Կան մարդիկ, ովքեր համարում են, որ եթե խանդի զգացմունք չկա, ապա չկա նաև սիրո զգացմունք, բայց դա միշտ չէ որ այդպես է:
Եթե կարճ բնութագրենք խանդը, ապա դա սեփականության իրավունք է ուրիշ էակի նկատմամբ իր բազմաթիվ դառը հետևանքներով:
Թեթև խանդի զգացմունքը կարող է հանդիսաnալ խթանող գործոն ամուսնական կյանքում, այսինքն կարող է բերել սեռական ցանկության խթանմանը և նոր երանգ մտցնի ամուսնական հարաբերություններում, որը իհարկե միապաղաղ կյանքի դեմ պաքարելու միջոց է և վերջապես նորից թարմացնի սիրո զգացմունքը:
Շատ ժամանակ ուժեղ խանդը կարող է մեծ բեռ հանդիսանալ ամուսնական կյանքում: Խանդում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Այդպիսի ընտանիքում ամուսիններից մեկի համար ընտանեկան կյանքը դառնում է դժոխք: Օրինակ, եթե կինը 5 րոպե ուշանում է աշխատանքից, խոսում է հեռախոսով. գնում է նոր զգեստ կամ հարդարում է մազերը նորաձև և այլն, դա կարող է խանդի և անվերջ հարցաքննումների պատճառ դառնալ: Լինում են դեպքեր, երբ սկսում են ամուսիններին հետևել, նույնիսկ վարձում են հետախույզ, որպեսզի բռնացնեն դեպքի վայրում: Իհարկե ոչ հիմնավորված խանդը հանդիպում է անվստահ, կասկածամիտ, կպչուն մտքերով, ինքնավերլուծական բնավորությամբ և որոշ դեպքերում հիստերիկ անձնավորությունների մոտ: Ինչքան էլ ամուսինը այդպիսի անձնավորությանը շատ ուշադրություն դարձնի, միևնույնն է նրանց համար դա քիչ է, նրանք միշտ ուզում են գտնվել ուշադրության կենտրոնում, և միշտ թվում է, թե ոտնահարվում է նրանց ինքնասիրությունը: Այդպիսի վերաբերմունքը իհարկե փոփոխում է ընտանեկան հարաբերությունները բացասական իմաստով: Զուգնըկերոջը վաղ թե ուշ ձանձրացնում են մշտական արդարացումները չկատարված գործողությունների համար, և դա կարող է հանգեցնել բաժանության:
Իհարկե լինում է հիմանվորված խանդ, երբ ստույգ տվյալներ կան դավաճանության մասին և փորձը ցույց է տալիս, որ եթե հետագայում ամուսիններից մեկը ներում է այդ դավաճանությունը, նա կարող է անտեղի դրսևորել բազմաթիվ խանդի տեսարաններ: Հոգեբուժության մեջ գոյություն ունի “հիվանդագին խանդ” հասկացություն: Այն կարող է հանդիպել ինչպես որոշակի բնավորության գծերի շեշտվածության, այնպես էլ հոգեկան հիվանդությունների, տղամարդկանց սեռական խանգարումների, խրոնիկական ալկոհոլիզմի ժամանակ: Որևէ տրամաբանություն չի կարող հակառակը համոզել այդպիսի անձնավորություններին: Նրանք կարող են նույնիսկ խանդել ծեր ամուսիններին կամ անկողնում գամված զուգընկերոջը, կամ էլ ուղղված լինի մոտիկ ազգակիցներին երեխաներին և այլն:
Օրինակ մեզ դիմել էր անձնավորություն, որը կնոջը գիշերը կապում էր մահճակալին, որպեսզի նա չփորձի դավաճանել: Եղել է դեպք, երբ մի ծեր կին դիմել էր մեզ որպեսզի մենք սանձենք իր 80-ամյա ամուսնուն: Իհարկե այս բոլոր դեպքերը հետազոտելուց հետո հայտնաբերել ենք հոգեկան հիվանդություն և ուղարկել ենք համապատասխան բուժական հաստատություն: Խանդը` առաջանալով ամուսիններից մեկի մոտ բերում է այն բանի, որ վերջիվերջո տառապում են երկու ամուսինները, որն էլ բերում է ընտանեկան աններդաշնակության և հեռացնում ու օտարացնում նրանց:
Կարող են զարգանալ զանազան նևրոզներ, որի ֆոնի վրա զարգանում են սեռական ցանկության կորուստ, սեռական անկարողություն տվյալ անձի նկատմամբ, ընտանեկան հետաքրքրությունների կորուստ, ամուսնական պարտականություններից խուսափելու համախտանիշ և այդպիսի անձնավորությունները ավելի են հակված դավաճանելու իրենց զուգնըկերոջը: Ստացվում է այնպես, որ ինչքան մենք ուժեղ ենք խանդում այնքան ստեղծում ենք նպաստավոր պայմաններ դավաճանությունների համար:
Իսկ կարո՞ղ է խանդը բացակայել:
Իհարկե կա կանանց և տղամարդկանց մի ստվար զանգված, որոնք ասում են, որ ի սպառ չունեն այդ զգացմունքը: Նրանք օրինակ ուշադրություն չեն դարձնում, երբ ամուսինը պարում է երիտասարդ կնոջ հետ, կամ երբ որ նա ուշ է գալիս տուն, առանց որևէ պատճառի տանից բացակայում է, կամ էլ որ տարբեր կանայք են զանգահարում և այլն: Պետք է իհարկե գտնել այդպիսի վերաբերմունքի պատճառը: ՄԻ դեպքում դա կարող է լինել անտարբերություն ամուսնու նկատմամբ, որի հիմքում կարող է լինել հոգեբանական պաշտպանվածությունը ավելորդ չհուզվելու, չջղայնանալու և այդ ձևով խուսափելու ստեղծված իրավիճակից: Այս դեպքում պետք է պարզել ամուսնանալու դրդապատճառը և իհարկե առկա է աններդաշնակության գործոնը: Մեր իրականությունում հաճախ կինը կարող է նյութական կախվածության մեջ լինել ամուսնուց և չուզենալով կորցնել այդ կարգավիճակը աչքերը փակում է ամեն ինչի նկատմամբ: Մյուս դեպքում ամուսիններից մեկը ապրում է անհոգ կյանքով և կարծում է, որ իրավաբանորեն ամրագրված ամուսնական կյանքը բավարար է, որ իրեն չդավաճանեն: Դա որոշ դեպքերում կապված է ամուսինների անձնային առանձնահատկությունների հետ: Երրորդ դեպքում խանդի բացակայությունը կարող է կապված լինել ամուսիններից մեկն ու մեկի չափազանց ինքնավստահության հետ, երբ համարում են, որ նրանց այնքան են սիրում, որ չեն կարող ուշադրություն դարձնել ուրիշների վրա: Որպես օրենք երբ այդ ամուսինները իմանում են դավաճանության մասին, ապա դառնում են ամենախանդոտները և պատրաստ են վրիժառության` պատասխան դավաճանության: Որոշ ամուսիններ թույլ են տալիս իրենց երկրորդ կեսին միայնակ հանգստանալ և շատ ժամանակ ուրախ են, որ նա բացակայում է: Այստեղ իհարկե կա դրական մասնիկ, այն է` որ հանգստից հետո ավելի մեծ կարոտելով և ցանկությամբ կհանդիպեն, բայց պետք է նայել և այդ վարքագծի արմատներին կամ դրդապատճառներին, որոնք նորից հանգեցնում են ամուսնական աններդաշնակությանը: Որոշ դեպքերում առկա է և թաքնված ազատություն և խանդի բացակայություն, երբ ամուսինները միմյանց թույլ են տալիս լայն ազատություն իր բոլոր հետևանքներով:
Ամփոփելով վերոնշյալը կարելի է ասել, որ եթե կա սեր և լիարժեք ամուսնական ներդաշնակություն, ապա այդտեղ չեն կարող արմատավորվել խանդը և անվստահությունը: Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ և ես ցանկանում եմ ձեզ գտնել այն:
Հեղինակ՝ Կարեն Թոփչյան
Աղբյուրը՝ sexology.am