Երեխայի ծննդյան մասին լուրը մի փոքր ցնցում է առաջացնում անգամ այն տղամարդկանց մոտ, ովքեր վաղուց են այդ մասին երազել: Ապագա հայրիկի գլխում մտքերի խառնաշփոթ է առաջանում, բազմաթիվ հարցեր են առաջանում. "Կկարողանա՞մ արդյոք լավ հայր լինել", "Կկարողանա՞մ ապահովել ընտանիքիս", "Կկարողանա՞մ արդյոք հոգ տանել երեխայի մասին":

Սակայն այդ ամենը միայն առաջին վայրկյաններին: Հետո ինքնավստահությունը նորից կվերականգնվի: Արդեն գիտակցում եք, որ ինչպես էլ դասավորվի կյանքը, այժմ դուք ունեք  ամենաթանկ բանն աշխարհում` երեխա:

Մի զարմացեք, եթե Ձեր կնոջ վարքը կտրուկ փոփոխվի: Նախկինում տրամաբանող և հանգիստ էակը հիմա կարող է առանց պատճառի լացել, հուզվել, նյարդայնանալ: Սիրելի տիկնոջ անսովոր ու փոփոխական վարքագիծը  տեսնելով` ակամայից հարց է առաջանում. "Ինչպե՞ս պահել քեզ, երբ կինդ հղի է":

Սիրելիի տրամադրության կտրուկ փոփոխությունները սրտին մոտ մի ընդունեք: Այժմ նրա ներսում տարբեր ու հակասական զգացմունքների բուռն պայքար է:  Դա  անցողիկ է, և շուտով դուք այդ ամենը ժպիտով կհիշեք:  Իսկ առայժմ համբերությամբ զինվեք, չէ որ Ձեր կինը սատարման կարիք ունի:

Առաջին և հիմնական խորհուրդն ապագա հայրիկներին. եղեք որքան հնարավոր է ուշադիր և հոգատար: Դա այնքան էլ դժվար չէ, անգամ եթե դուք շատ զբաղված մարդ եք: Մայրիկի դրական էմոցիաները լավ են ազդում երեխայի զարգացման վրա: Կարող եք, օրինակ, առավոտյան 10 րոպե շուտ արթնանալ և սիրելիի համար թեթև նախաճաշիկ պատրաստել: Դա մանրուք է Ձեզ համար, իսկ նրա համար շատ հաճելի է:

Մի եղեք էգոիստ. երեխային կրելը և նրա մասին հոգալը  միայն մայրիկի պարտավորությունը չէ: Օգնեք կնոջը ինչով կարող եք:

Եթե կինը բնազդաբար գիտի, թե ինչպես պետք է լավ մայրիկ լինել, ապա դուք դեռ պետք է սովորեք լավ հայրիկ լինել: Ապագա հայրիկը կարող է մինչև երեխայի ծնունդը սկսել շփումը երեխայի հետ: Շոյեք կնոջ փորիկը,  փոքրիկին հետաքրքիր ինչ-որ բան պատմեք. թե ինչ է դեռ նրան սպասվում, ինչեր եք անելու նրա ծնվելուց հետո, թե ինչ գեղեցիկ ու սիրող մայրիկ ունի: Երեխան անպայման կարձագանքի. լուռ կլսի կամ հակառակը` կշարժի ձեռքը կամ ոտքը: Նա այդպես կճանաչի նաև հայրիկի ձայնն ու փաղաքշանքները:

Հիանալի կլինի, եթե Դուք և Ձեր կինը հաճախեք ապագա ծնողների համար նախատեսված դասընթացների: Փորձառու մասնագետները կօգնեն ըստ արժանվույն պատրաստվել Ձեր կյանքի ամենակարևոր իրադարձությանը և կպատասխանեն Ձեզ հուզող հարցերին:

impokrik.am