Ամառային հանգստի սեզոնը մեկնարկել է, եւ շատերը շտապում են մեկնել ծովափ, մյուսներն էլ նախընտրում են հանգստանալ քաղաքից դուրս: Եթե չեք ցանկանում, որպեսզի ձեր հանգիստը վերածվի մղձավանջի, ապա կարեւոր է պահպանել որոշակի կանոններ, որոնք Doctors.am-ին է ներկայացնում «Սլավմեդ» ԲԿ ընտանեկան բժիշկ Կարինե Ստեփանյանը:

1. Պաշտպանվում ենք արեւից ոչ միայն ծովափում, այլեւ առօրյայում

Ամռանն արեւի տակ գտնվելն ունի ժամային սահմանափակումներ՝ առավոտյան մինչեւ 11:00-ն, երեկոյան՝ 16:00-ից հետո: Ինչո՞ւ. քանի որ 11:00-16:00-ն ընկած ժամանակահատվածն արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների ամենաինտենսիվ շրջանն է, որը կարող է վտանգավոր լինել առողջության համար:

Ջերմային հարվածի նշաններն են՝

  • գլխացավ
  • մարմնի ջերմության բարձրացում
  • սրտխառնոց
  • փսխում
  • գիտակցության մթագնում կամ կորուստ:

Առաջին բուժօգնությունը՝

  • տուժածին տանել ստվերի տակ
  • շատ հեղուկ տալ
  • զովացնել տուժածին՝ հովհարով, թաց թրջոցներ դնել ճակատին, պարանոցին, գլխի հատվածում, թաց սավանով ծածկել

Եթե չի ստացվում վերոնշյալ ժամերին խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից, ապա պետք է՝

  • կրել բաց գույնի գլխարկ՝ բնական կտորից
  • կրել լայն, թեթեւ, մարմինը ծածկող, բնական կտորից կարված հագուստ
  • օգտագործել արեւապաշտպան SPF քսուքներ. որքան մաշկի գույնը բաց է, այնքան SPF գործակիցը բարձր է (10-40):

Հիշեք, որ հատկապես խոցելի են երեխաները, հղիները, տարեցները, քրոնիկ հիվանդները:

2. Խմում ենք շատ ջուր

Այսպիսի մի փոքրիկ բանաձեւ կա բոլոր չափահաս մարդկանց համար՝ կիլոգրամ քաշին 30 միլիլիտր ջուր, այսինքն՝  60 կգ կշռող մարդն օրական պետք է 1,8 լիտր ջուր խմի, դա մինիմալ ծավալն է: Ծավալները մեծանում են՝ կախված մարդու ընդունած սննդից, արեւի տակ գտնվելու ժամանակահատվածից, ֆիզիկական ակտիվությունից:
Ես միշտ մեր օրգանիզմը համեմատում եմ երկիր մոլորակի հետ: Դրա 30 %-ը ցամաքն է, 70 %-ը` ջուրը, նույնը նաեւ մարդն է: Այն մարդը, որը բավարար ջուր է խմում, շատ ավելի առողջ է:

3. Եթե արեւը հասցրել է վնասել մաշկը
Եթե ունեք թեթեւ՝ 1-ին, 2-րդ Ա կարգի այրվածքներ, այսինքն խորը մաշկային վնասվածքներ չկան, ամենալավ միջոցը սառը թրջոցներն են:  Մեզանում տարածված է նման դեպքերում մաշկին տոմատի մածուկ կամ մածուն քսելը, որը մեր ժամականերում ընդունելի չէ: Կարծում եմ՝ դա արվել է պարզապես այլ սառը միջոց չունենալու պատճառով, բայց 21-րդ դարում այդ խնդիրը չկա:

Հիշեք, որ կտրականապես չի կարելի ձեթ քսել այրված մաշկին, քանի որ ձեթը փակում է ծակոտիները եւ խանգարում է ջրի գոլորշիացմանը՝ մարմնի ջերմատվությանը: 

4. Եթե ականջի մեջ ջուր է լցվել

Ծովում կամ լողավազանում լողալիս երբեմն ականջի մեջ կարող է ջուր լցվել: Դա սովորաբար ինքն իրեն անցնում է: Պարզապես պետք է ուշադիր լինել, հաճախակի պառկել տվյալ ականջի կողմը, որպեսզի ջուրը դուրս գա: Եթե անցուղին մաքուր է, որեւէ խնդիր չի լինի, բայց եթե ունենք ծծմբային խցան, այն կլանում է ջուրը, խցանը չափերով մեծանում է եւ փակում է լսողական անցուղին: Եթե 1-2 օր անց խնդիրը չի լուծվում, անհրաժեշտ է դիմել բժիշկի: Առավել վատ է, եթե թմբկաթաղանթի վնասվածք ունեք, այդ դեպքում ջուրը կարող է մտնել միջին ականջ՝ առաջացնելով ականջաբորբ: Այս դեպքում ահազանգում եք բժիշկին հնարավորինս արագ՝ հետագայում լսողության հետ կապված խնդիրներից խուսափելու համար: 

5. Եթե ճանապարհ գնալիս սրտխառնոց եք զգում

Ճանապարհ գնալիս ցանկացած դիսկոմֆորտ՝ լինի գնացքով, մեքենայով, նավով, թե ինքնաթիռով, կապված է վեստիբուլյար ապարատի անբավարարության հետ (հնուց հայտնի է որպես ծովային հիվանդություն):

Նման դեպքերում պետք է քչացնել նախօրոք ընդունվող սննդի քանակը, մաստակ ծամել, ցանկալի է՝ կծու համերով, իսկ դեղորայք ընդունել բացառապես բժշկի ցուցումով:  
Երեխաների հետ ճանապարհորդելիս չենք մոռանում մարմնի ճիշտ դիրքի մասին: Այստեղ մեզ օգնության են գալիս քարսիթները, որոնք ֆիքսում են երեխայի դիրքը՝ հնարավորինս կանխելով ավելորդ թափահարումները: 

Եթե մեքենայով եք երթեւեկում, ապա անհրաժեշտ է հաճախակի կանգառներ անել, օդափոխվել, հնարավորության դեպքում՝ քայլել:
Բարձրադիր գոտուց դեպի ցածրադիր գոտի կտրուկ անցումների ժամանակ ձգտում ենք դանդաղընթաց լինել, խոսել, զրուցել, մաստակ ծամել՝ ապահովելով թմբկաթաղանթի վրա ներքին եւ արտաքին հավասարաչափ ճնշումներ: 

Հիշեք` եթե դիսկոմֆորտը, սրտխառնոցը կապված է միայն ճանապարհ գնալու հետ, ապա դա պաթոլոգիա չէ, այլ ձեր առանձնահատկությունը:


Աղբյուրը՝ Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը