Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը բնորոշ է միայն բանական էակին (homo sapiens): Կարելի է լիակատար վստահությամբ ասել, որ կենդանական աշխարհի ներկայացուցիչները չեն տառապում այդ հիվանդությամբ. հիպերտոնիան ներհատուկ է միայն մարդ արարածին: Սակայն, այդ հիվանդությամբ կարելի է ոչ միայն լիարժեքորեն ապրել, այլև բավականին արդյունավետորեն պայքարել դրա դեմ:

Դժվար է հավատալ, որ մինչև 19-րդ դարի կեսերը մարդիկ նույնիսկ չէին լսել բարձր զարկերակային ճնշում կոչվող պրոբլեմի մասին: Ավելին, արյան ճնշման կտրուկ տատանման հետևանքով հիվանդի գիտակցության կորստի առաջին պաշտոնական դեպքը գրանցվել էր միայն 20-րդ դարի  30-ական թվականներին եվրոպական երկրներից մեկում: Այդ ժամանակ ո՛չ Արևելքում, ո՛չ էլ Ասիայում կամ Աֆրիկայում, որտեղ ուրբանիզացիան այդ տարիներին շատ ցածր մակարդակի վրա էր, չէին դիտարկվել նման դեպքեր: Եվ միայն նախորդ դարի 70-ական թվականներին ամբողջ քաղաքակիրթ աշխարհն իր վրա լիարժեքորեն զգաց հիպերտոնիկ հիվանդությունների ամբողջ «հմայքը»:

Ո՞ր ճնշումն է համապատասխանում նորմային

Զարկերակային ճնշում չափելը շատ պարզ գործընթաց է, սակայն պետք է հստակորեն իմանալ, թե որ թվերն են համապատասխանում նորմային: Անկախ սեռից՝ երիտասարդների և լիակատար առողջ մարդկանց մոտ նորմալ ճնշում է համարվում 110/70-120/80  ս.ս. մմ-ը:

Տարիքի հետ թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց մոտ ճնշումը բարձրանում է, ինչին զգալիորեն նպաստում են երկարաժամկետ զգացմունքային ծանրաբեռնվածությունը, սթրեսային իրավիճակները, հիպոտոնիան, աթերոսկլերոզը, կերակրի աղի շատ օգտագործումը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը: Այսպիսով՝ զարկերակային ճնշման նորմալ թվեր են համարվում 140/90 սնդիկի սյան մմ-ը:  

Նշված ցուցիչներից բարձր դրսևորվող բոլոր չափումները վկայում է հիպերտոնիայի զարգացման ռիսկի մասին, հատկապես, եթե ճնշման նման բարձրացումներ գրանցվում են տարվա ընթացքում երկու և ավելի անգամներ:

Հիպերտոնիայի ախտանշանները

Բարձր զարկերակային ճնշումը սովորաբար ուղեկցվում է գլխացավով, ընդհանուր թուլությամբ, աչքերի առաջ կետերի առաջացմամբ, տեսողության սրության նվազեցմամբ, գլխապտույտով և անքնությամբ: Այս նշանները դրսևորվում են հիպերտոնիկ հիվանդությունների առաջացման ամենավաղ փուլերում:

Ավելի ուշ, ախտանշանների սրացմանը զուգահեռ պահանջվում են հետազոտությունների այլ՝ գործիքային և լաբորատոր մեթոդներ:  Հետագա փոփոխությունները դրսևորվում են հետևյալ կերպ. սրտի կծկումների ռիթմի խախտում, սրտի աղմուկի առաջացում, որի սահմաններն այդ ժամանակ զգալիորեն տեղաշարժվում են դեպի ձախ: Դրա հետևանքով սկսում են տուժել գլխուղեղի անոթները, որի արդյունքում  մեծանում է հիպերտոնիկ կրիզի առաջացման վտանգը, ինչը հանդիսանում է հիպերտոնիկ հիվանդությունների առավել վտանգավոր բարդություն:  

Սկզբնական փուլերում հիպերտոնիկ կրիզը կրում է համեմատաբար «անվնաս» բնույթ և դրսևորվում է վերը ներկայացված բոլոր ախտանիշներով՝ ուղեկցված սրտխառնոցով, փսխումով, քրտնարտադրությամբ, ինչպես նաև՝ այտերի վրա կարմիր գծերի առաջացմամբ: Նման նոպաները համեմատաբար կարճատև են՝ձգվելով մի քանի րոպեից՝ մինչև մի քանի ժամ:

Կրիզի առավել բարդ ձևը զարգանում է աստիճանաբար, սակայն նրա ախտանշաններն անհամեմատ վտանգավոր են. հիվանդները կարող են բողոքել  վերջույթները զգայունակության նվազեցումից, սրտի ցավից, հիվանդի շրջապատը նկատում է հիվանդի  շփոթվածություն և խոսքի խանգարումներ:

Հիպերտոնիայի բուժումն առանց դեղերի

Հաշվի առնելով, որ հիպերտոնիկ հիվանդությունները կարող են հանդես գալ ինչպես որպես առանձին հիվանդություններ, այնպես էլ՝ առավել ծանր հիվանդություններին  ուղեկցող ախտանշաններ, ապա բժշկին դիմելը պարտադիր է:

Սակայն բացի բժշկի կողմից տրված բուժման սխեմայի և նրանց կողմից նշանակված դեղամիջոցների, պետք է նաև իմանալ հիմնական բուժմանը համալրող ժողովրդական և տնային  միջոցների օգտակարության մասին:

Հիպերտոնիկ հիվանդության ամենավաղ, սկզբնական փուլում հիպերտոնիկ հիվանդությունների դեպքում կարելի է զերծ մնալ դեղամիջոցներից և կարգավորել զարկերակային ճնշման աննշան բարձրացումը բուժական խոտաբույսերի միջոցով:

Կատվախոտը, ալոճենին (боярышник) և առյուծագը (пустырник) –ը լայնորեն հայտնի են որպես հանգստացնող խոտաբույսեր, որոնց թուրմը շատ արդյունավետ է գործում նյարդային գրգռվածության դեպքում:

Շատ օգտակար է երիցուկի, մեղվախոտի, անանուխի, սրոհունդի (зверобоя) ծաղիկների, ինչպես նաև՝ գայլուկի կոնի  խառնուրդից թեյի պատրաստումը:  Եթե ձեռքի տակ չկան նշված խոտաբույսերից որևէ մեկը, ապա պետք չէ հուսահատվել. ճնշում իջեցնող թեյի պատրաստման համար բավարար է երկու-երեք բաղադրիչների առկայությունը:

Շատ կարևոր է հիշել, որ լայնորեն հայտնի և տարածված վիտամին С-ն կարող է զգալիորեն ամրացնել թուլացած անոթային պատը և նպաստել սրտամկանների աշխատանքին:  Հետևաբար, պետք է փորձել սննդի մեջ օգտագործել այդ վիտամինով հարուստ մթերքներ. օրինակ՝ մեղր, սև պտուղներով սնձենի և մասուր, իսկ սովորական սև թեյի փոխարեն՝ խմել կանաչ թեյ:

Ստորև ներկայացված են հիպոթենզիվ ազդեցություն ունեցող մի քանի պարզ բաղադրատոմսեր.

Մեկ բաժակ գոլ հանքային ջրում խառնել մեկ ճաշի գդալ մեղր և կես լիմոնի հյութ: Միանգամից խմել ամբողջ լուծույթը, և կրկնել այս պրոցեդուրան օրական մեկ անգամ մեկ շաբաթվա ընթացքում:

Երկու բաժակ լոռամրգին (կարելի է օգտագործել սառեցվածը) խառնել երեք ճաշի գդալ շաքարի փոշու հետ և խմել ամբողջ բաժինը օրական մեկ անգամ ուտելուց մեկ ժամ առաջ. կրկնել 7-10 օր:

Հաջորդ երկու թուրմերի պատրաստումը պահանջում է ավելի  շատ ջանք և ժամանակ.

3 կգ գլուխ սոխից քամել հյութը: Հետո այն խառնել 500 գրամ մեղրի և 25 գրամ հունական ընկույզի հետ: Ստացված զանգվածին ավելացնել 0,5 լ օղի և թողնել, որպեսզի այն թրմվի10 օր: Հետո խմել 1 ճաշի գդալ թուրմը օրական 2-3 անգամ:

Խառնել չորսական բաժակ բազուկի հյութ և մեղր, ավելացնել 100 գրամ ճահճային անմեռուկ և 0,5 լ օղի: Մութ և սառը տեղում 10 օր թրմելուց հետո խառնուրդը քամել և մզել: Խմել մեկական գդալ ուտելուց 30 րոպե առաջ: