Երեխաները շատ շարժուն են և դրա հետևանքով հաճախ են ոսկրամկանային համակարգի տարբեր վնասվածքներ ստանում: Վնասվածքների պատճառ կարող են լինել ընկնելը, հարված ստանալը, անհարմար շարժումներ կատարելը և այլն: Փոքր երեխաների մոտ ձեռքերի հոդախախտ կարող է առաջանալ նաև այն ժամանակ, երբ նրան փորձում են բարձրացնել` դաստակներից բռնած: Այս կարգի վնասվածքները սովորաբար կյանքին անմիջական վտանգ չեն սպառնում, սակայն քիչ չեն դեպքերը, երբ դրանց ժամանակ սխալ օգնություն է ցուցաբերվում, ինչն էլ իր հերթին պատճառ է դառնում անցանկալի բարդությունների:

Ինչի վրա ուշադրություն դարձնել

Ոսկրամկանային համակարգի վնասվածքների թվին են պատկանում կոտրվածքը, հոդախախտը, կապանների ձգումն ու պատռվածքը, մկանների ու ջլերի ձգումն ու պատռվածքը: Այս վնասվածքները հաճախ դժվար է լինում իրարից զանազանել, քանի որ դրանց ախտանշանները շատ նման են: Այդ նշաններն են.
- ցավ,
- այտուց (ուռածություն) վնասված մասում,
- մարմնի վնասված մասի ձևափոխություն,
- մաշկի կարմրություն կամ կարմրամանուշակագույն երանգ (ենթամաշկային արյունազեղում),
- վնասված մասի շարժունակության խանգարում,
- վնասվածքից ներքև զգայունության խանգարում:

Բաց կոտրվածքի դեպքում կարող եք տեսնել վերքից դուրս ցցված ոսկրերի կտորներ և արյունահոսություն:

Ինչ անել

- Երեխային հարմար դիրքի բերեք:
- Մի շարժեք վնասված մասը:
- Դադարեցրեք արյունահոսությունը:

Փակ վնասվածքի դեպքում

- վնասված մասի վրա սառը թրջոցներ դրեք,
- 1-2 օր այդ եղանակով շարունակեք սառեցնել վնասված մասը:

Բաց կոտրվածքի դեպքում

- ծածկեք վերքը ստերիլ անձեռոցիկով կամ որևէ այլ մաքուր, արդուկած և մազախավ չունեցող գործվածքով,
- անշարժացրեք վնասված մասը այն դիրքում, որում հայտնաբերել եք,
- ահազանգեք շտապ օգնություն:

Ինչ չի կարելի անել

- Չի կարելի շարժել վնասված մասը կամ վնասվածքին մոտ գտնվող հոդերը:
- Չի կարելի որևէ ձևով տաքացնել վնասված մասը (օրինակ՝ տեղադրել տաք կամ սպիրտային թրջոցներ, տաք ջրի մեջ դնել և այլն):

Վերին վերջույթի անշարժացում

Եռանկյունաձև վիրակապը կամ եռանկյունաձև ցանկացած գործվածքի կտոր (օրինակ` գլխաշոր) զգուշությամբ անցկացրեք տուժածի վնասված ձեռքի տակով և նախաբազուկը դրանով ընդգրկելով` կապեք տուժածի վզից այնպես, որ վերջինիս ձեռքը կախված լինի վզից, իսկ արմունկը կազմի մոտ 90° անկյուն:
Երկրորդ վիրակապով կամ ցանկացած գործվածքի ժապավենով արմունկի մակարդակին հավասար ձեռքի վրայով կրծքավանդակի շուրջը կապ տեղադրեք` ձեռքը ամրացնելով կրծքավանդակին:
 
Ստորին վերջույթի անշարժացում
 
5-6 եռանկյունաձև վիրակապեր (կամ ուրիշ հարմար գործվածքի կտորներ) սահեցրեք տուժածի ոտքերի տակ` ծնկափոսերի տակով կամ կրունկներից վեր ընկած հատվածների տակով: Զգուշությամբ սահեցրեք եռանկյունաձև վիրակապերը` ազդրերի տակ անցկացնելով երկու վիրակապ, իսկ սրունքների տակ` երեք վիրակապ:
Ոտքերի միջև փափուկ գործվածքներից ներդիր (փոքր բարձ, ծածկոց և այլն) տեղադրեք այնպես, որ ոտքերը իրար չհպվեն:
Եռանկյունաձև վիրակապերով իրար կապեք տուժածի ոտքերը: Ուշադիր եղեք, որ կապերը չընկնեն կոտրված տեղի վրա:

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am