Դասական ռենտգեն ախտորոշմանը փոխարինելու է եկել տոմոգրաֆիան: Այն մանրակրկիտ արտացոլում է մարդու օրգանիզմի պատկերը: Սակայն ո՞րն  է համակարգչային տոմոգրաֆիայի և մագնիսական ռեզոնանսային պատկերման միջև տարբերությունը:

Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ)  բարձր տեխնոլոգիական մեթոդ է: Պատկերներ ստանալու համար կիրառում են ռենտգենյան ճառագայթներ: Այն պտտվում է պացիենտի մարմնի շուրջ և նկարում տարբեր անկյունների տակ: Պատկերները մշակվում, իսկ արդյունքները գրանցվում են համակարգչի կողմից: Կարևորն այն է, որ բժիշկը հնարավորություն ունի տեսնելու օրգանիզմի հատվածի  հատվածները` կախված սարքի պարամետրերից, վերջինիս հաստությունը կարող է լինել մինչև 1 մմ: Սա մեծացնում է ախտորոշման ճշգրտությունը:

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) պատկերներ ստանալու համար չի կիրառում ռենտգենյան ճառագայթներ: Բուժառուն ընդունում է պառկած դիրք, որի դեպքում մարդու օրգանիզմի ջրածնի ատոմները տեղաբաշխվում են մագնիսական դաշտին զուգահեռ: Հյուսվածքների տարբեր տեսակներ ունեն ջրածնի ատոմների` միմյանց չնմանվող քանակներ: Այդ իսկ պատճառով դրանք յուրովի են  արձագանքում մագնիսակական ազդակին: Մասնագետ-տոմոգրաֆն ստանում է այդ ազդակները՝ ստեղծելով պատկերներ:

Մագնիսառեզոնանսային և համակարգչային տոմոգրաֆիաները միմյանցից տարբերվում են զգայունության սկզբունքով (հյուսվածքների տեսանելիությամբ):

 

Մեթոդի հնարավորությունները

ՀՏ-ի և ՄՌՏ-ի հնարավորությունները տարբերվում են։ Դա բացատրվում է նրանով, որ սարքավորումները կիրառվում են տարբեր պատկերներ ստանալու և ուսումնասիրություններ կատարելու համար: ՀՏ իրականացվում է՝ ուսումնասիրելու․

  • ոսկրերի և ատամների վնասները,
  • հոդերի վնասվածքները,

  • տրավմաների ախտորոշումը (այն ակնհայտ ցույց է տալիս արնահոսությունը),

  • ողնաշարի հիվանդությունների հայտնաբերումը, այդ թվում` ճողվածք,օստեոպորոզ, սկոլիոզ և այլն,

  • ուղեղի վնասվածքները,

  • կրծքավանդակի խոռոչը (տուբերկուլյոզի, թոքաբորբի և այլ հիվանդությունների հայտնաբերում),

  • քաղցկեղի և պարաթիրոիդ խցերը,

  • օրգանները (ստամոքս, աղիքներ և  այլն),

  • անոթների վիճակը, անեվրիզմի ախտորոշում, աթերոսկլերոզ և  այլն,

  • ուռուցքները, քարերը, կիստաները:
     

ՄՌՏ սովորաբար կիրառվում  է փափուկ հյուսվածքների, հոդերի և  անոթների ուսումնասիրության համար:
 

  • Փափուկ հյուսվածքներում կասկածվող քաղցկեղի հետազոտություն:

  • Գլխուղեղի և ողնուղեղի կառուցվածքի ստուգում։

  • Սկլերոզով հիվանդություն ունեցողների և նյարդաբանական խնդիրների հետազոտություն։

  • Մկանների ուսումնասիրություն։

 

                                                                                 Հակացուցումներ

Հակացուցումների մասին ճշգրիտ փաստեր իմանալու համար զրուցեցինք ճառագայթաբան Հովհաննես Վարդևանյանի հետ:
Համակարգչային տոմոգրաֆիա չի կարելի կատարել հղիներին, երեխաներին (մինչև 18 տարեկան), վահանաձև գեղձի խնդիրներ ունեցողներին: Եթե ​​կինը կրծքով է կերակրում երեխային, ապա ախտորոշում  իրականացնելուց հետո խորհուրդ է տրվում 24-ժամյա ընդմիջում պահել: Երիկամային անբավարարության ժամանակ բժիշկը իրավունք չունի կոնտրաստային նյութ ներարկել հիվանդին, քանի որ դա կարող է կյանքի համար վտանգավոր լինել:
Համակարգչային տոմոգրաֆիան ունի հարաբերական հակացուցումներ: Եթե խոսքը վերաբերում է կյանքին սպառնացող իրավիճակներին, ապա պետք է կատարել ՀՏ ցանկացած դեպքում: Անկախ հակացուցումից` ՀՏ կատարվում է` նույնիսկ հղիության ժամանակ, երբ ճառագայթը կարող է վնասել պտղին, երեխաներին, եթե այլ մեթոդներ չեն բացահայտում խնդիրը:
Ախտորոշման այս երկու մեթոդներն էլ ունեն իրենց հակացուցումները՝ կախված սարքավորումների ճառագայթներից: Ներքին օրգանների հետազոտությունից  մի քանի ժամ առաջ անհրաժեշտ է խուսափել ուտելուց և խմելուց:
Եթե հիվանդը հուզված վիճակում է կամ իրեն չի կարողանում վերահսկել, հետազոտությունն արդյունավետ չի լինի, քանզի հարկավոր է հետևել բժշկի ցուցումներին:
Բացի այդ, ՀՏ-ն և ՄՌՏ-ն  խորհուրդ չեն տրվում երակային հիվանդությունների, իմելոմայի, շաքարային դիաբետի, վահանագեղձի խանգարումներ ունեցող մարդկանց: Գոյություն ունի քաշային սահմանափակում, եթե հիվանդի մարմնի քաշը գերազանցում է 150 կգ-ը, ՀՏ չի կարող կատարվել, բայց կան սարքավորումներ, որոնք մինչև 250 կգ քաշ ունեցող մարդու համար են նախատեսված:

Նախապատրաստման ժամանակ

Ավելի նպատակահարմար է կրել ազատ հագուստ, որը չի խոչընդոտի շարժունակությունը: Եթե գործ ունենք անհետաձգելի դեպքերի հետ, ապա այս պայմանը այնքան էլ միանշանակ ընդունելի չէ:
Նախապես անհրաժեշտ է հեռացնել ատամների պրոթեզները, լսողական սարքերը, ակնոցը, մետաղական իրերը այն դեպքում, եթե ախտորոշումը կատարվում է օրգանիզմի տվյալ հատվածում: Եթե ​​հիվանդը որոշակի նյութերից, դեղահաբերից  ալերգիա ունի, ապա այդ մասին պետք է տեղյակ պահի բժշկին:
Սովորաբար համակարգչային տոմոգրաֆիայի տևողությունը կարող է տաբեր լինել, դա պայմանավորված է նաև սարքավորման հզորությամբ: Օրինակ` թոքերի հետազոտությունը կարող է 30 վրկ տևել:


Աղբյուրը՝ Doctors.am
Հեղինակ՝ Սոնա Շահվերդյան