Մարդիկ դիմում են հոգեբանի օգնությանը կոնֆլիկտային իրավիճակների դեպքում՝ ակնկալելով խնդրի ճիշտ լուծում, հոգեբանական աջակցություն, խորհրդատվություն: Ընտանիքում ստեղծված ճգնաժամը ոչ բոլոր զույգերն են կարողանում հաղթահարել, և դրա մասին են վկայում ամուսնալուծությունները: Մարդիկ չեն ցանկանում զիջումների գնալ, միմյանց նկատմամբ անվստահությունն ու թյուրըմբռնումը դառնում է վեճերի, սթրեսների, հոգեբանական խնդիրների առաջացման պատճառ: Ինչպե՞ս կարելի է կանխել ընտանիքում ծագող խնդիրները և ընդհանուր հայտարարի գալ: Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին և ի՞նչ սպասել նրանցից: Այս մասին Doctors.am-ին պատմում է հոգեբան, հոգեթերապևտ Մարինա Նալբանդյանը:

Գաղտնիք չէ, որ հոգեբանի մոտ այցելելու պատճառներից տարածված են ընտանեկան խնդիրները։ Ի՞նչից են ծագում դրանք և ինչպիսի՞ն պետք է լինի կին-ամուսին հարաբերությունները։

Երբ ընտանիքում խնդիրներ լուծելը դառնում է անհնար, միմյանց հասկանալը՝ դժվար, մարդիկ պետք է սկսեն ելք գտնել բաժանության որոշում կայացնելուց առաջ: Ընտանիքում վատ հարաբերությունները ծագում են, երբ ամուսինները ամբողջ օրվա ընթացքում ենթադրություններ են անում, նյարդայնանում և սկսում են արհեստական վեճեր ստեղծել: Ամուսնությունը նման է ֆիզիկայի հավասարակշռության օրենքին, երբ մարդիկ ամուսնանում են, լինում են նույն մակարդակի վրա, սակայն տարիների ընթացքում, երբ ամուսիններից մեկը ավելի կայանում, աճում է, իսկ մյուսը մնում է իր նույն զարգացվածության մակարդակի վրա, հենց այդ պահին սկսվում է անհավասարակշռությունը: Ամուսնական հարաբերություններում շատ կարևորվում է տղամարդու և կնոջ ինտելեկտուալ կապը: Եթե ամուսիններից որևէ մեկը ավելի կայացած է, ապա նորից այս մեխանիզմը սկսում է չհամապատասխանել: Այնուհետև ամուսիններից որևէ մեկը սկսում է փնտրել իրեն համապատասխանող մեկին արդեն դրսում, որովհետև վերադառնալով տուն, նա կարծես գալիս է իր հին մակարդակին, որը վերջինիս մոտ առաջացնում է տագնապ: Մեծամասնության խնդիրը կայանում է նրանում, որ մարդիկ լսում են, որ պատասխանեն, այլ ոչ թե հասկանան միմյանց: Ընտանիքում ամուսինները չպետք է սահմանափակեն միմյանց իրավունքները, ազատությունը, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունի սեփական հետաքրքրություններն ու ցանկությունները:

Երբ ամուսինները չեն կարողանում կոնֆլիկտները լուծելու համար ճիշտ ելք գտնել, ըստ Ձեզ, ի՞նչ պետք է անել այդ դեպքում։

Եթե ամուսինները ելք չեն գտնում խնդիրը արդյունավետ լուծելու համար, ապա ավելի ճիշտ է առանձնանալ, քան միասին լարված մթնոլորտում ապրել: Կողակցի հետ չապրելու պարագայում էլ կարևոր է նրան ներելը: Մարդուն ներելով դու բաց ես թողնում նեգատիվ զգացողությունները, որը հետագա կյանքի վրա այլևս իր ազդեցությունը չի թողնելու:

Տղամարդիկ այցելո՞ւմ են հոգեբանի, թե՞ դեռևս կարծրատիպեր գոյություն ունեն։

Կոտրվել է այն կարծրատիպը, որ տղամարդիկ չեն այցելում հոգեբանի: Նրանց շրջանում հոգեբանական խնդիրների պատճառ դառնում են աշխատանքային վատ հարաբերությունները, խնդիրները ղեկավարների, կանանց հետ: Սակայն ընտանեկան կոնֆլիկտների լուծման թերապիաների ընթացքում ցանկալի է կնոջ ու ամուսնու ներկայությունը:

Արդյո՞ք ճիշտ է երեխաների ներկայությամբ ընտանեկան խնդիրներ լուծելը։

Խնդիրը տարածված է հատկապես ամուսիններից այն տեսակի մոտ, ով իր էությամբ տագնապային-ամբիվալենտ է, նա փորձում է առաջացնել արհեստական խնդիրներ, լարվածություն հատկապես երեխաների
մոտ՝ այդ կերպ փորձելով պահպանել ընտանիքը: Իհարկե, սխալ է երեխայի մոտ որևէ ընտանեկան կոնֆլիկտ լուծելը, որովհետև դա ազդում է երեխայի հոգեկան առողջության վրա: Այդպես վարվելով նրանք ազդում են երեխաների հոգեկանի վրա և արդյունքում ընտանիքը դառնում է լիարժեք անառողջ: Պետք է հիշել, որ երեխաներն ամեն ինչ զգում ու հասկանում են։

Ինչպե՞ս պետք է դաստիարակել երեխաներին, որպեսզի նրանք իրենց հասարակության լիարժեք անդամ զգան։

Ըստ ճապոնական հոգեբանության՝ երեխային մինչև 5 տարեկան պետք է հանգիստ թողնել: Երեխաներին պետք է դաստիարակել սաղմնային շրջանից սկսած: Հաճախ ծնողները, լինելով լարված վիճակում, երեխաների հետ վարվում են շատ կոպիտ՝ նրանց դարձնելով քավության նոխազ: Սակայն պետք է նշել, որ ոչինչ չի մոռացվում և տարիներ հետո նույն կերպ երեխաներն են վարվելու իրենց ծնողների հետ: Կարելի է ասել, որ երեխային դաստիարակելը արվեստ է: Չպետք է փորձել ինքնահաստատվել երեխաների միջոցով, որը բազմաթիվ ծնողների սխալն է:
Երեխան պետք է ունենա ընտրության հնարավորություն, սակայն մինչև 14, 15 տարեկան երեխաները չեն կարող տարբերել կարևորը անկարևորից: Դրանից հետո պետք է, նույնիսկ կարևոր է հանգիստ թողնել
նրանց: Երեխային սաստելիս պետք է ոչ թե անձը վիրավորել, այլև մատնանշել նրա կատարած սխալ քայլը, որպեսզի նա չդառնա ցածր ինքնագնահատականով, կոմպլեսաորված անձ:

Ինչպե՞ս կարելի է զբաղեցնել երեխաներին, որպեսզի նրանց մոտ առողջ մտածելակերպ ձևավորվի։

Հաճախ ծնողները երեխաներին զբաղեցնելու և իրենց ազատ ժամանակ ստեղծելու համար թույլ են տալիս, որ երեխաները դիտեն այնպիսի մուլտֆիլմեր կամ հաղորդումներ, որոնք ազդում են նրանց զարգացման վրա․դա միանշանակ սխալ տարբերակ է: Այո, կարելի է դիտել մուլտֆիլմեր, նաև անհրաժեշտ է, սակայն պետք է դրանք ընտրել՝ ըստ տարիքի: Կան շատ դաստիարակչական մուլտֆիլմեր, որոնք սովորեցնում են երեխաներին հարգել, սիրել, պայքարել: Կարելի է լավ երաժշտություն միացնել, գրքեր կարդալ կամ պարզապես ստեղծել առողջ մթնոլորտ:

Ծնողների աշխատանքը երեխաների հետ ավելի խրթին է դառնում դեռահասության շրջանում։ Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձեն ծնողներն այս դեպքում։

Հասունացման ժամանակահատվածում երեխաներն ավելի ագրեսիվ, համառ, ինքնասածի են դառնում: Նրանք խնդիրներ են ունենում, հատկապես, մայրիկների հետ, քանի որ վերջիններս ավելի շատ զբաղվում են
դաստիարակությամբ և նրանց քայլերը վերահսկելով: Այս ընթացքում երկու ծնողների ուշադրությունը անչափ կարևոր է: Եթե փոքր տարիքում «չի կարելին» կարող էր սաստել երեխային, ապա ավելի մեծ տարքում
դա չի օգնելու: Այս պարագում առաջնային պետք է լինի սիրո դրսևորումը: Պետք է երեխային հաճախ ասել «ես քեզ սիրում եմ»: Ծնողի կողմից սիրո կորուստը կարող է դեռահասին հետ պահել վատ արարք գործելուց: Անհրաժեշտ է այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ երեխան չփորձի խաբել ծնողին: Երբ երեխան գիտակցում է, որ ծնողների հետ անկեղծանալու արդյունքը միայն բարկությունն է լինելու, նախընտրում է ոչինչ չասել, նույնիսկ խաբել: Պետք է ստեղծել ընկերական հարաբերություններ և գիտակցել, որ երեխաները նույնպես անձնական կյանքի իրավունքի ունեն և պետք է այնպես վերահսկել նրանց կյանքը, որպեսզի չստեղծվի ավելորդ լարվածություն։

Բացի խորհրդատվությունից, կան բազմաթիվ մեթոդներ, որոնք կիրառվում են հոգեբանական աշխատանքներ իրականացնելիս։ Կնշե՞ք մի քանիսը։

Կիրառվում է նեյրոլինգվիստիկ մեթոդը, որը վարքային ծրագրավորման մոդել է: Մարդու հետ աշխատանքի արդյունքում փոխվում է աշխարհայացքը, վարքաձևը, բարելավվում է ինքնազգացողությունը: Մեթոդը
սովորեցնում է արդյունավետ ապրել՝ կյանքում դրական փոփոխություններ առաջացնելու համար: Աշխատում եմ նաև արտթերապիայի մեթոդով, անալիտիկ մեթոդով, վերջինս, ի դեպ, շատ արդյունավետ է։
Պետք է նշեմ, որ ամուսնական խնդիրների դեպքում, ելքը որոշում է այցելուն: Միայն հոգեբանը ուղղություն ցույց տալ չի կարող, քանի որ յուրաքանչյուր մարդ ինքն է իր ուղին ընտրում: Մենք միասին գտնում ենք ճիշտ հանգուցալուծում:

Հոգեբանական խնդիրներից շատ հանդիպում է նաև սթրեսը։ Որո՞նք են դրա առաջացման պատճառները։

Կյանքը մշտական փոփոխությունների աղբյուր է, որոնք մշտապես ծնունդ են տալիս մեծ և փոքր սթրեսների: Սթրեսը օրգանիզմի ոչ սպեցիֆիկ հակազդումն է, պատասխանը իրեն ներկայացնող ցանկացած պահանջների նկատմամբ: Այն ուղեկցվում է օրգանիզմի լարվածությամբ, որն ուղղված է այդ պահանջների հաղթահարմանը, հավասարակշռության վերականգնմանը և այլն: Այն առաջանում է մի շարք հանգամանքներից: Դրանք կարող են լինել և կենսաբանական և հոգեբանական:
Սթրեսի պատճառ կարող են հանդիսանալ և սոցիալական ազդեցությունը և սեփական մտքերը՝ իրական և երևակայական, անորոշ վիճակը, սոցիալական կարգավիճակը, շատ-շատ երևույթներ: Սակայն ինչպես ասել
է Հանս Սելյեն՝ կարիք չկա և հնարավոր չէ խուսափել սթրեսից, բայց մենք կարող ենք օգտագործել այն, եթե ավելի լավ ճանաչենք դրա մեխանիզմը և կյանքին համապատասխան փիլիսոփայություն մշակենք:

Սթրեսի մեջ հայտնված մարդուն նյարդաբանի՞, թե՞ հոգեբանի աջակցությունն է հարկավոր։

Լինում են դեպքեր, երբ սթրեսով, նևրոզով մարդիկ դիմում են նյարդաբանի օգնությանը՝ ստանալու դեղորայքային բուժում, դա ևս անհրաժեշտ է: Սակայն դեղորայքային բուժման հետ համատեղ անհհրաժեշտ
է նաև անցնել հոգեթերապիա, քանի որ դեղորայքային բուժումը կրում է ժամանակավոր բնույթ, և նմանատիպ մի իրավիճակի հանդիպելիս սթրեսը և նևրոզը կրկնվելու է։ Այդ պատճառով հարկավոր է նաև հոգեբանի թերապիաների անհրաժեշտությունը, որի միջոցով կատարվում է ինքնավստահության բարձրացում, նպատակադրում և որոշումների կայացում, արդյունավետ հաղորդակցում և այլն:
 


Աղբյուր՝ Doctors.am
Հեղինակ՝ Սոնա Շահվերդյան