Կյանքի առաջին վեց ամիսներին երեխայի հիմնական սնունդը մայրական կաթն է: Կյանքի առաջին տարվա երկրորդ կեսին, սակայն, փոքրիկի սննդացանկն աստիճանաբար հարստանում է և արդեն մեկ տարեկան հասակում պարունակում է բազմաթիվ պյուրեներ, մրգեր, բանջարեղեններ և այլն:
Սակայն երբեմն սխալ, չկարգավորված սննդակարգը կարող է խնդիրների պատճառ դառնալ, ուստի պետք է իմանալ, թե ինչով կարելի է կերակրել 10-12 ամսական երեխային և ինչ չի կարելի տալ նրան:

Կաթնամթերք
Կաթնամթերքը պարունակում է անփոխարինելի համարվող ճարպեր, ածխաջրեր, միներալներ, ամինաթթուներ:  Կաթնաշոռում, կեֆիրում և կաթում պարունակվող կալցիումը և ֆոսֆորն օրգանիզմը հեշտությամբ է յուրացնում:  Սակայն անգամ մեկ տարեկան երեխային ամեն տեսակի կաթնամթերք չէ, որ կարելի է տալ:

Փոքրիկի համար օգտակար է կեֆիրը, որը կարգավորում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը:  Սակայն այս մթերքը բարձր թթվայնություն ունի և օրական 400 մլ ավել չի կարելի օգտագործել, այլապես կարող են առաջանալ խնդիրներ, որոնք կհանգեցնեն հեմոգլոբինի մակարդակի նվազեցման:

Կաթնաշոռ երեխային կարելի է տալ 10 ամսական հասակից սկսած: Մինչև 1,5 տարեկան հասակը երեխային կարելի է օրական տալ 50 գրամ կաթնաշոռ: Ցանկալի է երեխային տալ յուղազրկված կաթնաշոռ:
Մանկիկին կարելի է տալ միայն հատուկ,  մանկական, քիչ ճարպեր և ածխաջրեր պարունակող յոգուրտ ութ ամսականից հետո միայն:
10 ամսականում երեխային կարելի է արդեն կենդանական կաթ տալ, սակայն զգուշացեք ալերգիկ ռեակցիայից:  Կարելի է կաթը եռացնելիս ջրով բացել, նոր միայն տալ երեխային:
Ալերգիայից խուսափելու համար փոքրիկին քիչ տվեք նաև թթվասեր և պանիր:

Շիլաներ
Հատիկավորները բուսական սպիտակուցների, ածխաջրերի, միներալների, վիտամինների անփոխարինելի աղբյուր են:  Ամենադիետիկ և միևնույն ժամանակ հարուստ բաղադրությամբ հատիկավորը համարվում է հնդկաձավարը (գրեչկա): Այն 6-7 ամսական հասակից արդեն տրվում է երեխային որպես հավելյալ կերակրատեսակ: Հնդկաձավարը գրեթե երբեք ալերգիա չի առաջացնում:

Օրգանիզմի կողմից հեշտ է մարսվում բրինձը: Այն նաև ոչ ալերգիկ կերակրատեսակ է: Սակայն բրինձը հարուստ չէ վիտամիններով և միներալներով:
Վարսակի շիլան ևս օգտակար է, սակայն վարսակը գլուտեն է պարունակում, որը երեխայի մոտ կարող է մաշկի կարմրություն, ցան առաջացնել: Նման պարագայում խորհուրդ է տրվում վարսակի շիլան հանել երեխայի սննդացանկից մինչև 1,5-2 տարեկան հասակը:
Եգիպտացորենի շիլան վիտամիններ քիչ է պարունակում, փոխարենը հարուստ է միներալներով, որոնք հարկավոր են նյարդային համակարգի զարգացման համար:  Պարունակվող կրախմալի շնորհիվ եգիպտացորենի շիլան շուտ է կշտացնում:
Մակարոնեղեն երեխայի սննդացանկում կարելի է ավելացնել 11 ամսականից 1 տարեկան հասակում:

Մրգեր և  բանջարեղեններ
Եթե 6 ամսական հասակում երեխային կարելի է տալ դդմիկ, դդումի բաց գունի տեսակները, խնձոր, տանձ, բանան, ապա արդեն մեկ տարեկան հասակում այդ ցանկն ընդլայնվում է, երեխային արդեն կարելի է տալ կիվի, նարինջ, ելակ, բալ, հաղարջ և այլն: Եթե որևէ մթերք ալերգիկ ռեակցիա է առաջացնում, հարկավոր է 2-3  ամսով դադար տալ և նորից փորձել:
Բանջարեղեններից երեխային զգուշությամբ են տալիս բազուկ, կանաչ ոլոռ, լոբի: Սրանցից պատրաստված կերակուրները աղիքներում գազային կուտակումներ են առաջացնում: Կարտոֆիլին շատ տուրք մի տվեք, քանի որ շատ կրախմալ է պարունակում:

Միս և ձուկ
Սպիտակուցի կարևոր աղբյուր է միսը:  Երեխայի սննդացանկում միս կարելի է ներառել 6 ամսականից հետո: Սկզբում ցանկալի է երեխային տալ մսի դյուրամարս տեսակներ` նապաստակի, հնդկահավի միս: Իսկ արդեն մեկ տարեկանում կարելի է տալ նաև հորթի ոչ յուղոտ միս: Ցանկալի չէ երեխային տալ խոզի, ոչխարի, ջրային թռչունների մսից կերակուրներ, քանի որ դրանք դժվար են մարսվում:
10-12 ամսական երեխային ձուկ կարելի է տալ շաբաթը 1-2 անգամ:
Մսից և ձկնից կերակրատեսակները հարկավոր է շոգեխաշման եղանակով պատրաստել:

Ձու
Ձուն պարունակում է հեշտ մարսվող սպիտակուցներ, ամինաթթուներ, միկրո և մակրոտարրեր: Մեկ տարեկան երեխային կարելի է տալ ձվածեղ կամ ձվով պատրաստված այլ կերակրատեսակներ: Հավի ձվից ալերգիա ունենալու դեպքում երեխային կարելի է տալ լորի ձու:

Քաղցրեղեն
10-12 ամսական երեխայի համար տորթերը, բլիթները, շոկոլադե կոնֆետներն արգելված են:  Փոքրիկին կարելի է քիչ քանակությամբ տալ մարմելադ,  ջեմ, մուրաբա և այլն:


impoqrik.am