Կակազությունը (անգլ.՝ stuttering) խոսքի արտահայտչական կողմի խանգարում է, որը բնութագրվում է հնչյունների, վանկերի կամ բառերի կրկնությամբ, երկարացմամբ և խոսքի արգելակմամբ։ Առողջապության համաշխարհային կազմակերպության տվյալների (WHO, Childhood stuttering: Prevalence and risk factors. 2023) համաձայն՝ կակազությունը հանդիպում է բնակչության մոտ 1%-ի շրջանում, ընդ որում՝ տղաներն աղջիկներից 3-4 անգամ ավելի հակված են այս խանգարմանը։ Մանկական տարիքում (2-6 տարեկան) կակազության դրսևորումները հաճախ կապված են նյարդաֆիզիոլոգիական հասունացման և լեզվային հմտությունների զարգացման հետ։
Վերջին 10 տարում կակազության դեպքերի աճի վիճակագրական տվյալները ամբողջ աշխարհում մշտապես վերլուծվում են մասնագիտական կազմակերպությունների կողմից (օրինակ՝ WHO, ASHA): Գիտական բացատրությունները կակազության աճի հետ կապված տարամիտվում են ստորև հիմնական պատճառների միջև՝
1. Նյարդաբանական գործոններ.
- Ինքնաբուխ խոսքի կարգավորման հետ կապված ուղեղի կենտրոնների (օրինակ՝ Broca-ի դաշտ) ոչ նորմալ ակտիվությունը կամ կառուցվածքային տարբերությունները:
- Գենետիկ նախատրամադրվածություն՝ կակազություն ունեցող մարդկանց 60%-ն ունեն ընտանեկան պատմություն՝ կակազող հեռու կամ մոտ ազգական:
2. Հոգեբանական և շրջակա միջավայրի գործոններ.
- Սթրեսային իրադարձություններ (օրինակ՝ կոնֆլիկտներ, վախեր) կարող են առաջացնել և/կամ սրել կակազությունը, հատկապես երեխաների շրջանում։
- Էկրանին երկար նայելը վաղ տարիքում կարող է առաջացնել խոսքի ավտոմատիզմի խանգարումներ:

Մասնագիտական դիտարկումներ
Մոտ 20 տարվա լոգոպեդական պրակտիկ գործունեության ընթացքից կարող եմ արձանագրել․
1. Վաղ միջամտության կարևորություն. 2-5 տարեկանում կակազության առաջին նշանների դեպքում միջամտությունը հանգեցնում է արագ և կայուն արդյունքների։ Այս տարիքային խմբի երեխաների 85%-ը հաղթահարում է խնդիրը 3-12 ամսվա ընթացքում։
2. Դժվարությունների կրկնման պատճառներ. Որոշ դեպքերում (մոտ 15%) նկատվել է խնդրի կրկնում՝ պայմանավորված.
- Գենետիկական նախատրամադրվածությամբ։
- Հոգեբանական գործոններով (լարված ընտանեկան միջավայր, սթրես)։
- Մասնագետի կողմից ծնողներին տրված առաջադրանքների չկիրառմամբ։
3. Թիմային աշխատանքի դեր. առավել արդյունավետ է եղել լոգոպեդի, հոգեբանի և ծնողների համատեղ աշխատանքը։
Արդյունավետ միջամտության մեթոդներ
Ըստ կլինիկական փորձառության՝ կակազության վաղ միջամտությունը (մինչև 5 տարեկան) հանգեցնում է 70-80% դեպքերում ախտանիշների լրիվ վերացման կամ զգալի նվազեցման, այս ցուցանիշները փաստվում են նաև Yairi և Ambrose (Early childhood stuttering for clinicians by clinicians.2013) ուսումնասիրություններում։
Առավել արդյունավետ են հետևյալ մոտեցումները.
1. Մեխանիկական խոսքի ակտիվացում․ տարբեր մեթոդներ, որոնք ուղղված են հարթ խոսքի ձևավորմանը և խոսքային հմտությունների ավտոմատացմանը։
2. Շնչառական համակարգի կարգավորում․ խոսքի ժամանակ օդի հոսքի երկարացման և ներշնչման ժամանակ օդի ծավալի ավելացման վարժություններ և մեթոդներ՝ կարգավորելով խոսքային սահուն շնչառությունը։
3. Ծնողական մոդելավորում․ ըստ մեր կատարած դիտարկումների՝ ծնողների վերապատրաստումը երեխային աջակցելու հարցերում բարձրացնում է բուժման արդյունավետությունը մոտ 40%-ով, ինչը արձանագրված է նաև Հայաստանի առողջապահության նախարարության (2022) խոսքի խանգարումների վիճակագրության տվյալներում:
4.. Բազմամասնագիտական մոտեցում․ լոգոպեդի, հոգեբանի և նյարդաբանի համատեղ աշխատանքը հատկապես կարևոր է գենետիկական նախատրամադրվածության դեպքում։
Խորհուրդներ ծնողներին
Երեխայի խոսքի զարգացման ընթացքում կարևոր է.
- Չուշացնել մասնագետի դիմելը՝ երեխայի կմկմոցների ի հայտ գալուն պես մասնագիտական խորհրդատվությունը կարող է կանխարգելիչ և խնդրի վաղ հաղթահարման լավագույն միջոցներից լինել։
- Չշտապեցնել խոսքը և ապահովել հանգիստ հաղորդակցման միջավայր։
- Ակտիվ լսել՝ առանց ընդհատումների և շտապ ուղղումներ կատարելու։
- Խուսափել քննադատական դիտողություններից («դանդաղ ասա», «կանգ առ»)։
- Խոսքի և ռեժիմի հանդեպ կարգապահական խորհուրդները փոխանցել երեխայի շփման միջավայրերի բոլոր մարդկանց (մանկապարտեզ, այլ հարազատներ)։
- Կանոնավոր այցելել մասնագետի՝ ըստ նախատեսված ժամանակացույցի՝ նույնիսկ եթե ախտանիշները ժամանակավորապես նվազել են։
Կակազությունը հնարավոր է հաղթահարել՝ ճիշտ օգտագործելով բուժման ռազմավարություններ և ժամանակակից մանկավարժական մեթոդներ՝ ստեղծելով սիրող, հանդուրժող միջավայր: Այս ամենի կիրառումը կարող է նվազեցնել նաև կակազության բացասական հետևանքները և նպաստել երեխայի խոսքի լիարժեք զարգացմանը։ Ամենակարևորը՝ հավատացեք ձեր երեխայի ուժերին և աջակցեք նրան սիրով ու համբերությամբ:
Հեղինակ՝ Քրիստինա Արսենի Խառատյան
Մանկավարժական գիտությունների թեկնածու,
Լոգոպեդ



