Կրծքի կաթը պարունակում է մոտ 200 հայտնի, ինչպես նաև դեռևս անհայտ բաղադրամասեր: Յուրաքանչյուր կենդանու կաթը հարմար է իր ձագի պահանջներին, կովերն արագ են մեծանում՝ խոշոր մկաններով և ոսկրերով, իսկ երեխաները դանդաղ են աճում՝ ուղեղի արագ զարգացմամբ: Մայրական կաթը հատուկ հարմարվում է իր երեխայի պահանջներին:

Կաթնախեժը և կրծքի կաթը հարմարեցված են երեխայի հեստացիոն տարիքին, իսկ հասուն կաթը փոփոխվում է կերակրումից կերակրում, օրեցօր և ամսեամիս՝ միշտ հարմարվելով երեխայի պահանջներին: Կրծքի կաթի բաղադրամասերն երեխային ապահովում են ինչպես սննդով, այնպես էլ մարսողությանը, աճին ու զարգացմանը նպաստող գործոններով և պաշտպանում են վարակներից: Այդ բաղադրամասերը, երեխայի աճին զուգընթաց, որոշակի տարիքում չեն անհետանում, այլ պահպանվում են:

Սպիտակուց: Կրծքի կաթում սպիտակուցի քանակը և որակը կատարյալ է երեխայի աճի և ուղեղի զարգացման համար: Սպիտակուցի խտությունը (0,9գ 100 մլ-ում) ցածր է կենդանու կաթի համեմատ: Սպիտակուցի մեծ քանակությունը կենդանական կաթում (կովի կաթում՝ 3,5գ 100մլ-ում) ծանրաբեռնում է երեխայի դեռևս չհասունացած երիկամները և մարսողական համակարգը: Կրծքի կաթը կենդանու կաթի համեմատ ավելի քիչ է պարունակում կազեին կոչվող սպիտակուցը, բացի ղրանից կրծքի կաթի կազեինը այլ մոլեկուլյար բաղադրություն ունի:

Այն ավելի նուրբ փաթիլներով է մակարդվում, քան այլ կաթերի սպիտակուցը և այդ պատճառով ավելի հեշտ մարսվող է: Կրծքի կաթի շիճուկային կամ լուծվող սպիակուցը հիմնականում ալֆալակտալբումինն է, իսկ կովի կաթինը՝ բետալակտագլոբուլինը, որի նկատմամբ որոշ երեխաներ անհանդուրժողականություն են ցուցաբերում, որի արդյունքը լինում է ցանը, փորլուծությունը և այլ ախտանշաններ: Կրծքի կաթում սպիտակուցի քանակը կախված չէ մոր ընդունած սննդից:

Ճարպ: Կրծքի կաթը պարունակում է 3, 5 գ ճարպ 100 մլ-ում և ապահովում է կաթի էներգիայի մոտ կեսը: Ճարպի քանակը ցածր է կերակրման սկզբում (առաջնային կաթ) և հագեցնում է երեխայի ծարավը: Այն բարձրանում է կերակրման վերջում (հետին կաթ) և հագեցնում է երեխային: Ճարպի քանակը տատանվում է կերակրումից կերակրում:

Կրծքի կաթի էնզիմները (լիպազան) սկսում են ճարպի մարսումը, այնպես, որ ճարպի էներգիան արագ հասանելի է երեխայի համար: Կաթնախառնուրդները չեն փոփոխվում կերակրումից կերակրում և չեն պարունակում մարսողական էնզիմներ: Կրծքի կաթի ճարպում պարունակվում են երկար շղթայով չհագեցած ճարպաթթուներ` դոկսահեքսաենոթթու (DHA) և արախիդոնաթթու (ARA), որոնք կարևոր են ուղեղի և աչքերի զարգացման համար և բացակայում են այլ կենդանիների կաթերում: Որոշ կաթնախառնուրդներում այղ ճարպաթթուներն ավելացվում են, սակայն նույնքան արդյունավետ չեն ազդում, ինչպես կրծքի կաթում պարունակվողները: Կրծքի կաթում բարձր է խոլեստերոլի մակարդակը, որը նպաստում է երեխայի օրգանիզմի տոլերանաությանը ամբողջ կյանքի ընթացքում:

Ճարպի տեսակը կրծքի կաթում կարող է փոփոխվել կախված մոր օրաբաժնից: Եթե մոր օրաբաժինը շատ չհագեցած ճարպաթթուներ է պարունակում, ապա նրա կաթը հարուտ է չհագեցած ճարպաթթուներով: Այնուամենայնիվ ճարպի ընդհանուր քանակը չի տատանվում, բացառությամբ այն դեպքերի, Երբ մայրը ծայրահեղ է թերսնվում և չունի ճարպի պաշարներ:

Ածխաջրատներ: Կրծքի կաթի հիմնական ածխաջրատը լակտոզան է՝ մոտ 7գ 100 մլ-ում (քանակն օրվա ընթացքում տատանվում է): Լակտոզան էներգիայի կարևոր աղբյուր է, նպաստում է կալցիումի ներծծմանը և աղիքներում կանխում է ախտածին միկրոբների աճը:

Լակտոզայի առկայությունը կրծքով կերակրվող երեխայի կղանքում անհանդուրժողության նշան չէ: Ոչ բոլոր արհեստական կաթնախառնուրդներն են պարունակում լակտոզա: Երեխային լակտոզա չպարունակող կաթնախառնուրդներով կերակրելու հետևանքները հայտնի չեն: Կրծքի կաթում պարունակվում են նաև օլիգոսախարիդներ, որոնք նույնպես պաշտպանում են ինֆեկցիաներից:

Վիտամիններ և միներալներ: Սովորաբար կրծքի կաթը պարունակում է երեխային անհրաժեշտ բոլոր վիտամինները, եթե մայրն ինքը վիտամինային անբավարարություն չունի: Բացառություն է վիտամին D-ն: Կրծքի կաթը հատկապես հարուստ է վիտամին A-nվ և C-ով, որոնք կարևոր պաշտպանական նշանակություն ունեն:

Երկաթի և ցինկի պարունակությունը կրծքի կաթում ցածր է, սակայն դրանք շատ լավ են ներծծվում բացառապես կրծքով կերակրվող երեխայի աղիքներից, մասամբ պայմանավորված նրանով, որ կրծքի կաթը պարունակում է հատուկ տեղափոխող գործոններ: Կաթնախառնուրդներին մեծ քանակությամբ երկաթ է ավելացվում, քանի որ այն լավ չի ներծծվում: Երկաթի ավելորդ քանակը նպաստում է ախտածին միկրոբների աճին:

Կյանքի առաջին 6-8 ամիսների ընթացքում բացառապես կրծքով կերակրվող երեխան շատ հագվաղեպ կարող է երկաթպակասային սակավարյունություն ունենալ, եթե ծնվել է հասուն, առողջ, պորտալարը ժամանակից շուտ չի կտրվել և մայրը երկաթի անբավարարություն չունի:

Ջուր: Կրծքի կաթը հարուստ է ջրով: Երեխան, որին թույլ է տրվում կերակրվել որքան ցանկանում է, հավելյալ ջրի կարիք չունի նույնիսկ շատ շոգ, չոր կլիմայական պայմաններում: Ջուր կամ այլ հեղուկներ տալը, ինչպիսին է թեյը, կարող է խանգարել կրծքի կաթի արտադրությանը, քչացնել երեխայի ընդունած սնուցողական նյութերի քանակը և ավելացնել երեխայի վարակվելու հավանականությունը:

Համ: Կրծքի կաթի համը պայմանավորված է նրանով, թե մայրն ինչ է ուտում: Տարբեր համերն օգնում են երեխային ընտելանալու ընտանեկան սննդի համին և հեշտացնում է 6 ամսականից հետո այդ սննդատեսակներին անցնելը: Արհեստական կաթնախառնուրդները միշտ նույն համն ունեն և այդ համը չի առնչվում հետագայում երեխայի կերած որևէ այլ սննդատեսակի համին:

Հակաինֆեկցիոն գործոններ: Կրծքի կաթը պարունակում է մի շարք հակաինֆեկցիոն գործոններ, այդ թվում`

- իմունոգլոբուլիններ, հատկապես սեկրետոր իմունոգլոբուլին A. որը պատում է երեխայի աղիքների լորձաթաղանթը պաշտպանելով միկրոբներից և ալերգեններից,

- լեյկոցիտներ, որոնք կարոդ են քայքայել միկրոբները,

- շիճուկային սպիտակուցներ (լիզոցիմ և լակտոֆերին), որոնք սպանում են միկրոբներին, վիրուսներին և սնկերին, բացի դրանից լակտոֆերինը կապում է երկաթը` կանխարգելելով ախտածին միկրոբների կող¬մից ղրանց օգտագործումն ու աճը,

- օլիգոսախարիդներ, որոնք կանխում են աղիքների պատերի բջիջներին միկրոօրգանիգմների կպչելը,

- աճի գործոններ, որոնք նպաստում են երեխայի աղիքների պատի բջիջների աճին` աջակցելով միկրոօրգանիզմների և ալերգենների նկատմամբ բարիերի զարգացմանը և վարակների պատճառած վնասի վերականգնմանը,

- բիֆիդում ֆլորայի աճը խթանող գործոն, որը խթանում է lactobacillus bifidus-ի աճը և քիչ հնարավորություն է թողնում ախտածին միկրոբների բազմացման համար:

Երբ մայրը հանդիպում է որևէ վարակի, նրա մարմինը հակամարմիններ է արտադրում տվյալ վարակի նկատմամբ, որոնք երեխային անցնում են կրծքի կաթի միջոցով: Արհեստական կաթնախառնուրդը չի պարունակում կենդանի բջիջներ, հակաինֆեկցիոն գործոններ և չի կարող երեխային ակտիվորեն պաշտպանել վարակներից:

 
"Ուսումնական ձեռնարկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար"` պրոֆեսոր Ա.Ս. Բաբլոյանի,   դոցենտ Ն.Գ. Բաղդասարյանի խմբագրությամբ, տեքստի հեղինակ Ս.Ա. Հարությունյան

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am