Կերակրող մայրը պետք է ուտի բազմազան և հարուստ վիտամիններով սննդամթերքներ: Երեխաների մի մասը մոր որոշակի կերակրատեսակների նկատմամբ գերբարձր զգայունություն ունի: Վնասակար ազդեցություն ունեցող նյութերը կաթով անցնում են երեխային և ազդում նրա վրա, մոր` այդ սնունդն ընդունելուց 9 ժամ հետո: Փոքրիկի վարքագծով կարելի է ստուգել, թե մոր կերած սննդամթերքներից հատկապես որն է վնասում երեխային: Երեխայի մոտ փորիկի ցավերը վերսկսվում են միայն այն ժամանակ, եթե մայրը կրկին օգտագործում է այդ սննդամթերքը: Պետք է փնտրել ու գտնել փոքրիկի անհանգստության պատճառները:

Դրանք կարող են լինել`

Կոֆեին պարունակող մթերքներ: Ոչ ոգելից խմիչքներ, շոկոլադ, սուրճ, թեյ և մրսածության դեմ կիրառվող մի շարք դեղամիջոցներ, որոնք պարունակում են կոֆեին:

Կծու սնունդ: Կրծքի կաթը կարող է կծու համ ունենալ, եթե մայրն օգտագործել է կծու կամ սխտոր: Երբեմն երեխան այնպես է տառապում փորի ցավից, որ հրաժարվում է կաթից:
Գազ առաջացնող մթերքներ: Լոբազգիները, թարմ սոխը, կանաչ տաքդեղը, թարմ կաղամբը (բանջարեղեններն անվնաս են եփված վիճակում):

Դժվար է այդ երևույթի գիտական բացատրությունը տալ, բայց փորձն ապացուցում է, որ դրանք թարմ վիճակում օգտագործելու դեպքում փոքրիկի փորիկում գազեր են առաջանում:
   
Հարկավոր է ճշտել, թե որ մթերքներն են կաթի միջոցով վնասում փոքրիկին: Անհրաժեշտ է կիրառել հետևյալ եղանակը.

-Հարկավոր է կազմել կերակրող մոր սննդի մեջ օգտագործվող այն մթերքների ցուցակը, որոնք ավելի կասկածելի են թվում, և դրանց դիմաց գրանցել երեխայի վարքագիծը` անհանգստություն, լաց, խիթեր, ուռած փորիկ, փորկապություն կամ լուծ, գազեր, գիշերն անհասկանալի պատճառով արթնանալ, հետանցքի շուրջը կարմիր շրջան:

-Հարկավոր է դադարեցնել կասկածելի մթերքնեից մեկի կամ անհրաժեշտության դեպքում` բոլոր կասկածելի մթերքների օգտագործումը մոր սննդի մեջ 10-14 օրվա ընթացքում` ուշադիր հետևելով երեխայի վարքագծին: Եթե երեխայի անհանգստությունը շարունակվում է, ուրեմն պատճառը մոր սնունդը չէ:

-Եթե երեխայի անհանգստության նշաններն անհետացել կամ պակասել են, որոշ ժամանակ անց կարելի է նորից օգտագործել կասկածելի մթերքները: Եթե 24 ժամվա ընթացքում պահպանվում է երեխայի անհանգիստ վիճակը, պետք է ժամանակավորապես հրաժարվել այդ մթերքներից: Ճիշտ է, կերակրող մայրերը հաճախ անսխալ կռահում են երեխային վնասող մթերքները, բայց այս եղանակը բացառում է սխալը: Որոշակի գրգռիչ մթերքների նկատմամբ երեխայի վերաբերմունքը զրկում է նրան շատ օգտակար նյութերից, բարեբախտաբար այն հաճախ ժամանակավոր բնույթ է կրում, և որոշ ժամանակ անց կերակրող մայրը կրկին կարող է օգտագործել իր սիրած մթերքները:

Babycare.am