Նորաթուխ շատ մայրիկների երեխայի խնամքի հետ կապված հարցերը հաճախ հանգիստ չեն տալիս՝ արդյոք երեխան կո՞ւշտ է, լա՞վ է քնում, թե՞ ոչ, շոգո՞ւմ է, թե՞ մրսում… Սրանց վերաբերյալ հարեւան-բարեկամների խորհուրդներն այնքան շատ են, սակայն դրանք ոչ միշտ են տեղին ու օգտակար:

Եվ այսպես, ներկայացնում ենք մանկաբույժների խորհուրդները՝ երեխայի սննդի և խնամքի հարցում:

Երեխայի սնունդը

× Չի՛ կարելի մինչեւ մեկ տարեկան երեխաներին մեղր տալ, քանի որ բոտուլիզմով վարակվելու վտանգ կա, ինչպես նաեւ՝ հետագայում կարիեսով ատամների ծկթման: Մեծ է նաեւ ալերգիայի հավանականությունը:

× Չի՛ կարելի մինչեւ մեկ տարեկան երեխային կովի կաթ տալ: Առհասարակ, կաթնաթթվային մթերք կարելի է տալ 9-10 ամսականից սկսած, իսկ կովի կաթ՝ մեկ տարեկանից հետո:

× Պետք չէ մինչեւ վեց ամսականը երեխային ջուր տալ. մայրական կաթը միանգամայն բավարար է:

Կյանքի առաջին 6 ամիսներին երեխայի սննդակարգը հիմնականում բաղկացած է կրծքի կաթից կամ կաթնախառնուրդից, որոնց 65-70 %-ը ջուր է: Ուստի կյանքի առաջին ամիսներին երեխաների ջրի պահանջը լրացվում է կաթով, իսկ հավելյալ ջուրը կարող է շատամիզության պատճառ դառնալ՝ հանգեցնելով էլեկտրոլիտների ավելորդ կորստի, ինչը կարող է առողջական լուրջ խնդիրների հանգեցնել:

Եթե, այնուամենայնիվ, կարծում եք, որ Ձեր փոքրիկը ջրի կարիք ունի, խորհրդակցե՛ք Ձեր մանկաբույժի հետ, որը երեխայի քաշին համապատասխան ջրի ծավալ կորոշի:

√ Վեց ամսականից հետո կարելի է երեխային հավելյալ սնունդ տալ: Եթե փոքրիկը քաշի ավելացման խնդիր չունի, ապա հավելյալ սնունդը կարելի է սկսել բանջարեղենից՝ յուրաքանչյուր օր նոր տեսակ ավելացնելով, ապա անցնել մսամթերքի:

Ինչպես ճիշտ հագցնել երեխային

Ծնողների շրջանում տարածված կարծիք կա, թե երեխաները հիվանդանում են մրսելու հետեւանքով, եւ դրանով պայմանավորված՝ մայրիկները երեխային չափից շատ տաք են հագցնում:

√ Երեխաներին պետք է հագցնել եղանակին համահունչ, որպեսզի խուսափեք գերտաքացումից եւ դրա հետեւանքով հնարավոր հիվանդությունների առաջացման ռիսկից:

√ Մինչեւ մեկ տարեկան երեխաները պետք է հագնված լինեն մայրիկից մեկ շերտ ավել հագուստով:

Ինչպես հասկանալ, որ երեխան մրսում է կամ շոգում

Երեխայի վերջույթների սառնությունը ոչ միշտ կարող է վկայել, որ նա մրսում է, այնպես, ինչպես քրտնելը ոչ միշտ է կարող վկայել, որ երեխան շոգում է:Փոքրիկը շոգում է, թե մրսում՝ ամենից լավ կարող է հուշել երեխայի անհանգստությունը:

Ի՞նչ անել, եթե փոքրիկը հիվանդացել է

Վերին շնչուղիների վարակները հաճախ ուղեկցվում են բարձր ջերմությամբ՝ տենդով, սակայն պետք չէ անմիջապես ահաբեկվել եւ շտապել իջեցնել երեխայի ջերմությունը: Հիշեք, որ օրգանիզմն այդ կերպ պայքարում է վարակի դեմ:

√ Երեխայի ջերմությունը պետք է իջեցնել, երբ նա իրեն վատ է զգում՝ թույլ է, գունատ:

× Չի՛ կարելի ջերմիջեցում անել քացախաջրով կամ օղիով:

Մինչեւ երեք ամսական երեխայի մոտ տենդի դեպքում պետք է դիմել բժիշկի, ավելի մեծ երեխաների դեպքում բժիշկի դիմելու անհրաժեշտությունն առաջանում է, եթե ախտանիշները չեն նահանջում, և երեխայի ինքնազգացողությունը չի լավանում:

Երեխաների բերանի խոռոչի հիգիենան

Երեխայի բերանի խոռոչի հիգիենան սկսվում է նրա ծնված օրվանից:

Մինչեւ ատամների ծկթումը բերանի խոռոչի հիգիենան ենթադրում է բինտով կամ անձեռոցիկով լնդերի մաքրում՝ առավելապես կերակրումից հետո, իսկ ատամների ծկթումից հետո արդեն կարելի է մաքրել դրանք խոզանակով՝ առանց մածուկի օգտագործման:

× Ֆտոր պարունակող ատամի մածուկները թույլատրվում են երկու տարեկանից հետո միայն, երբ երեխաները կարողանում են ողողում անել: Եթե երեխան դժվարանում է ողողումներ անել, եւ մածուկը կուլ տալու վտանգ կա, ապա պետք է ընտրել ֆտորի քիչ պարունակությամբ մածուկներ:

Խորհուրդ. երեխայի ատամները պետք է լվանալ առավոտյան՝ նրա արթնանալուց հետո, եւ երեկոյան՝ վերջին սնունդն ընդունելուց հետո:


Աղբյուրը՝ Doctors.am