Եթե Ձեր ամուսինը և Դուք որոշել եք երեխա ունենալ, ապա պետք է քննադատաբար և գիտակցաբար գնահատեք Ձեր ապրելակերպը, ինչպես նաև ընհանուր առողջական վիճակը: Դա հարկավոր է անել նախօրոք`հղիությունից 1-3 ամիս առաջ: Հղինանալու որոշումը հիանալի առիթ է առողջ կենսակերպի անցնելու և ծխելը թողելու համար: Ծխելու վնասակար ազդեցությունը հղի կնոջ օրգանիզմի վրա հավաստիորեն հայտնի է` պտղի զարգացման դանդաղեցում հիպոքսիա, վաղաժամ ծննդաբերություն և բազմաթիվ բարդությունների վտանգ: Պակաս վտանգավոր չէ նաև պասիվ ծխելը:

Ցանկացած ալկոհոլային խմիչքի օգտագործումը, անգամ ամենափոքր քանակությամբ, բեղմնավորման և հղիության ընթացքում անթույլատրելի է, քանի որ թափանցում է պտղի արյան մեջ և պատճառ դառնում զարգացմն արատների, մտավոր հետամնացության: Բացի այդ, ալկոհոլի օգտագործումը կարող է հանգեցնել վիժման, մեռելածնության, վաղաժամ ծննդաբերության:

Անհրաժեշտ է հետևել սննդակարգին: Պետք է կրճատել բարձր կալորիականությամբ, ցածր սնուցողականությամբ օժտված մթերքները` յուղային և քաղցր ուտեստները: Ցանկալի է հարստացնել սնունդը ֆոլաթթվով հարուստ մթերքներով կամ ընդունել ֆոլաթթվի հաբեր: Ավելորդ քաշը միայն կվնասի Ձեզ: Քաշ պակասը նույնպես բացասաբար է ազդում դաշտանային ցիկլի վրա և իջեցնում հղիանալու հավանականությունը:

Հիշեք, որ հարկավոր է հետևել քաշին հղիության ամբողջ ընթացքում, բայց ոչ մի դեպքում հանուն մարմնակազմվածքի մի սահմանափակեք անհրաժեշտ նյութերը, քանի որ այդպիսով Դուք զրկում եք Ձեզ և Ձեր երեխային անհրաժեշտ սննդանյութերից, որոնց շնորհիվ նա զարգանում է:

Հղիության ընթացքում բժշկի մոտ ամեն այցելության ժամանակ Դուք պետք է անպայման հետազոտվեք: Ձեզ կկշռեն, կչափեն ճնշումը, որովայնի շրջագիծը և արգանդի հատակի բարձրությունը: Կստուգեն` կան արդյոք այտուցներ, կլսեն պտղի սրտի զարկերակները:

Բուժաշխատողին այցելելով, կստանաք մանրակրկիտ խորհրդատվություն սննդի, առողջ ապրելակերպի, ֆիզիկական և սեռական ակտիվության, աշխատանքի, հանգստի, ռեժիմի և այլնի վերաբերյալ: Առաջին այցելության ժամանակ կկատարվի լայնածավալ հետազոտություն, կգնահատվի Ձեր ընդհանուր վիճակը: Կկատարվեն լաբորատոր քննություններ. արյան, մեզի ընդհանուր քննություն, քսուքի հետազոտություն` գոնոռեայի, տրիխոմոնիազի, կանդիդամիկոզի հայտնաբերման համար: Անպայման կհետազոտեն սիֆիլիսի, անհրաժեշտության դեպքում սեռական ճանապարհով փոխանցվող մյուս վարակների, այդ թվու ՄԻԱՎ-ի նկատմամբ: Եթե հղիությունը հաստատված է, անպայման կորոշվի արյան խումբը, շաքարի մակարդակ արյան մեջ: Կորոշվի ռեզուս գործոնը, որը իրենից ներկայացնում է սպիտակուցային նյութ և պարունակվում է արյան կարմիր գնդիկներում: Այն հայտնաբերվում է 85% մարդկանց մոտ (ռեզուս-գործոնը` դրական): Բացակայությունը նշանակում է արյան բացասական ռեզուս պատկանելություն: Այն ունի նշանակություն, եթե Ձեր ամուսինը ունի դրական ռեզուս, իսկ Դուք բացասական,այդ դեպքում պտուղը կունենա ռեզուս դրական պատկանելություն և հետագա հղիությունների ժամանակ կարող են ծագել բարդություններ: Ավելի մանրամասն տեղեկությունների համար դիմեք Ձեր բժշկին:

Հղիությունը, երեխայի ծնունդը և մայրությունը որոշ փոփոխություններ կմտցնեն Ձեր հարաբերությունների մեջ մտերիմներ հետ: Սովորաբար մարդու ծնունդ տոն է և ուրախալի իրադարձություն է, բայց որոշ մարդկանց համար դա անհանգստություն է և երբեմն վիճակի բարդացում: Այդ պատճառով հղիանալուց առաջ խորհրդակցեք Ձեր ամուսնու, սիրեցյալի հետ կյանքի սպասվող փոփոխությունների, պրոբլեմներ մասին:

Երեխայի ծնունդը նշանակում է նաև ծախսեր ավելացում: Դուք պետք է հոգ տանեք ոչ միայն մահճակալի, հագուստի մասին, այլև պետք է ամենօրյա ծախսեր նախատեսեք մանկան, նրա հետագա խնամքի համար:

 

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am