Ապրիլի 11-12-ը «Հայկական Հակաքաղցկեղային Լիգայի», «Մելանոմայի խնդիրների Ռուսաստանյան Ասոցիացիայի» եւ «Մաշկավեներաբանների Հայկական Ասոցիացիայի» աջակցությամբ Երեւանում տեղի ունեցավ «ՄԵԼԱՆՈՄԱ ԵՎ ՄԱՇԿԻ ՈՒՌՈՒՑՔՆԵՐ» տարածաշրջանային գիտագործնական կոնֆերանսը, որին դասախոսություններ եւ գործնական վարժանքներ ներկայացրեցին Ռուսաստանի, Հայաստանի եւ Վրաստանի առաջատար մասնագետները: 

«Նմանատիպ կոնֆերանսների նպատակը փորձի եւ գիտելիքների փոխանակումն է Ռուսաստանի եւ Վրաստանի մասնագետների հետ, ինչպես նաեւ մելանոմայի ախտորոշման եւ բուժման (թե՛ վիրահատական, թե՛ դեղորայքային) նորագույն մեթոդներով կիսվելը, որպեսզի այն ինֆորմացիան, որը կա ամբողջ աշխարհում, հասանելի լինի նաեւ մեր բժիշկներին: Շատերը հնարավորություն չունեն միջազգային գիտաժողովների մասնակցելու, այդ պատճառով մենք ենք փորձում միջազգային մասնագետներին հրավիրել Հայաստան»,- Doctors.am-ի հետ  զրույցում ասաց «Հայկական Հակաքաղցկեղային Լիգայի» փոխնախագահ Արամ Բադալյանը:

Նրա խոսքով՝ մելանոման խնդիր է ամբողջ աշխարհում, եւ Հայաստանը համարվում է մելանոմայի նկատմամբ հակում ունեցող երկիր՝ հաշվի առնելով արեւոտ գոտի լինելու հանգամանքը:

«Հայաստանում, կարելի է ասել, տարեկան մելանոմայի 100-ից ավելի դեպք է գրանցվում: Դա  3 մլն բնակչություն ունեցող երկրի  համար մեծ թիվ է համարվում»,- նշեց Բադալյանը՝ հավելելով, որ չնայած մելանոմայի զարգացման արագ տեմպերին, Հայաստանն աշխարհից հետ է մնում դրա ախտորշման եւ դեղորայքային բուժման ժամանակակից մեթոդների կիրառման տեսանկյունից.

«Առաջին հերթին դա վերաբերում է ախտորոշման նորագույն սարքերին, որոնք բավականին թանկ արժեն, սակայն, ունեն այլընտրանք, եւ կոնֆերանսին խոսել ենք հենց դրանց մասին, որպեսզի թե՛ պոլիկլինիկայի, թե՛ մասնագիտական բուժհաստատության մաշկաբանը, որին առաջինն են դիմում, կարողանա ճիշտ ուղղորդել հիվանդին:

Ինչ վերաբերում է դեղորայքային բուժմանը, ապա այստեղ պետական մակարդակով առկա է բյուջեի պակաս՝ այդ դեղորայքը մեր շուկա ներգրավելու եւ օգտագործելու հարցում: Մեզ մոտ դեղորայքային բուժման մոտեցումները թերի են նաեւ այն պատճառով, որ շատ դեղեր գրանցված չեն Հայաստանում  կամ շատ թանկ արժեն, սա արդեն ավելի սոցիալական խնդիր է: Ամեն դեպքում, փորձելու ենք մոտենալ միջազգային ստանդարտներին՝ անկախ նրանից՝ ունենք այդ բուժման մեթոդները, թե՝ ոչ»,- եզրափակեց նա:

Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն, Հայաստանի մաշկավեներաբանների ասոցիացիայի նախագահ Արամ Մկրտչյանը եւս այն կարծիքին է, որ մելանոման արդիական խնդիր է Հայաստանի համար: Եվ, ըստ նրա, էական է ոչ թե այն կանխարգելելը, այլ վաղ հայտնաբերելը.

«Որքան շուտ ենք հայտնաբերում, այնքան արդյունավետ ենք կարողանում չեզոքացնել այն: Դրա համար առաջինը պետք է բարձրացնել մարդկանց գիտակցությունը, մոտեցումը սեփական առողջության նկատմամբ»,-Doctors.am-ին ասաց Ա. Մկրտչյանը:

Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը կոնֆերանսի ընթացքում ներկայացրեց իր տեսակետը բազալ բջջային քաղցկեղի ոչ վիրահատական բուժման մեթոդների վերաբերյալ, որոնցից է դեղորայքային բուժումը:

Որքանո՞վ է դա արդյունավետ եւ ընկալելի Հայաստանում: Հ. Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պատասխանեց.

«Բազալ բջջային քաղցկեղի որոշ ձեւերի դեպքում դեղորայքային բուժումը մեծ արդյունավետություն կարող է ապահովել՝ առանց վիրահատության, առանց հիվանդին ցավացնելու: Իհարկե, արդյունավետությունն ավելի ցածր է, քան վիրահատության դեպքում, բացի այդ՝ ավելի թանկ է եւ երկարատեւ, բայց կան դեպքեր, երբ չի կարելի բացառել եւ անտեսել բուժման այս եղանակը: 

Կան պացիենտներ, որոնք նախընտրում են դեղորայքային բուժումը, կան դեպքեր, երբ դեղորայքային բուժումը ցուցված է, օրինակ՝  տարեցների դեպքում կամ այն մարդկանց, որոնց վիրահատությունից հետո բարդ կլինի դրական կոմսետիկ արդյունք ապահովել, նաեւ այն մարդկաց, որոնց մոտ հիվանդության բարդացման ռիսկը ցածր է»:

Կոնֆերանսին մելանոմայի մորֆոլոգիական ախտորոշման ժամանակակից մոտեցումների մասին դասախոսություն ընթերցեց Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի պաթոլոգիկ անատոմիայի ամբիոնի պրոֆեսոր Վերա Սմոյլաննիկովան:

Doctors.am-ի հետ զրույցում պրոֆեսորը նշեց, որ ցանկացած օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման հիմքում ընկած է մորֆոլոգիական ախտորոշումը.

«Օնկոլոգիական ցանկացած հիվանդության բուժման, բուժական մեթոդների ընտրության հիմքում մորֆոլոգիական ախտորոշումն է: Եվ այսօրվա իմ ելույթը նվիրված էր նրան, թե ինչպես ճիշտ անցկացնել մորֆոլոգիական հետազոտությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ հայաստանյան բժիշկների հետ մասնավոր զրույցից հասկացել է, որ մեր երկրում մորֆոլոգիական ախտորոշումը բարձր մակարդակի վրա է:



Աղբյուրը՝ Doctors.am
Տեքստը՝ Շուշան Շատիկյանի
Լուսանկարները՝ Արման Պապիկյանի