանեմ» արտահայտությունը, որ բժիշկը կարող է անել պացիենտին, արդեն իսկ խոսում է բժշկության ամենաբարձր մակարդակի մասին,- ասում է Իվ. Աղաջանյանը:

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի և Արագածոտնի առողջապահական կառույցների սկսյալ համագործակցությունը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ միջոցառումների շարք՝ կլինիկական դեպքերի քննարկում, համատեղ բարեգործական միջոցառումների իրականացում, Արագածոտնի մարզային բժիշկներին՝ իրենց գիտական հոդվածները Միքայելյան ինստիտուտի 20-ամյա «Հայաստանի վիրաբուժության լրաբեր» ամսագրում հրապարակելու հնարավորություն և այլն:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյան.

- Ողջունում եմ բոլոր ներկաներին և այս համագործակցությունը: Շնորհակալությունս կցանկանայի հայտնել Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տնօրինությանը՝ նման նախաձեռնության ցուցաբերման համար: Սա հրաշալի հնարավորություն է օգնել մարզային բնակչությանը՝ ստանալ առավել համակարգված, թարմացված և որակավորված բուժօգնություն: Արագածոտնի մարզում ունենք բավական փորձառու, ողջ հանրապետությունում հայտնի մասնագետներ, և մեր խնդիրն է՝ ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ նրանց աշխատանքը կազմակերպելու համար,- ասում է Ս. Սահակյանը:

 

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն Արթուր Թամազյան

Ինչու՞ ընտրվեց հատկապես Արագածոտնի մարզը՝ համագործակցության համար: Ի՞նչ նպատակներ և սպասումներ ունեք:

- Արագածոտնի մարզն ընտրվել է պարզապես այբբենական կարգով, ցանկություն ունենք համագործակցել բոլոր մարզերի հետ: Առանցքային նպատակն է, որ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում աշխատող բժիշկների գիտելիքները կարողանանք փոխանցել մարզային բուժհաստատությունների մասնագետներին, ծանոթանանք նաև նրենց փորձին: Քանի որ Միքայելյան ինստիտուտի աշխատակիցները հանդիսանում են նաև Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի ամբիոնների աշխատակիցներ, մենք ցանկանում ենք նրանց՝ միջազգային կոնֆերանսներից, վերապատրաստումներից ստացած գիտելիքները փոխանցել մեր մարզային գործընկերներին:

Գերնպատակ ունենք, որ շրջանների բժիշկները ևս ծանոթ լինեն բժշկական այս կամ այն ոլորտի նորարարություններին, բուժման և ախտորոշման նոր մեթոդներին և իհարկե, ավելի լավ պայմաններում ապահովեն մեր քաղաքացիներին ցուցաբերվող բուժօգնությունը:

Այլ մարզային կլինիկաների հետ համագործակցության նախադեպ ունե՞ք, թե՞ սա առաջին փորձն է:

-Նախկինում համագործակցել ենք նաև Լուռու մարզի հետ: Վերջին տարիներին մեր փոխհարաբերություններն ենք հաստատում Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի առողջապահական կառույցների հետ:

Մեր նպատակն է ապահովել մշտական մասնագիտական կապ, անկաշկանդ խորհրդակցություն շրջանների և երևանյան բժիշկների միջև:

Ըստ Ձեզ՝ ի՞նչ վիճակում է այսօր առողջապահության կազմակերպումը մարզերում: Ի՞նչ մասնագիտական որակներ ունեն տեղի բժիշկները:

- Ասեմ, որ մարզային բժշկությունը բավական բարձր մակարդակի վրա է, և այստեղ աշխատում են իրենց գործի գիտակ և հմուտ մասնագետներ: Իրենք՝ չունենալով այն միջոցները (տեխնիկա, ախտորոշիչ և բուժական մեթոդներ), որ առկա են Երևանում, աշխատում են և ապահովում մարդկանց նորմալ բուժսպասարկումը,- ասում է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն Արթուր Թամազյանը:

Հիշեցնենք, որ կողմերի միջև ստորագրվելիք համագործակցության պայմանագիրը ներառելու է ինստիտուտի լավագույն մասնագետների կողմից մարզում գիտակրթական միջոցառումների, կոնֆերանսների, սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում,  պարբերաբար այցեր մարզի բուժհաստատություններ, հետազոտությունների, խորհրդատվությունների իրականացում, անհրաժեշտության դեպքում՝  համատեղ վիրահատությունների կազմակերպում:

Փարպիի բժշկական ամբուլատորիայի ընտանեկան բժիշկ Կարինե Հովհաննիսյան.

- Նման գիտաժողովներին մասնակցությունն, իհարկե, շատ եմ կարևորում: Տեղեկանալով, թե ի՞նչ գործառույթներ են իրականացվում Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, մենք արդեն կարող ենք հստակ կերպով ուղեգրել հիվանդներին՝ հետագա բուժումը կազմակերպելու համար: Կարծում եմ, որ համագործակցությունը կլինի շարունակական և Արագածոտնի մարզային բժիշկները մշտապես կապի մեջ կլինեն երևանյան կոլեգաների հետ,- ասում է Կ. Հովհաննիսյանը:

Գիտաժողովին զեկույցներ ներկայացրեցին՝ Ի. Աղաջանյան (Ինֆրավեզիկալ օբստրուկցիա), Ս. Հակոբյան (Պորտալ հիպերտենզիայի վիրաբուժության անցյալը և ներկան), Ռ. Բորոյան (Շագանակագեղձի ուռուցքներ, սքրինինգև վաղ ախտորոշում), Տ. Սուլթանյան (Անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները), Գ.Գալուստյան (Հենաշարժողական ապարատի առաջնային և մետաստատիկ ախտահարումների վաղ ախտորոշումը), Տ. Աստվածատրյան (Ոչ սրտային վիրաբուժության ենթարկվող հիվանդների սրտային ռիսկի գնահատումը), Հ. Ենոքյան (Դիմածնոտային ախտահարումների վաղ ախտորոշումը) թեմաներով:

Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ հարցուպատասխան, իսկ ավարտին՝ բոլոր ներկա բժիշկները ստացան հավաստագրեր:

 

 

 

 

 

 


Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի
Սկզբնաղբյուր՝ Doctors.am
13 Փետրվարի, 2015