Ըստ Ամերիկայի Սրտի Ասոցիացիայի ամսագրի նոր համարում լույս տեսած հետազոտության արդյունքների` որքան մարդու հասակը ավելի բարձր է, այնքան թրոմբոզ առաջանալու վտանգը մեծ է:  
Հետազոտությանը Շվեդիայից մասնակցել են ավելի քան երկու միլիոն  քույրեր և եղբայրներ: Պարզվել է, որ անոթային թրոմբոէմբոլիան կախված է մարդու հասակից և ցածրահասակների մոտ ավելի քիչ է հանդիպում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ՝

  • 160սմ-ից պակաս հասակ ունեցող տղամարդկանց մոտ թրոմբոէմբոլիայի առաջացման ռիսկը 65 տոկոսով քիչ է, քան 185սմ և ավել հասակ ունեցողների մոտ:
  • 155 սմ-ից պակաս հասակ ունեցող կանանց մոտ թրոմբոէմբոլիայի առաջացման ռիսկը 69 տոկոսով քիչ է, քան 180սմ և ավել հասակ ունեցողների մոտ:

« Հասակը մի բան է, որը մենք չենք կարող կարգավորել»,- ասում է հետազոտության գլխավոր մասնագետ բ.գ.դ. դոց. Բ. Զոլերը: - «Բնակչության հասակն անընդհատ ավելանում է, ինչը  նպաստում է թրոմբոզների շատացմանը»:
Հաստատված է, որ ամեն տարի թրոմբոէմբոլիան ախտահարում է մոտ 600,000 ամերիկացի՝ դառնալով սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի առաջացման երրորդ պատճառն ըստ տարածվածության: Ամենահաճախ հանդիպող դրդապատճառներն են վիրահատությունները, քաղցկեղները, անշարժությունը և հոսպիտալացումը: Կանանց մոտ կարող է առաջանալ նաև հղիության, դաշտանադադարի կամ հորմոնալ պրեպարատների ընդունման ժամանակ:
Զոլերն ասում է, որ ձգողության ուժը կարող է դեր ունենալ հասակի և թրոմբոզի միջև կապի համար:   «Հնարավոր է, որ բարձրահասակ մարդկանց ոտքերի երակներն ավելի երկար են և խնդիրների առաջացման համար ավելի մեծ մակերես կա»,- բացատրում է նա:- «Բացի այդ, գրավիտացիոն ճնշումը ավելի մեծ է բարձրահասկների ոտքերում, ինչը կարող է հանգեցնել արյան հոսքի դանդաղեցման և նույնիսկ կարճատև կանգի»:
Բացերից մեկն այն է, որ հետազոտությունն իրականացնողները ոչ մի տվյալ չունեին մասնակիցների մանկության և ծնողների ապրելակերպի (ծխել, սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն) մասին: Բացի այդ, հետազոտությունն անցկացվել է Շվեդիայի բնակչության շրջանում և կարող է չհամապատասխանել այլ երկրների ցուցանիշներին:
«Կարծում եմ մենք պետք է ընդգրկենք հասակը ռիսկային գործոնների մեջ այնպես, ինչպես քաշի ավելցուկը, բացի այդ, պետք է հետազոտություններ իրականացնել` պարզելու համար, թե կոնկրետ ինչպես է հասակը կապված արյան ժառանգական հիվանդությունների և այլ վիճակների հետ»,- ասում է Զոլերը:
Աղբյուր՝ Body Height and Incident Risk of Venous Thromboembolism, Bengt Zöller, Jianguang Ji, Jan Sundquist, & Kristina Sundquist, Circulation: Cardiovascular Genetics, doi: 10.1161/CIRCGENETICS.116.001651, published 5 September 2017.