Մաշկի մելանոման չարորակ նորագոյացություն է, որը հիմնականում առաջանում է մելանոցիտներից` պիգմենտային բջիջներից, որոնք արտադրում են մելանին սպեցիֆիկ պոլիպեպտիդը: Մելանոման կարող է հանդիպել բոլոր օրգաններում և հյուսվածքներում, բայց առավելապես (87% դեպքերում) ախտահարում է մաշկը:
Մաշկի մելանոմային բնորոշ է հիվանդացության ցուցանիշների բավականին արագ աճ: Մասնավորապես, վերջին 30-40 տարիների ընթացքում նկատված միտումները վկայում են այն մասին, որ մաշկի մելանոմայով հիվանդացությունը միջինում կրկնապատկվում է յուրաքանչյուր 15 տարին մեկ:
Մաշկի մելանոմայի բուժման հիմնական մեթոդ է հանդիսանում գոյացության վիրաբուժական հեռացումը:
Ներկայում մելանոմայի կտրուկ աճի հիմնական պատճառներից է համարվում ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության ավելացումը մաշկի վրա:
Այս ազդեցությունը բերում է ոչ միայն կերատինոցիտների և մելանոցիտների վնասման, այլև նպաստում է սպեցիֆիկ իմունոսուպրեսիայի առաջացմանը, որն էլ իր հերթին կարող է պատճառ հանդիսանալ մի շարք ուռուցքային նորագոյացությունների, այդ թվում նաև, մելանոմայի համար: Այլ պատճառների թվում նշվում է նաև մաշկի I և II ֆոտոտիպը (արևայրուքների հանդեպ հակումը, մաշկի և մազերի բաց գույնը, երկնագույն աչքերը և այլն), մեծ քանակությամբ բարորակ մելանոցիտար նևուսների առկայությունը, կյանքի ընթացքում երեք և ավելի անգամ ծանր արևայրուքների առկայությունը, ինչպես նաև ժառանգական գործոնը: Առանձնահատուկ դեր է հատկացվում նևուսների քիմիական, մեխանիկական կամ թերմիկ տրավմատիզացիային, ինչպես նաև ոչ արմատական կոսմետիկ միջամտություններին:
Կա մի կանոն, որը թույլ է տալիս տարբերակել մելանոման, ինչպես նաև կանխել դրա հետագա զարգացումը: Այն կոչվում է «ԳԵՏԱՓ»-ի կանոն՝ անգլերեն ABCDE կանոնի հայկական տարբերակը՝ առաջարկված մաշկաբան Միքայել Համբարձումյանի կողմից, երբ «բացելով» յուրաքանչյուր տառ, կարելի է գնահատել խալի հետ կատարվող նորագոյության բնորոշ փոփոխությունները:
Գ – գույն
Սովորաբար խալն ունենում է հոմոգեն՝ միասեռ գունավորում, եւ եթե այդ գունավորումը սկսում է փոփոխել, այսինքն՝ խալի մեջ առաջանում են մուգ կամ բաց հատվածներ, ապա դա ահազանգերից մեկն է՝ դիմելու բժշկի:
Ե – եզրեր
Նորմալ խալն ունի հստակ եզրեր: Երբ դրանք դառնում են կտրտված, ոչ հստակ, ուրեմն՝ մի բան այն չէ:
Տ – տրամագիծ
Երբ խալը ինտենսիվ մեծանում է, այսինքն՝ գոյացության տրամագիծը 6մմ-ից մեծ է:
Ա – ասիմետրիա կամ անհամաչափություն
Երբ խալը մտովի կիսում ենք երկու մասի, եւ տեսնում, որ աջ եւ ձախ կողմերը նման չեն իրար, ասիմետրիկ են, դա եւս խոսում է ոչ այնքան լավ փոփոխության մասին:
Փ – փոփոխություն
Ինչպես կանխարգելել
Առաջին հերթին, անհրաժեշտ է սահմանափակել արևի տակ գտնվելը, կրել մարմինը ծածկող, բամբակյա հագուստ, գլխարկ և ակնոց, օգտագործել արևապաշտպան քսուքներ:
Խալի ցանկացած կտրուկ փոփոխություն պետք է ընդունել որպես ահազանգ, որ դրա հետ ինչ-որ բան է կատարվում:
Աղբյուրը՝ Doctors.am