Ծնող լինելը հասուն կյանքի ամենապարգևահատույց գործն է: Ոչինչ այդքան ուրախություն և հպարտություն չի պարգևում, քան երջանիկ, գործուն և սիրող երեխան: Երեխայի աճի և զարգացման յուրաքանչյուր փուլ ունի իրեն հատուկ նպատակներ և պարտականություններ: Օրինակ՝ նորածնի համար դա ուտելն է, քնելը և աշխարհը բացահայտելը, դեռահասի համար՝ սեփական անձը ձևավորելը, ընկերներ ձեռք բերելը: Դեռահասներին բազմաթիվ հմտություններ են հարկավոր իրենց նպատակներին հաջողությամբ հասնելու և դրա ճանապարհին անկախանալու համար: Որոշ դեռահասների մոտ մանկությունից պատանեկություն անցումը այդքան էլ սահուն չի լինում: Նրանց զարգացումը դեպի անկախություն կարող է ծնողներին ցավ և վիշտ պատճառել: Այնուամենայնիվ, զարգացման այս կտրուկ փոփոխությունները, թեև դժվար են, բայց և նորմալ և չպետք է ծնողների մեջ տագնապ առաջացնեն:

Իրենց երեխայի դեռահասությանը ծնողները պետք է որքան հնարավոր է շուտ պատրաստվեն: Ստորև բերվում են այն ճանապարհները, որոնցով ծնողները կարող են իրենց պատրաստել իրենց երեխայի դեռահասությանը և օգնել երեխային հաջողությամբ կատարել անցումը մանկությունից դեռահասություն՝ ստանձնելով համապատասխան նպատակներ և պատասխանատվություններ.

Ընտանիքում ստեղծել ապահով և սիրալիր միջավայր:

Ստեղծել ազնվության, փոխադարձ վստահության և հարգանքի մթնոլորտ:

Թույլատրել երեխայի տարիքին համապատասխան անկախություն և վստահություն:

Հաստատել այնպիսի հարաբերություններ, որ երեխան կարողանա կիսվել և խոսել ծնողի հետ, երբ հուզված է:

Սովորեցնել սեփական և ուրիշների իրերի համար պատասխանատվություն:

Սովորեցնել ընդհանուր ընտանեկան պատասխանատվություններ:

Սովորեցնել սահմանափակումների կարևորությունը և ընդունումը:

Երեխայի դեռահաս դառնալու տարիները ավելի հեշտ կընթանան, եթե ծնողները և երեխան միասին աշխատեն վերոհիշյալ նպատակների վրա երեխայի զարգացման վաղ ժամանակաշրջանից:

Ծնողի և երեխայի հարաբերությունների ամենակարևոր կողմերից մեկն է երեխայի ազատ կիսվելը ծնողի հետ: Նման հարաբերություններ հաստատելը և բաց զրույցներին հասնելը ժամանակ, համառություն և փոխընբռնում է պահանջում: Հարաբերությունները աստիճանաբար են ձևավորվում՝ երեխայի հետ աշխատելիս: Ուտելու ժամերը, գրքեր կարդալը, պատմություններ պատմելը, խաղեր խաղալը, դուրս գալը, հանգստանալը և տոներ կազմակերպելը ծնողի և երեխայի համար միասին ժամանակ անցկացնելու լավագույն հնարավորություններն են: Ծնողները նաև պետք է ջանան ժամանակ գտնել յուրաքանչյուր երեխայի հետ անհատապես ժամանակ անցկացնելու, հատկապես, երբ պետք է զրուցել երեխային հուզող կամ խանգարող խնդրի մասին: Նման հարաբերությունները հիմք են ստեղծում դեռահասության շրջան մտնող երեխայի հետ բաց զրույցներ ունենալու համար:

Երբ ծնող-երեխա հարաբերությունները երեխայի նախադեռահաս շրջանում բարդ են և անհանգստացնող, կարող է լինել մասնագիտական օգնության դիմելու կարիքը: Ծնողների կողմից անհրաժեշտ ժամանակի և ջանքերի ներդրումը երեխայի մանկության շրջանում կարող է կանխել նրա փոքր դժվարությունների վերածումը մեծ խնդիրների արդեն դեռահաս տարիքում: