Ըստ վիճակագրական տվյալների, տարեկան մոտավորապես 2.5 միլիոն մարդու մոտ հայտնաբերվում է լեղաքարային հիվանդություն, որոնց հիմնական մասը ենթարկվում է վիրահատական միջամտության: Նշվում է նաև, որ վիրահատական միջամտության ենթարկված հիվանդների թվով այս հիվանդությունն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը: 

Հաշվի առնելով լեղաքարային հիվանդությունների տարածվածության մասշտաբները՝  Ուիգմոր Քլինիքի ընդհանուր վիրաբույժ Կարեն Գրիգորյանի հետ խոսել ենք հիվանդության առաջացման պատճառների, բուժման եղանակների և թեմային առնչվող կարևոր հարցերի շուրջ: 

Ի՞նչ է իրենցից ներկայացնում լեղաքարային հիվանդությունը:

Լեղաքարային հիվանդությունը (cholelithiasis) բնութագրվում է լեղապարկում կամ ավելի հազվադեպ լեղածորաններում քարերի առաջացմամբ: Լեղապարկում առաջացող քարերը իրենց բաղադրությամբ բաժանվում են մի քանի տեսակների: Դրանց առաջացման հիմնական պատճառը լեղու բաղադրության և լեղու հոսքի խանգարումներն են, այսինքն՝ լեղու կազմը որոշակի փոփոխությունների ենթարկվելով, սկսում է խտանալ և ի վերջո քար է առաջանում:
Քարագոյացում տեղի է ունենում նաև լեղու հոսքի խանգարումների պատճառով, երբ լեղապարկում լեղու կանգ է լինում: 
Լեղապարկի քարերը սովորաբար սկզբնական շրջանում մարդկանց չեն անհանգստացնում: Դրանց անվանում են «համր քարեր»: Շատ հաճախ դրանք հայտնաբերվում են պատահականորեն, երբ հիվանդն այլ պատճառներով հետազոտվում է: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ ի սկզբանե առաջանում է սուր խոլեցիստիտի (լեղապարկի բորբոքման) երևույթներ՝ սուր ցավեր աջ թուլակողմում, սրտխառնոց, փսխման երևույթներ և այլն, ինչի պատճառով հիվանդը ընդհուպ շտապօգնություն է հրավիրում, կամ անձամբ դիմում է որևէ ստացիոնար:

Իսկ ո՞ր ախտանշանների առկայությունը կարող է հուշել լեղաքարային հիվանդության մասին, ե՞րբ անհանգստանալ:

Հիվանդության բնորոշ որոշ ախտանշանները շատ ընդհանրական են և կարող են առաջանալ որովայնում տարբեր պաթոլոգիաների ժամանակ: Սակայն, փորձառու վիրաբույժը, հիմնվելով օբյեկտիվ զնման վրա և կատարված հետազոտությունների արդյունքում, առանց մեծ դժվարության, կարող է ախտորոշել նշված հիվանդությունը։ Այնուամենայնիվ,հիվանդները, որոնց մոտ առաջանում են դիսկեպտիկ երևույթներ, մարսողության խանգարումներ, բերանում դառնության զգացողություն՝ հատկապես արտահայտված առավոտյան ժամերին, պարբերաբար անհանգստացնող ցավեր, կամ ծանրության զգացողություն աջ թուլակողում (աջ կողաղեղից ներքև), պետք է հիշեն լեղաքարային հիվանդության հավանականության մասին և անպայման հետազոտվեն։:
Հարկ է նշել, որ այս ախտանշանները կարող են ի հայտ գալ աղեստամոքսային տրակտի հիվանդություններից յուրաքանչյուրի ժամանակ, և հիվանդները նման դեպքերում պարզապես չեն կողմնորոշվում: Երբեմն լեղաքարային հիվանդությունը և լեղապարկի բորբոքումը հիվանդները նույնականացնում են, սակայն անհրաժեշտ է հիշել, որ լեղաքարային հիվանդությունը դա լեղապարկում, լեղածորաններում քարագոյացման նպաստող վիճակներն են։ Լեղապարկի բորբոքումը, ինչպես հուշում է անվանումը, դա լեղապարկի պատերի բորբոքումն է այս կամ այն պատճառով, այդ թվում քարերի առկայության հետևանքով։ Լեղապարկի բորբոքմանը կարող են նպաստել նաև դիետայի խախտումը, ծանր ֆիզիկական աշխատանք կատարելը կամ սուր սթրեսային իրավիճակներում հայտնվելը: Սակայն պետք է հիշել, որ լեղապարկի բորբոքում կարող է առաջանալ նաև առանց քարերի առկայության, որի առաջացման մեխանիզմը փոքր ինչ այլ է։ 

Իսկ հայտնի՞ է որևէ վիճակագրություն ըստ որի կարելի է հասկանալ, թե ովքե՞ր են առավել հակված ունենալ լեղաքարային հիվանդություններ:

Այո, կանայք առավել շատ են հակված լեղաքարային հիվանդության՝ գրեթե 4։1 հարաբերակցությամբ:  Սա պայմանավորված է քարագոյացման մեխանիզմներով. մասնավորապես մարդու նստակյաց կյանքը, դինամիկան, խոլեստերինի բարձր թվերի հանդեպ հակվածությունը, որը կանանց մոտ առավել արտահայտած է: Եվս մեկ կարևոր պատճառ է հորմոնալ ֆոնը, ինչը նույնպես կարող է նպաստել քարագոյացմանը:
Տարիքային շեմ գոյություն չունի, բայց  հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է բարձր տարքի մարդկանց մոտ: Օրինակ՝ հիվանդների մոտավորապես 30 տոկոսը 60 տարեկանից բարձր մարդիկ են:

Ինչպե՞ս է բուժվում լեղաքարային հիվանդությունը, արդյունավե՞տ է արդյոք դեղորայքների ընդունումը, թե՞ վերջնական լուծումն, այնուամենայնիվ, վիրահատությունն է:

Գոյություն ունեն լեղաքարային հիվանդության բուժման մի շարք մեթոդներ, սակայն դրանցից ոչ մեկը ռադիկալ մոտեցում չէ և վերջնական բուժումը վիրահատականն է, առավել ևս, երբ լեղաքարային հիվանդությունն ուղեկցվում է խոլեցիստիտով: Դեղարայքային բուժումն առավել արդյունավետ է, երբ լեղու բաղադրությունը կամ հոսքը փոփոխված են, սակայն դեռևս քարեր չեն առաջացել կամ առաջացած քարերը շատ փոքր են։ Բուժման նպատակն է վերը նշված խնդիրների կարգավորումը։


Ընդանրացնելով վերը նշվածը՝ կարելի է ասել, որ լեղաքարային հիվանդության և խոլեցիստիտի դեպքում վերջնական բուժումը վիրահատական միջամտությունն է, որը կարելի է իրչականացնել  որովայնահատման և լապարոսկոպիկ եղանակով: Ժամանակակից բժշկության մեջ ընտրության մեթոդը լապարոսկոպիկ եղանակն է, և միայն հակացուցումների դեպքում է անհրաժեշտ դիմել որովայնահատման:

Լապարոսկոպիկ վիրահատության առավելությունն այն է, որ այս դեպքում իրականացվում են փոքր կտրվածքներ (առավելագույնը` մոտ 1 սմ կտրվածք): Վիրահատությունից հետո վերականգնումը հիմնականում տևում է 1 օր: Հիվանդներին թույլատրվում քայլել արդեն հետվիրահատական ութերորդ ժամից սկսած։ Վիրահատման այս եղանակը ներկայումս մեծ տարածում ունի, հասանելի է գրեթե բոլորին, և համարվում է այս հիվանդության դեպքում լավագույն մեթոդը։ 

Ինչի՞ կարող է հանգեցնել լեղաքարային հիվանդության ժամանակ անհետևողականությունը՝ չստուգվելը, վիրատական միջամտությունից հրաժարվելը։

Այդ դեպքում հնարավոր բարդություններից են լեղապարկի բորբոքումը, բորբոքման պրոցեսի տարածումը հարևան օրգանների և հյուսվածքների վրա, լեղապարկի թափածակում, լեղածորանների բորբոքումը։


Հորդորում եմ զերծ մնալ տնային պայմաններում ինքնաբուժությունից։ Նշված բարդություններից յուրաքանչյուրը կարող է ճակատագրական լինել, և նույնիսկ բժշկությունը ի զօրու չի լինի որևէ օգնություն ցուցաբերելու։ Անկախ ամեն ինչից, լեղաքարային հիվանդությամբ անձը պետք է հետևողական լինի, դիմի փորձառու բժշկի և առաջնորդվի նրա խորհուրդներով։ 


Նշեմ, որ լեղաքարային հիվանդությամբ զբաղվում են գաստրոէնտերոլոգները, իսկ վիրահատության ցուցման առկայության դեպքում՝ վիրաբույժները։ Այնպես որ դիմեք մասնագետի, հետևողական եղեք նրա կողմից սահմանված սննդային և դեղորայքային ցուցումներին։

Բոլորին հորդորում եմ պարբերաբար հետազոտվել. մինչև 40 տարեկան անձիք՝ նվազագունը տարին մեկ անգամ, դրանից հետո՝ վեց ամիսը մեկ անգամ։

Եվ վերջում, վիրահատությունից հետո օրգանիզմն ունի՞ արդյոք հիվանդության կրկնման հավանականություն:

Վիրահատության ժամանակ լեղապարկը հեռացվում է ամբողջությամբ և հետևաբար եթե այլևս չկա լեղապարկ, ապա դրանում քար առաջանալու հավանականություն չկա։ Սակայն կան դեպքեր, երբ քարերն առաջանում է լեղածորանում՝ նույնիսկ լեղապարկը հեռացնելուց հետո։ Եթե վիրահատության ընթացքում հնարավոր չի լինում հեռացնել լեղապարկի վզիկը՝ պայմանավորված բորբոքային պրոցեսի կամ անատոմիական առանձնահատկություններից և և նրա մի հատվածը մնում է՝ հնարավոր է հենց վզիկում գոյանան քարեր։ Վերհիշելով քարագոյացման մեխանիզմները, որոնց մեջ դեր ուներ լեղու բաղադրությունը, հետվիրահատական շրջանում կաող է անհրաժեշտություն առաջանալ դեղորայքային բուժման՝ ուղված լեղու բաղադրության շտկմանը։ Հետվիրահատական խնամքն ու հսկողությունը շատ կարևոր են։  


Պատրաստեց Արմինե Սարգսյանը