Լապարասկոպիկ վիրաբուժության կիրառումը սուր պանկրեատիտների բուժման ժամանակ

Ներկայումս սուր պանկրեատիտը հանդիսանում է անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և ոչ լիարժեք ուսումնասիրված խնդիրներից մեկը: Այն գնալով ավելի ու ավելի արդիական է դառնում, քանի որ, սուր պանկրեատիտով հիվանդների թիվը, զգալի աճելով, գրավել է 3-րդ կայուն տեղը որովայնային պաթոլոգիաների շարքում՝ զիջելով միայն սուր ապենդիցիտին և սուր խոլեցիստիտին:

 

 

Սուր պանկրեատիտների բարդացած ձևերի ախտորոշման և բուժման ոչ բավարար արդյունքների պատճառը ստիպում է կատարելագործել և համա­կարգել եղած մեթոդները, ինչպես նաև փնտրել ախտորոշման և բուժման քիչ ինվազիվ այլ եղանակներ:

 

Շատ հաճախ, կոնսերվատիվ բուժման անարդյու­նա­վետության պարագայում, ցուցված է վիրա­հա­տական միջամտություն: Կատարվելիք մեծ, տրավ­մատիկ վիրահատությունները հղի են երկար և ծանր հետվիրահատական շրջանով, ինչպես նաև մեծ է բարդությունների թիվը այդ վիրահատություններից հետո: Այդ իսկ պատճառով, հնարավորինս, վիրա­բույժները ձգտում են խուսափել սուր պանկրեատիտ ախտորոշումով հիվանդների վիրահատական բուժու­մից: Էնդոտեսավիրաբուժության ներդրումը հնարա­վոր դարձրեց խուսափել տրավմատիկ վիրահա­տություններից: Մինիմալ տրավմատիզացիան թույլ տվեց չսպասելով բարդությունների առաջացմանը, բուժումը սկսել վիրահատական միջամտությամբ, որով և լավացվեց տվյալ հիվանդների բուժման արդյունք­ները, ինչպես նաև մեծ հնարավորություններ ստեղծեց հիվանդության տարբեր ձևերի տարբերակ­մա­նը և պաթոգենետիկ բուժմանը:

 

Հետազոտության հիմք են կազմել 24 հիվանդների բուժման արդյունքները (20 տղամարդ և 4 կին՝ 41-60 տարեկան), որոնք ընդունվել են ստացիոնար սուր պանկրեատիտ ախտորոշումով: Բոլոր հիվանդներին կատարվել են կլինիկական համալիր հետազո­տու­թյուն­ներ՝ ավանդական կլինիկական և գերձայնային մեթոդներով: Հետազոտման հատուկ մեթոդ է հանդի­սա­ցել ախտորոշիչ լապարասկոպիան: Բուժման մեջ լայնորեն կիրառվել են բուժիչ և դինամիկ լապա­րասկոպիկ մեթոդներ:

 

Դինամիկ լապարոսկոպիան բաժանվել է երկու խմբի՝ հրատապ և պլանային: Հրատապ լապարասկոպիան կատարվել է հիվանդ­ների բուժման բացասական դինամիկայի դեպքում: Պլանային լապարասկոպիան կատարվել է հարդարման նպատակով, դրանով իսկ փոքրացնելով որովայնի խոռոչում ինտոքսիկացիայի աղբյուրը: Այդ 24 հիվանդներից, որոնց մոտ սուր պանկրեատիտ ախտորոշումը հաստավել է, 14-ի մոտ առկա էր այտուցային ձևը, 6-ի մոտ՝ ճարպային պանկրեո­նեկ­րոզ, 2-ինը՝ հեմորագիկ պանկրեոնեկրոզ, իսկ 2-ի մոտ ախտորոշվել է խառը տարբերակը: Հիվանդության բարդացած ընթացք ախտորոշվել է 8-ի մոտ (ֆերմենտային պերիտոնիտ):

 

Հիվանդներից 15-ի մոտ կատարվել է որովայնի խոռոչի հարդարում, տուալետ, դրենավորում, ճար­պո­նային ծոցի դրենավորում: 6-ի մոտ կատարվել է խոլեցիստէկտոմիա, ընդհանուր լեղածորանի դրենա­վո­րում (4 հիվանդի մոտ՝ ըստ Պիկովսկու, 2 հի­վանդի մոտ՝ ըստ Կեռի), որովայնի խոռոչի հար­դարում, տուա­լետ, դրենավորում, ճարպոնային ծոցի դրենավորում: Կլոր կապանի կաթետերիզացիա կա­տար­վել է բոլոր հիվանդների մոտ:

 

Բուժիչ լապարասկոպիաների ժամանակ կա­տարվել է նպատակաուղղված լապարասկոպիկ միջո­ցառումներ՝ որովայնի խոռոչի և ճարպոնային ծոցի դրենավերում, լյարդի կլոր կապանի կատ­ետերի­զացիա, խոլեցիստէկտոմիա, ընդհանուր լեղածորանի դրենավորում: Դրենավորման համար օգտագործվել են պոլիքլորվինիլային (մեկ և երկլուսանցքային) դրենաժներ, որոնք որովայնի խոռոչ են ներմուծվել մանիպուլյացիոն թրոակարների միջոցով: Դրենաժ­նե­րի տեղադրման վայրը և քանակը կախված է եղել որովայնի խոռոչում պաթոլոգիայի տարածվածության աստիճանից:

 

Ճարպոնային ծոցի դրենավորումը կատարվել է Վինսլովյան անցքի կամ ստամոքս-հաստ աղիքային կապանի բացվածքի միջոցով:

 

Լյարդի կլոր կապանի կաթետերիզացիան կատար­վել է բարակ թրոակարի միջոցով՝ որովայնի առա­ջա­յին պատից: 1-2 մմ տրամագծով կատետրը խորա­սուզվել է կապանի հաստության մեջ, որից հետո պարբերաբար կլոր կապանի բջջանք է ներարկվել 0.25%-ոց նովոկաինի լուծույթ, սպազմոլիտիկներ, հակա­հիստա­մինային, հակաֆերմենտային պրեպա­րատ­ներ և ցիտոստատիկներ:

 

Բուժական մեթոդը ընտրելիս առաջնորդվել ենք հետևյալ սկզբունքով. ամեն բուժիչ մանիպուլյացիա պետք է պաթոգենետիկ հիմնավորված լինի և սպասվող բուժիչ էֆեկտը չպետք է գերազանցի կա­տարման ռիսկը:

 

Մեր կլինիկայում կատարվող ախտորոշիչ և բուժիչ լապարասկոպիան հնարավորություն է տալիս ժամա­նա­կին ախտորոշել և բուժման հետագա ճիշտ տակտիկան ընտրել հիվանդության կոնկրետ փուլի համար՝ դրանով իսկ պայմանավորելով առողջացման լավ արդյունքները:

 

 

 

Հեղինակ :  Ա.Ռ. Մելիքյան, Ա.Ա. Ոսկանյան, Գ.Ա. Գոմցյան ՀՀ ԱԱԻ-ի էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոն
Աղբյուր :  Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 30-31
   
   
Ներկայացնող`  Doctors.am